ԽԾԲ դրսևորումներ ՀՀ գլխավոր դատախազությունում

ԽԾԲ դրսևորումներ ՀՀ գլխավոր դատախազությունում

Օրերս «Հրապարակն» անդրադարձել էր Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանի դատախազ Ավետիս Ափիյանի պաշտոնանկության պատմությանը: Փորձառու դատախազը արտահերթ ատեստավորման արդյունքում ճանաչվել է «պաշտոնին չհամապատասխանող» և ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ազատվել աշխատանքից: Գրել էինք նաև, որ ՀՀ գլխավոր դատախազությունում այդկերպ ճանապարհ են հարթում բարձրաստիճան պաշտոնյաների զավակների համար, որոնք, չնայած անփորձությանն ու անհրաժեշտ գիտելիքների բացակայությանը, հաջողությամբ են հաղթահարում մասնագիտական ատեստավորումներն ու ձեռնադրվում դատախազ:

ՀՀ գլխավոր դատախազությունից, ինչպես և սպասելի էր, որևէ կերպ չարձագանքեցին մեր հրապարակմանը: Հավանաբար մտածել են՝ դե բան է՝ գրել են: Սակայն, մեր տրամադրության տակ հայտնված մի փաստաթուղթ, որ մեծ աղմուկ է առաջացրել դատախազությունում, մեզ ստիպում է կրկին անդրադառնալ այս պատմությանը:

Անկեղծ ասած՝ սկզբում դժվարացանք հավատալ, որ դա ՀՀ գլխավոր դատախազի նախկին օգնական Ա. Սուքիասյանի դիմումն է՝ ուղղված որակավորման հանձնաժողովին, որով նա խնդրել է իրեն թույլ տալ մասնակցել մասնագիտական ատեստավորման մրցույթին և դառնալ դատախազ: Մեր աղբյուրների վկայությամբ՝ Ա.Սուքիասյանը գլխավոր դատախազի բարեկամն է, և հենց այդ հանգամանքն է դեր խաղացել, որ նա հաջողությամբ անցնի ատեստավորումն ու դառնա դատախազ:

Ավելացնելու ոչինչ չունենք, բայց և չենք կարող թաքցնել մեր զարմանքը, թե ինչպե՞ս է նման գրագիտություն ունեցող մարդը նախ՝ աշխատել որպես ՀՀ գլխավոր դատախազի օգնական և ապա՝ ինչպես է նա այսուհետ դատարաններում մարդկային ճակատագրեր տնօրինելու:

Հիշեցնենք նաև, որ արդեն նախկին դատախազ Ավետիս Ափիյանը շարունակում է դատարաններում վիճարկել իր հանդեպ տեղի ունեցած անարդարությունը և համարում է, որ ՀՀ գլխավոր դատախազը երկակի ստանդարտներ է կիրառում յուրայինների և ոչ յուրայինների միջև: