Ես մի քանի հարց ունեմ

Ես մի քանի հարց ունեմ

Սեպտեմբերի 17-ի դատական նիստին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ 2008 թ. փետրվարի 23-ին խորհրդակցություն է հրավիրել բանակային վերնախավի հետ, որին ներկա է գտնվել 20-25 մարդ,  12-13-ը հարցաքննվել է, ինքը նրանց ցուցմունքների դեմ առարկություններ չունի, բացի հետախուզության նախկին պետի այն մտքից, որ Քոչարյանը բանավոր կարգով հայտարարել է արտակարգ դրություն: Ընդունենք, որ երկրորդ նախագահը բացարձակ ճշմարտություն է ասում: Բայց հարց է առաջանում՝ ինչո՞վ էր պայմանավորված այդ խորհրդակցության անհրաժեշտությունը:

Հրապարակված ցուցմունքներից հասկացվում է, որ նախագահ Քոչարյանը զայրացած էր պաշտպանության փոխնախարար Մանվել Գրիգորյանի պահվածքից: Ենթադրենք, հավաստի տեղեկություններ կային, որ Մանվել Գրիգորյանն անցել է ընդդիմության կողմը, ԵԿՄ գրասենյակում զենք-զինամթերք կա, իրական է վտանգը, որ ցուցարարները կհարձակվեն որեւէ զորամասի վրա, կտիրանան սպառազինությունների, ապա կգրոհեն նախագահի նստավայրը կամ կառավարության, կամ Ազգային ժողովի շենքը: Իսկ ԱԱԾ, Ոստիկանության հատուկ նշանակության ուժերը բավարա՞ր չէին, որպեսզի ԵԿՄ շենքը շրջափակեն, առգրավեն զենք-զինամթերքը, Մանվել Գրիգորյանին բերման ենթարկեն, պարզեն բանակում նրա համակիրների շրջանակը եւ ձեռնարկեն նրանց չեզոքացնելու գործողություններ:

ԱԱԾ-ին, Ոստիկանությանը, դատախազությանը տրվե՞լ է նման հանձնարարական, նրանք հրաժարվե՞լ են եւ ծագել է բանակը ներգրավելու անհրաժեշտությու՞ն: Այդ դեպքում ինչու՞ ԱԱԾ տնօրենը, Ոստիկանության պետը  չեն պաշտոնազրկվել: Իրավիճակն այնպիսին էր, որ դա կարող էր հավելյալ լարվածությա՞ն բերել: Կասկածներ կային, որ պաշտոնազրկված ԱԱԾ տնօրենը, ոստիկանապետը, գլխավոր դատախազը կանցնեն ընդդիմության կո՞ղմը: Բանակը ներգրավվել է, որպեսզի ԱԱԾ տնօրենը, ոստիկանապետը, գլխավոր դատախազը կարգի՞ հրավիրվեն եւ խարդավանքների չգնա՞ն: Ընդունենք, որ կարող էր նաեւ այդպես լինել: Իսկ ո՞րն էր նշված խորհրդակցությանն Արցախի ՊԲ հրամանատարին, նրա տեղակալին, 10-րդ լեռնահրաձգային դիվիզիայի հրամանատարին հրավիրելու անհրաժեշտությունը:

Ինչու՞ է ընդունվել Արցախից Երեւան զինված մարդիկ բերելու որոշումը: Նախագահը չէր վստահում բանակին առհասարա՞կ: Միակ վստահելին զինված արցախցինե՞րն էին: Նախաքննությունը հատկապես վերջին հարցի պատասխանն ունի՞: Սա խիստ սկզբունքային է, որովհետեւ Արցախից Երեւան է տեղափոխվել ոչ թե բանակային որեւէ ստորաբաժանում, այլ՝ տարբեր զորամասերից հավաքագրված սպաների, ենթասպաների, պայմանագրային զինծառայողների համահավաք խումբ, բոլորն էլ՝ ծագումով արցախցի: Այս իրողությունն ինչպե՞ս են բացատրում երկրորդ նախագահի գրասենյակը, նրա պաշտպանական խումբը: