Երկիրը վտանգի տակ է, վտանգները օրեցօր խորանում են. Սաղաթելյան

Երկիրը վտանգի տակ է, վտանգները օրեցօր խորանում են. Սաղաթելյան

Մենք երբեք չպետք է համակերպվենք այս պարտության հետ։ Այս ծնկի իջած վիճակից մենք պիտի դուրս գանք , իսկ այսօրվա մեր հիշատակի երթը հայտնի է նաեւ իբրև այդ խորհուրդով։ Այս մասին քիչ առաջ դեպի Եռաբլուր ջահերով երթի մեկնարկից առաջ  լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ Նշենք ,երթը նախաձեռնել է «Հայաստան» խմբակցությունը։ Նրանց կմիանա նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Այո, մենք ոտքի ենք կանգնելու ու տեր ենք կանգնելու մեր երկրին, մեր հայրենիքին։ Հանուն հայրենիքի մեր տղերքի թափած արյունը իզուր չի անցնելու և իրենց գործը շարունակողներ լինելու են։ Մենք այս վիճակից դուրս ենք գալու։ Իսկ երկրում ստեղծված ճգնաժամը շարունակում է մնալ չհաղթահարված, որովհետև երկիրը աղետի բերած ճգնաժամ ստեղծողները շարունակում են մնալ իշխանության։ Այսօր մեր երկիրը վտանգի տակ է, Հայաստանին սպառնացող վտանգները օրեցօր խորանում են, իսկ օրվա իշխանությունը չի կարողանում այդ վտանգները չեզոքացնել»,- ասաց Սաղաթելյանը։