«Տեր Աստված, օրհնիր ամբողջ աշխարհի հայերին»

«Տեր Աստված, օրհնիր ամբողջ աշխարհի հայերին»

Աշխարհի ամենահայտնի հայուհիներից մեկը՝ 73-ամյա երգչուհի Շերը (Շերիլին Սարգսյան), Twitter սոցիալական կայքի իր էջում գրառում է կատարել ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման վերաբերյալ: Երգչուհին մեծ հուզմունքով տեղեկացրել է, որ ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը, այնուհետև հիշել ժամանակները, երբ մի քանի հոգու հետ օգնության ձեռք էր մեկնել Երևանին՝ «մութ ու ցուրտ տարիների ժամանակ»:

«Օ, Աստվաˊծ իմ, ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի միաձայն ընդունումն այսօր: Տեր Աստված, օրհնիր ամբողջ աշխարհի հայերին»,- գրել է աստղը՝ հավելելով, որ երբ Երևանում ամբողջ օրվա ընթացքում միայն 2 ժամ էր ջուր և ջեռուցում լինում, նա մի քանի մարդու հետ օդանավով կենսական անհրաժեշտության պաշարներ է հասցրել Հայաստան: 

Ինչպես ավելի վաղ նշել էինք` ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատը՝ Սենատը, միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը՝ մերժելով Թուրքիայի քաղաքականությունը: