Եթե երկիրն ԱՄՆ-ը չլիներ, նոր մարտահրավերներն էլ չլինեին, կարելի էր ասել՝ յուրային է, նշանակել է

Եթե երկիրն ԱՄՆ-ը չլիներ, նոր մարտահրավերներն էլ չլինեին, կարելի էր ասել՝ յուրային է, նշանակել է

«Հրապարակ»-ի հարցազրույցը ՀՀ նախկին փոխարտգործնախարար Ռոբերտ Հարությունյանի հետ։

- Պարոն Հարությունյան, ԱԺ ԻՔ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի նշանակումը ԱՄՆ-ում ՀՀ և արտակարգ լիազոր դեսպանի պաշտոնում ինչպե՞ս եք գնահատում։ Երկրում պրոֆեսիոնալ դիվանագտնե՞ր չկային։

- Ես կարծում եմ, որ իրականում սխալ որոշում է, և սխալ է մի քանի նկատառումներից ելնելով։ Առաջինն այն է, որ ՀՀ արտգործնախարարության համակարգում միանշանակ պետք է ներգրավվեն պրոֆեսիոնալներ հատկապես այս ծանր վիճակում և  հատկապես՝ ԱՄՆ-ում որպես դեսպան նշանակվելիս պետք է լինեն շատ փորձառու, ոնց որ ասում են՝ դիվանագիտական կյանք ու դպրոց անցած մարդ նշանակվի, որովհետև ներկայիս փուլում մարտահրավերներն էնքան մեծ են և բազմաբույթ։ Երկրորդը, ԱԳՆ-ն մշտապես պայքարել է կարելի է ասել՝ դրսից դիվանագետներ ներգրավվելու գաղափարի դեմ, քանի որ անհրաժեշտ է, որպեսզի ներսում կադրերը աճեն, մեծանան, զարգանան ու մոտիվացիա ունենան՝ իմանալով, որ վաղը մյուս օրը, իրենք նույնպես կարող են նշանակվել դեսպաններ և կարող են ծառայել ՀՀ-ին իրենց բագաժով ու փորձառությամբ։ Եվ երրորդը՝ կարծում եմ՝ այս փուլում շատ կարևոր է այդ պաշտոնում մի այնպիսի մարդ նշանակել, որը արդեն ունի որոշակի հարաբերությունների մի  կարելի  ասել՝ պատմություն ԱՄՆ շրջանակների հետ։ Թեկուզ հայ համայնքի հետ։ Դրա համար, կարծում եմ՝ սա հերթական ոչ ճիշտ նշանակումն է, որն արդեն իսկ կարող ենք պնդել, բայց կարծում եմ՝ առաջիկայում դրանում իսկ կհամոզվենք վերջնականապես։

- Այնուամենայնիվ, Սերժ Սարգսյանի ժամանակ էլ դրսի դեսպաններ կային, որոնցից Նիկոլ Փաշինյանը փորձեց առաջինն ազատվել։ Բացառությամբ Վրաստանի դեսպանի։

- Մենք շատ ենք լսում, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է  ձերբազատվել ինչ-որ հին, շատ դեպքերում՝ հորինված խնդիրներից ու տեսնում ենք, որ իրականում ոչ թե ձերբազատվում է, այլ վատթարացնում է վիճակը։ Ինչ վերաբերում է Ձեր այդ հարցին, ապա այդ դեսպանները, այո, կային, բայց չէին նշանակվում շատ առանցքային  տեղերում։ Նման հարցերին շատ նրբանկատ էին մոտենում։ Իհարկե, կային դեսպաններ, որոնց առջև դրված էր հիմնականում տնտեսական հարաբերությունների զարգացումը և դրանից ելնելով՝ կարող էին նշանակվել դեսպաններ, որոնք ունեին տնտեսական կամ տնտեսագիտական անցյալ կամ բեքգարունդ։ Բայց սա այն դեպքը չէ․ էլի եմ ասում՝ հիմա այլ իրավիճակ է․ եթե չլինեին այս նոր մարտահրավերները, եթե չլիներ Միացյալ նահանգները, կարել էր ասել՝ յուրային է, վստահելի է, եկեք էդ մարդուն նշանակենք։