Սրանք Արցախի Հանրապետություն են քանդել, մի Գյումրին ի՞նչ է, որ չքանդեն

Սրանք Արցախի Հանրապետություն են քանդել, մի Գյումրին ի՞նչ է, որ չքանդեն

Մարդ արդեն չգիտի՝ ում հետ աշխատի, ում վրա աշխատի, որ մի քիչ թեթեւացնի էս ժողովրդի կողմնորոշվելու խնդիրը: Խոսքը քաղաքական կողմնորոշման մասին է: Թվում էր՝ վերջ, ժողովուրդն այսքան բան տեսնելուց հետո կողմնորոշվել է արդեն ու պատրաստ է հեռացնել իր ճակատագրական սխալի հետեւանքով իշխանության եկած այս տնաքանդներին, բայց մեկ էլ պարզվում է, որ ժողովուրդն այլընտրանք չունի այս դավաճան եւ հողատու իշխանություններին: Ի՞նչ անի ժողովուրդը, երբ Նիկոլից անդին դատարկություն է: Խնդրեմ, հազիվ կարողացել է Գյումրիում իշխանափոխություն անել, Վարդան Ղուկասյան է ընտրել ու մնացել է միայնակ նիկոլական հորդաների թիրախում: Առանց ամաչելու, սրանք խեղճ ժողովրդին մեղադրում են այդպիսի ընտրություն կատարելու համար, սպառնում են՝ դե տեսեք, դրա վերջն ինչ է լինելու, ինչ ճգնաժամ ենք սարքելու Գյումրիում, հերներդ անիծելու ենք: Բա ո՞վ պիտի կանգնի գյումրեցիների կողքին այս օրհասական պահին… Ընդդիմությո՞ւնը: Ընդդիմությունը կանգնած է, բայց ընդդիմությունը միայնակ ոչինչ անել չի կարող Նիկոլի, նրա հորդաների ու երկրաչափական պրոգրեսիայով աճ տված ծախու «հակաընդդիմադիրների» դեմ: Դուք այս հրոսակախմբին մի աչքով մի նայեք: Սրանք Արցախի Հանրապետություն են քանդել, մի Գյումրին ի՞նչ է, որ չքանդեն: Գյոզալ քաղաքից Անիի ավերակները կթողնեն՝ իրենց իշխանությունը վերականգնելու համար:

Օրերս մի տեղ գրել էի, որ Նիկոլին պարտվում ենք ազգովի: Հարյուր տեղից հանդիմանություն ստացա, թե էս ինչ ես ասում, մենք դրանց այսպես ու այնպես ենք անելու, ազգը ո՞նց կարա պարտվի Նիկոլին: Հա, բայց պարտվում ենք, չէ՞, պարտության մեջ ենք, չէ՞, Նիկոլն ինչ ուզում՝ անում է, չէ՞… Տո դուք էլ, ձեր հավատն էլ, ձեր հայրենիքն էլ, ձեր պատմությունն էլ, ձեր ինքնությունն էլ… Ինչ քֆուր ասես՝ չտվեց: Էլ ի՞նչ պետք է անի Նիկոլը, որ հասկանանք՝ պարտվում ենք: Ականջից բռնած, դեն նետած լինեինք, կասեի՝ հաղթում ենք: Ես վաղուց արդեն ռեալիստ եմ, եղբայր: Էն ռոմանտիկ ժամանակներումս ամեն օր ասում էի՝ էսօր կգնա, վաղը կգնա… ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի 2021թ․ փետրվարի 25-ի հայտարարությունից հետո ընդհանրապես ռումանտիկայի գիրկն էի ընկել: Ու մեկ էլ տեսնեմ ի՞նչ, փոխանակ ժողովուրդը դուրս թափվեր, Նիկոլն էր իր բաշիբոզուկների զանգվածով երթ անում քաղաքում: ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբը, որ Նիկոլին հայտարարել էր մեր ազգային անվտանգության սպառնալիք, ի՞նչ արեց, պարտվե՞ց, թե՞ հաղթեց: Պարտվեց, իհարկե, Օնիկ Գասպարյանն էլ մի կերպ պլստաց դատուդատաստանից:

