Կառուցում, կառուցում են` չեն ավարտում

Կառուցում, կառուցում են` չեն ավարտում

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն գյուղում դեռ ընթանում են թիվ 1 միջնակարգ դպրոցի նոր շենքի կառուցման աշխատանքները: 2021 թվականի դեկտեմբերից մեկնարկել են դպրոցական հին շենքի ապամոնտաժման աշխատանքները, 2022թ. հունվարի վերջերից սկսվել է նոր շենքի շինարարությունը, որը պայմանագրով նախատեսված էր ավարտին հասցնել 26 ամսվա ընթացքում: Շինաշխատանքների պատճառով դպրոցի մոտ 600 աշակերտների ուսումնական գործընթացը կազմակերպվում է գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցում` երկրորդ հերթափոխով: Հարյուրից ավելի աշակերտներ դպրոց են հասնում կտրելով 3 կմ-ից ավելի ճանապարհ: 

Գեղարքունիքի մարզպետարանը 3 ավտոբուս է հատկացրել 600 դպրոցականներին տեղափոխելու համար: Գյուղացիներին առաջնահերթ մտահոգում է, թե ինչո՞ւ խոստացված ժամկետում դպրոցը չկառուցվեց: Ներքին Գետաշենը բնակչության թվով Հայաստանի ամենամեծ համայնքն է, ըստ վարչական ղեկավար Ռուբեն Զուլոյանի՝ համայնքն ունի 9400 բնակչություն, համայնքում գործում է 2 դպրոց, 1 մանկապարտեզ: Զուլոյանից հետաքրքրվեցինք, թե երբ կշահագործվի դպրոցը, քանի որ ըստ պայմանագրի նախատեսված էր ավարտել 2024-ին. «Նախագծայինով 2025 թվականի վերջին կավարտվի, մի կորպուսն արդեն պատրաստ է, մի կորպուսը կիսատ է: Շինարարի հետ կապված խնդիր եղավ, մի որոշ ժամանակ դադարեցրեցին աշխատանքները, հետո վերսկսել են, հիմա արդեն եղանակները ցուրտ են, բայց աշխատանքներ արվում են: Մենք էլ շահագրգռված ենք, որ հնարավորիս աշխատանքերն արագացվեն, մեծ գյուղ է` մոտ 2,5 -3 կմ երեխաները ճանապարհ են անցնում, չնայած ավտոբուսի հարցը ինչ որ ձեւով լուծվել է, բայց էլի ավտոբուս է պետք»: 

Դպրոցի 1-4-րդ դասարանների 367 աշակերտները դասերը երկհերթ անցկացնում են Ներքին Գետաշենի բնակիչ Գագիկ Հովհաննիսյանին պատկանող «Գարիկ» ՍՊԸ մասնավոր շենքում, որը հարմարեցվել է դասասենյակների: Իսկ 5-12-րդ դասարանների 600 աշակերտներ, այդ թվում 45 նախակրթարանի սաներ հաճախում են թիվ 2 միջնակարգ դպրոց՝ դասերը սկսելով կեսօրին, ավարտելով 18:50: Արվել է հնարավորը, որպեսզի դպրոցական պարապմունքների ընթացքը չխաթարվի, մեզ հետ զրույցում նշեց Ներքին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրեն՝ Սյուզաննա Գալոյանը. 

«Դպրոցին կից փոքր մասնաշենք կառուցել են, որը մնացել է կիսատ: 2021թվականին ապամոնտաժել են դպրոցը եւ սկսել են շինարարական աշխատանքները: Եռահարկ դպրոց են կառուցել, սպորտդահլիճի հիմքը նոր պետք է գցեին, իսկ փոքր կառուցած մասնաշենքում ներքին հարդարման աշխատանքներ են տարվում: Դպրոցականների տրանսպորտի հարցը լուծել է մարզպետարանը` տարեկան հատկացնելով 7մլն դրամ»,-ասաց տնօրենը: 

Հիշեցնեք, որ Ներքին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի նոր շենքի կառուցման եւ հին շենքի հիմնանորոգման աշխատանքների մեկնարկը տրվել էր 2018 թվականի սեպտեմբերին: Նախագծով այն ունենալու է շուրջ 7 հազար քմ մակերես, 6 մասնաշենք, որոնցից մեկը՝ տարրական դասարանների մասնաշենքն է, որը 2018 թվականից մինչ այսօր պատրաստ չի շահագործման, իսկ շինարարական աշխատանքներն իրականացնում են «ԱՐՍԵՎ» ՍՊԸ-ի կողմից: Վերջերս պարբերաբար տեղեկանում ենք, որ դպրոցաշինության ծրագրերի իրականացման՝ դպրոցների կառուցապատման, վերանորոգման աշխատանքները սահմանված ժամկետներում չեն ավարտվում կամ էլ ավարտվում են շինարարական նորմերի խախտումներով: