Տնտեսության մեջ փող ներդնելու տեղ չկա, մարդիկ պետական պարտատոմս են առնում․ Սուրեն Պարսյան

Տնտեսության մեջ փող ներդնելու տեղ չկա, մարդիկ պետական պարտատոմս են առնում․ Սուրեն Պարսյան

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը երեկ գրել էր, որ hոկտեմբերի 13-ին տեղի է ունեցել 2050 թվականի հոկտեմբերի 29-ին մարվող 9.75 տոկոս արժեկտրոնային եկամտաբերությամբ պետական գանձապետական երկարաժամկետ՝ 30 տարի մարման ժամկետով պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ՝ 20 մլրդ դրամ ծավալով: Իսկ պահանջարկը 2.5 անգամ գերազանցել էր առաջարկը՝ կազմելով 50 մլրդ 123 մլն դրամ: «Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.3226 տոկոս է, իսկ սահմանային եկամտաբերությունը` 9.3900 տոկոս: Հոկտեմբերի 14-ին տեղի ունեցած լրացուցիչ աճուրդի ընթացքում տեղաբաշխվել է ևս 3.99 մլրդ դրամ ծավալով պարտատոմս: Տեղաբաշխումից ստացված ընդհանուր հասույթը կազմել է 26 մլրդ դրամ»,- գրել էր տնտեսագետ պատգամավորը՝ հավելելով, որ սա «վստահություն» է, հասարակությունը 30 տարով պարտք է տալիս պետությանը։

Այս թեմայով «Հրապարակը» զրուցել է Հայ Հեղափոխական Դաշնակցության Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ։ 

Պարսյանի խոսքերով՝ Հայաստանն այս տարվա ընթացքում ավելացրել է իր պետական պարտքը, այս տարվա հաշվարկներով՝ արդեն մոտ 700 միլիոն դոլարի չափով։

«Պետական պարտքը լինում է ներքին և արտաքին։ Արտաքինը, երբ որ դրսի ֆինանսական կազմակերպություններից է ձեռք բերվում, ներքին, երբ որ դրամական պարտատոմսեր են բաշխվում տնտեսության մեջ։ Այլ կերպ ասած՝ տնտեսության միջից դրամ են հավաքում պետական կարիքների համար: Ամեն տարի պետությունը նման պարտատոմսեր թողարկում է, բացի այս վերջին տարիների ընթացքում դրամային պարտատոմսերի ծավալն ավելի է մեծացրել պետությունը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ, օրինակ, պետության համար ձեռնտու է պետական պարտքը լինի դրամով, քան արտարժույթով։ Քանի որ արտարժույթը կարող է ավելի թանկ արժենալ պետության համար։ Ենթադրենք՝ դրամն արժեզրկվի, ստիպված են լինելու ավելի շատ վճարել արտաքին պարտքը սպասարկելու համար, դրա համար դրամայինն ավելի ձեռնտու է, քանի որ հարկերը հավաքվում են դրամով և վճարումն էլ կատարվելու է դրամով»,- պարզաբանեց տնտեսագետը։

Նրա խոսքերով՝ ողջունելի կամ ձեռնտու է, երբ որ դրամային ձևով է պարտքն ավելանում, քան դոլարով կամ եվրոյով, սակայն պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, թե այդ գումարները որտեղից են հավաքվում։ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր տնտեսության մեջ ներդրումների ծավալը կրճատվում է վերջին տարիների ընթացքում, պետությունը դրամը վերցնում է տնտեսության միջից, երբ որ այդ գումարը կարող էր կամ պետք է ներդրումներով լիներ։ Փաստորեն ունենք մի իրավիճակ, երբ որ տնտեսության մեջ ներդրում տեղի չի ունենում, և մարդիկ կամ բիզնեսմենները, որոնք գումար ունեն, նախընտրում են գումարը դնել ոչ թե բիզնեսի մեջ, այլ՝ ուղղակի պետությանը պարտքով տալ։ Սա, կարծում եմ, ո՛չ կարճաժամկետ, ո՛չ երկարաժամկետ տեսանկյունից լավ երևույթ չէ։ Եվ չպետք է ոգևորվել նրանով, որ ենթադրենք՝ մեր դրամական պարտատոմսերի նկատմամբ պահանջարկը մեծ է, քան մենք առաջարկում ենք։ Դա նշանակում է, որ տնտեսության մեջ փող ներդնելու տեղ չկա, մարդիկ դրա համար պետական պարտատոմս են առնում։ Պետք է նաև այս երևույթին անդրադառնալ․ պետության տեսանկյունից լավ է, բայց բիզնեսի տեսանկյունից, տնտեսության տեսանկյունից, աշխատատեղերի տեսանկյունից լուրջ մտահոգության տեղիք է առաջացնում»,- ընդգծեց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատուն։

Տեղի է ունեցած լրացուցիչ աճուրդում տեղաբաշխվել է ևս 3.99 մլրդ դրամ ծավալով պարտատոմս, իսկ տեղաբաշխումից ստացված ընդհանուր հասույթը կազմել է 26 մլրդ դրամ։ 

Հարցին, թե սա բնակչության վրա ինչպե՞ս կազդի, ի՞նչ «վստահության» է խոսքը վերաբերում, Պարսյանը պատասխանեց, որ «վստահության» վերաբերյալ պնդումը նշանակում է, որ պետական համակարգի, պետական բյուջեի նկատմամբ վստահությունը մեծ է, մարդիկ չեն վախենում իրենց գումարը տալ պետությանը։ «Ենթադրենք՝ իրենք մտահոգություն ունենային, որ պետությունը չի կարող սպասարկել պարտքը, կարող է բանկրոտ լինել և այլն, իրենք բնականաբար պետությանը գումար չէին վստահի։ Բայց էլի եմ ասում, միանշանակ պետության տեսանկյունից շատ կարևոր է, ողջունելի է, բայց տնտեսության տեսանկյունից էլ պետք է հասկանանք։ Մարդիկ այս պահին ներդնելու տեղ չունեն, պետական պարտատոմսեր են ձեռք բերում ցածր տոկոսադրույքով։ Այսինքն՝ նույն այդ 9․7 տոկոսը բիզնեսի համար բավական է։ Այսինքն՝ իրենք չեն կարողանում բիզնես դնել, որ 15 տոկոս եկամուտ ապահովեն, տանում են պետական պարտատոմսերի մեջ են դնում»,- շարունակեց նա։ 

Հարցին՝ սա բնակչության վրա ինչպե՞ս կազդի, Սուրեն Պարսյանը պատասխանեց, որ սա ներդրումների կրճատում է ենթադրում, նոր աշխատատեղերի բացման հետ կապված նաև կարող են խնդիրներ առաջանալ, եղածները պահպանելու համար, տնտեսական ակտիվության համար կարող են խնդիրներ լինել։

«Սա ուղղակի պետական բյուջետային քաղաքականության համար դրական երևույթ է, այսինքն՝ պետությունը պարտք է վերցնում դրամով, և հետագայում էլ դրամով էլ կվճարի, այսինքն՝ ռիսկերը, որ արտարժույթը կարող է բարձրանալ-իջնել, դուրս է գալիս ընդհանրապես։ Կարող է դրամը արժեզրկվեր, իշխանությունները ստիպված կլինեին 1 դոլարի համար ոչ թե 490 դրամ վճարել, այլ՝ 510 դրամ, որպեսզի սպասարկեին այդ պարտքը։ Հիմա, առհասարակ պետական տեսանկյունից ձեռնտու է ազգային արժույթով պարտք վերցնելը, միանշանակ ձեռնտու է, բայց միաժամանակ սա պետք է նաև տնտեսության համակարգված, համալիր տեսանկյունից նայել, ոչ թե զուտ այս իրավիճակում։ Մենք հիմա մեր գումարները պետք է ուղղենք մեր ռազմական խնդիրների լուծմանը։ Մեր հիմնական օրակարգը պետք է լինի այս ուղղությամբ»,- նշեց   ՀՅԴ  Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատուն։

Հարցին, թե այս պարտատոմսերը գնելուն զուգահեռ ի՞նչ պետք է արվի, որ նշված բացասական երևույթները ազդեցիկ չլինեն՝ աշխատատեղի կրճատում և այլն, տնտեսագետը պատասխանեց, որ եթե տնտեսության մեջ մեծ ներդրումներ կատարված լինեին այս տարվա ընթացքում (այս պահին պատերազմական իրվիճակ է, այս պահին չի վերաբերում) հնարավոր կլիներ հասկանալ՝ մարդկանց ձեռքին ավելցուկ գումար կա, նեդրում են անում տարբեր տեղեր, իսկ դրան զուգահեռ պետության գումարը հավաքվում է տնտեսության մեջ։ «Բայց ներդրումները կրճատվում են այս պահի դրությամբ։ Պետությունը շարունակում է գումարները հավաքել, պետք է հասկանանք, որ տնտեսության մեջից ապագա ներդրումները հավաքում են, որոնք կարող էին ներդրում դառնալ։ Այսինքն՝ այս երևույթի մասին էլ, իրենք պետք է խոսեն և բացատրեն՝ այս տարվա ընթացքում (չեմ ասում պատերազմի շրջանում) ներդրումները, ներդրումային ծրագրերը որտեղ են»,- եզրափակեց Սուրեն Պարսյանը։