Նիկոլի պաշտոնավարման ամեն օրը պարտություն է: ԱԺ է գալիս՝ պարտություն է, հեծանիվ է քշում՝ պարտություն է, կրթում է՝ պարտություն է, ֆուտբոլ է նայում՝ պարտություն է, կանգնում է Կիրանցի պատի տակ՝ պարտություն է, ԵՄ է գնում՝ պարտություն է, Մայիսի 9-ի շքերթին է գնում՝ պարտություն է, Էրդողանի ու Ալիեւի հետ բոլոր շփումները պարտություն են: Պարտվում ենք պերմանենտ: Հավատքի հարցում պարտվում ենք, հայրենիքի հարցում պարտվում ենք, պահանջատիրության հարցում պարտվում ենք, ինքնորոշման հարցերում պարտվում ենք, սուվերենության հարցում պարտվում ենք, պետության ու պետականության հետ կապված հարցերում պարտվում ենք… Սարսափելի է: Կամովի պարտվում ենք, իսկ ինձ ասում են՝ այդպիսի բան չկա, հեսա տես ինչ ենք անելու… Ձեր «հեսա տես ինչ ենք անելուն» ես ապրիլի 23-ին կտեսնեմ՝ Ջահերով երթին, ապրիլի 24-ին կտեսնեմ՝ Ծիծեռնակաբերդում: 

Համաձա՞յն եք՝ հավաքվենք ու տուն չգնանք։ Վստահեցնում եմ՝ ընդդիմությունից մի քանի անգամ ավելի շատ «հականիկոլական» կհավաքվի եւ կասի, որ ընդդիմությունը քաղաքականացնում ու շահարկում է մեր ազգային սուրբ զգացմունքները: Մեկը կգոռա իմպիչմենթ, մյուսը կոչ կանի՝ լիդերի անուն ասեք, երրորդն անուն կդնի լիդերին… ու այսպես կհասնենք նախկիններին: Վերջն էլ կգնանք տներով ու կքրթմնջանք, թե ընդդիմությունը մեզ չտարավ կոնկրետ գործողությունների: Կանաչ խիյարի մասին բոլոր պատմություններն այսպես են ավարտվում, այսինքն՝ ոչ մի բանով: Սկզբում բոլորը կողմ են միասնաբար հանդես գալուն, բայց հենց հանդես են գալիս, ամեն մեկն աշխատում է իր գլուխը մյուսներից ավելի բարձր պահել, ավելի ընդգծվել, ավելի հերոսանալ: Ու երբ չի ստացվում, դառնում է «հակաընդդիմադիր», երբեմն էլ, առանց հասկանալու, ջուր է լցնում իշխանության ջրաղացին:

Ինչպե՞ս կանգնեցնել պարտու­թյան այս ընթացքը: Եթե կա մեկը, որ գիտի՝ ինչ պետք է անել, բայց չի ասում, ավելին՝ առաջինն ինքը չի գնում անելու դա, ուրեմն նիկոլական է: Նիկոլական է նա, ով ասում է՝ Նիկոլին փողոցով պետք է հեռացնել, բայց չի հեռացնում, նիկոլական է Նիկոլին հերթական ընտրություններով հեռացնելու կողմնակիցը նաեւ, եթե 2021թ. ընտրություններից դասեր չի քաղել, նիկոլական է Նիկոլին իմպիչմենթի ենթարկելու առաջարկ անողը, եթե ասում է՝ դա իմ գործը չէ, դա ԱԺ պատգամավորների գործն է, թող նախաձեռնեն, հետո կտեսնենք՝ ինչ կլինի: Նշածս բոլոր տարբերակներն էլ փորձված են: Մինչ օրս դրանք պարտություն են բերել, ու հիմա էլ կպարտվենք դրանցից մեկնումեկին ապավինելու դեպքում: Մենք ուղղակի չգիտենք՝ ինչ է Նիկոլը, որ հասկանանք՝ ինչպես ազատվենք նրանից: Գյումրին վկա՝ մենք իսկապես մեծամասնություն ենք, բայց չենք կարողանում հեռացնել Նիկոլին: Սա ի՞նչ հանելուկ է: