Համաճարակի ժամանակ անգետիկների իշխանությունից ազատվելը պարտադիր է

Համաճարակի ժամանակ անգետիկների իշխանությունից ազատվելը պարտադիր է

a) Կորոնավիրուսը պատերազմ է հայտարարել Հայաստանին,
b) Պատերազմը վարելու բեռն ընկած է իշխանության ուսերին,
c) Ով պայքարում է իշխանության դեմ, կամա թե ակամա դավաճանում է ազգին։ Պատերազմի ժամանակ ներքաղաքական պայքարը խելահեղություն է, որը ոչ մի արդարացում չունի։
Լևոն Տեր-Պետրոսյան, Պարզագույն սիլլոգիզմ:

Սիլլոգիզմի տեսության (սիլլոգիստիկա) ստեղծողը Արիստոտելն է: Սիլլոգիստիկան վերլուծել են նաև հայ մտածողներ՝ Դավիթ Անհաղթը, Հովհան Որոտնեցին, Սիմեոն Ջուղայեցին, Հովհաննես Մրքուզը, Լևոն Տեր-Պետրոսյանը և այլք։ Թող Արիստոտելը չնեղանա, բայց Հայ սիլլոգիստներից Տեր-Պետրոսյանը նրա տեսությունը հասցրել է մի նոր բարձունքի, չնայած որ դրա անհրաժեշտությունը առանձնապես չի զգացվել: Տեր-Պետրոսյանը մեծ ջանադրությամբ ցույց է տվել, որ մեկ ընդհանուր բառ (տերմին) պարունակող երկու դատողություններից (նախադրյալներից) կարելի է դեդուկտիվ մեթոդով բխեցնել մի այնպիսի մտահանգում, որ տվյալ պահի համար ամենասխալը լինելուց զատ նաև «ամենաշինիչն է»: Խեղճ սիլլոգիզմ, գլուխը ո՞ր քարով տա սրանից հետո: Բայց այնպես էլ չէ, որ Արիստոտելի տեսությունը Հայաստանում ապագա չունի: Սիլլոգիստիկայի ջահն այսօր վառ է պահում Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը: Նրա գրչին է պատկանում հետևյալ անկրկնելի սիլլոգիզմը. «Կոկորդիլոսը կաթնասուն չէ, որոշ կաթնասուններ ջրային կենդանիներ են, հետևաբար, որոշ ջրային կենդանիներ կոկորդիլոս չեն»: Ես կասեի՝ պարզունակ և հանճարեղ:

Ինչո՞ւ է Տեր-Պետրոսյանն այնքան բարդացրել պարզագույն սիլլոգիզմը, որ մարդիկ ընկնում են շփոթության մեջ ու «չեն ջոկում»՝ ինչ է ուզում ասել: Այս հարցին պատասխանելու համար պետք է մոտ 1 ամիս հետ գնալ, երբ նույն Տեր-Պետրոսյանը հանդես էր եկել նախկին նախագահներին ուղղված կոչով՝ ցուցաբերել պետական մտածողություն և այս դժվարին օրերին աջակցել գործող իշխանություններին: Խոսքը դարձյալ կորոնավիրուսի, պատերազմի և այդ պատերազմում իշխանությունների կողքին կանգնելու մասին էր: Ինչպես տեսնում ենք, Տեր-Պետրոսյանը զարգացրել է ասելիքը, ավելի ճիշտ՝ խստացրել և այսօր արդեն «ազգի դավաճան» է անվանում անգետիկների իշխանության դեմ պայքարողներին:

Ճի՞շտ է վարվում, արդյոք, առաջին նախագահը, «դավաճանություն» որակելով համաճարակի դեմ պայքարը տապալած իշխանություններին քննադատող մարդկանց ու կազմակերպությունների պայքարը, մանավանդ որ անգետիկների ապիկարությունն այսօր չեն քննադատում միայն ալարողները, ինքն ու անգետիկները: Ի՞նչ է առաջարկում ռահվիրան՝ անգետիկների նման նստենք ու հետևենք թե ինչպե՞ս է վերանում ազգը: Թե բա պատերազմ է՝ Նիկոլին բան չասեք: Պատերազմող երկրի խորհրդարանն, ասա, պատերազմի մասին որևէ հարց քննարկած կա՞, գնահատական տված կա՞ պատերազմող «գեներալներին»:

Ասես ոչինչ չի պատահել՝ կոնվենցիա են ընդունում, ՍԴ-ն ցրելու հանրաքվեն են չեղարկում... Ոչ, պարոն նախագահ, անգետիկ մեծամասնությունը պետք է հեռանա, պետք է հեռանա հենց հիմա, պետք է հեռանա անվերադարձ: Մեզ պետք է մարդ, որ ոչ թե ամբախ-զամբախ դուրս տա, 5 րոպեն մեկ որոշում փոխի, այլ ռազմավարություն դնի այս պայքարի հիմքում, հստակ ծրագիր ներկայացնի, որտեղ նշված կլինեն թե վարակի հաղթահարման քայլերը, թե այն միջոցառումները, որոնք կկասեցնեն երկրի տնտեսության վերջնական փլուզումը և թե այն մեխանիզմները, որոնք հնարավորություն կտան մեղմել ահագնացող սոցիալական խնդիրները: Պատրա՞ստ են անգետիկները մի կողմ քաշվել և իրավիճակը փրկելու ունակ մենեջերներին թողնել հրապարակը: Ավաղ՝ ոչ: Իսկ նա, ով այս իշխանություններին կասի՝ մի կողմ քաշվեք, դուք ճակատագրական սխալներ եք թույլ տալիս, Տեր-Պետրոսյանի թեթև ձեռքով և պարզունակ սիլլոգիզմով կխարանվի «դավաճան» անունով:

Կորոնավիրուսն, ի դեպ, պատերազմ է հայտարարել գրեթե բոլոր երկրներին՝ ողջ մարդկությանը: Այն, ինչպես մեզ համոզում են անգետիկները, տևելու է երկար, շատ երկար: Տեր-Պետրոսյանը եկել, ասում է քաղաքական պայքարն այդ տարիներին խելահեղություն է: Բայց դա, մեղմ ասած, պարզագույն մանիպուլյացիա է: Կորոնավիրուսի սանձազերծման օրվանից քաղաքական պայքարը մեկ օր անգամ չի դադարել աշխարհում, եթե չասեմ, որ հենց քաղաքական բանավեճերի արդյունքում են աշխարհի շատ երկրների իշխանություններ սրբագրել իրենց մոտեցումներն ու կորոնավիրուսի դեմ պայքարի մեթոդները: Բայց դու արի ու քաղաքական բանավեճ սկսիր անգետիկների հետ: Տեր-Պետրոսյանը դուրս կգա վարագույրի հետևից ու, չիբուխը քաշելով, քեզ կանվանի դավաճան:

Եվ, քանի որ արդեն ասել է, իսկ խոսքն էլ խոսք է բերում, մենք էլ մի այսպիսի հարցադրում անենք՝ ո՞վ է դավաճանը, երբ երկրին պատերազմ է հայտարարել կորոնավիրուսը: Անգետիկնե՞րը, որ ունենալով կորոնավիրուսի դեմ պայքարի բոլոր հնարավորություններն ու լծակները, մտահոգված են միայն իրենց իշխանության պահպանմամբ, թե՞ նրանք, որ այդ իշխանություններին կոչ են անում հեռանալ ու չկործանել ամեն ինչ: Նրա՞նք, որ իրենց շինիչ ելույթներով փեշերը փռում են անգետիկների իշխանության վրա , թե՞ նրանք, որ փորձում են կասեցնել ձախավեր իշխանությունների կործանարար ընթացքը: