Երեխաները ցածրահասակ էին, նրանց կյանքին վտանգ չէր սպառնում

Երեխաները ցածրահասակ էին, նրանց կյանքին վտանգ չէր սպառնում

Նախօրեին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարզային այցելություններից մեկի ժամանակ, մասնավորապես Արագածոտնի մարզի Ուջան համայնքում, ներկա էին նաեւ մանկահասակ երեխաներ։ Նրանք թիկնապահներից հետո երկրորդն էին, որ վարչապետի ողջ ելույթի ընթացքում շրջապատել էին նրան՝ որպես «կենդանի վահան»։ Թե ինչու եւ ինչպես էին դպրոցական երեխաներն այդ օրը այդ ժամին հայտնվել այդտեղ, զրուցեցինք Ուջանի Զորավար Անդրանիկի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Ավետիս Հարությունյանի հետ։

- Պարոն Հարությունյան, վարչապետին շրջապատած դպրոցականները Ձեր դպրոցի սանե՞րն էին։

- Հա, մի դասարանից այնտեղ էին։

- Քանի՞ հոգի էին։

- Ճիշտն ասած՝ չեմ կարող ասել, չգիտեմ։

- Իսկ ո՞վ էր նրանց տարել այնտեղ՝ ուսուցիչնե՞րը։

- Չէ, դասերը պրծել էին, էրեխեքը իրանց-իրանց գնացել էին։

- Իրենց բարի կամքով գնացել էին վարչապետի հետ հանդիպմա՞ն։

- Հա․․․, ոչ մեկի կողմից ոչ մի պարտադրանք չի եղել, ամեն բան եղել է զուտ կամավորության հիմունքներով։

- Ինչո՞վ եք բացատրում այդ տարիքի երեխաների մոտ նման ցանկության դրսեւորումը, ուսուցիչները շա՞տ են խոսում քաղաքական թեմաներից։

- Բացարձակապես ամեն բան եղել է կամավորության սկզբունքով, ոչ մի պարտադրանք չի եղել․․․

- Իսկ երեխաները վարչապետի հետ հանդիպման օրը, ժամը, վայրը ի՞նչ գիտեին, որ կամավոր, բայց խմբով գնացել էին հանդիպման։

- Ես էլ չգիտեմ, ճիշտն ասած․․․, դե, բոլոր ընտանիքներում էլ կան մարդիկ, ովքեր իմացել են եւ դրա մասին ասել են․ ինձ այդպես է թվում։

- Իսկ Դուք գնացե՞լ էիք վարչապետի հետ հանդիպման։

- Ես այդ ժամին դասի եմ եղել՝ թեմատիկ աշխատանք ունեի, մենք այդ ժամին աշխատում էինք։

- Բայց ասացիք, որ այդ ժամին դասերն ավարտվել էին։

- Չէ, այդ փոքր երեխաներն էին արդեն ավարտել, իսկ մենք 6-րդ ժամին դասի էինք, քանի որ շաբաթ օրն էլ ենք դասի։

- Իսկ հանդիպումը դպրոցի մոտակայքո՞ւմ էր կազմակերպվել, որ երեխաներն ինքնաբուխ դասից հետո գնացել էին հանդիպման։

- Չէ, դե երեխաները տուն գնալուց, հենց ճանապարհի վրա էլ տեսնում են մարդկանց հավաքված, բնականաբար, իրենք էլ հավաքվում են․․․ էլի եմ նշում՝ ոչ մեկը ոչ մեկի չի պարտադրել, ամեն ինչ եղել է մարդկանց կամքով, ոչ մեկը երեխաներին ինչ-որ պարտադրանք չի արել, բացարձակապես նման բան չի եղել։

- Լավ, չասենք «պարտադրանք», գուցե ցուցո՞ւմ է եղել․․․, փորձե՞լ եք երեխաների հետ խոսել եւ հասկանալ, թե ինչու են գնացել այդ հանդիպմանը։

- Ես նման հարցերով երբեք ծնողներին բան չեմ ասում, իրենք ոնց գիտեն, այդ ձեւով էլ առաջնորդվում են։

- Այսինքն՝ չեք բացառում, որ ծնողների հետ են գնացել։ 

- Ոչ թե չեմ բացառում, այլ այն երեխաները, որ տանն ինչ-որ բան լսում են, շատ հնարավոր է, որ իրենց ծնողների ասածով կողմնորոշվեն։

- Իսկ տեղյա՞կ եք՝ ուսուցիչներ գնացե՞լ էին հանդիպմանը, գուցե այդ երեխաները ոչ թե ծնողների, այլ ուսուցիչների ուղեկցությամբ են գնացել վարչապետի հետ հանդիպման։

- Ես մեր մոտ՝ կրթական գործընթացում քաղաքական որեւէ դրսեւորում թույլ չեմ տալիս, որ տեղի ունենա։ Իհարկե, թեթեւ խոսակցություններ, վիճաբանություններ լինում են, բայց պարտադրանք ոչ մի ժամանակաշրջանում մեր դպրոցում ո՛չ թույլ ենք տվել, ո՛չ էլ եղել է։

- Եթե այդպես խիստ է դրված կրթական գործընթացում քաղաքական ցանկացած դրսեւորում, այս դեպքին Ձեր արձագանքը ո՞րն է լինելու, որովհետեւ, կամա թե ակամա, այդ երեխաները հայտնվել էին քարոզչության կենտրոնում։

- Այդ երեխաները, ինչքանով ես տեսել եմ, ընդամենը 10 տարեկան երեխաներ են, ես ի՞նչ անեմ, այդ մի բանի համար իրենց նկատողությո՞ւն տամ․․․ դրանք 10 տարեկան երեխաներ են, դրանց ուղեղն ի՞նչ է հասկանում, որ ես գնամ ու ասեմ՝ ինչի եք գնացել։

- Դե, հենց դա է խնդիրը, որ գուցե իրենց «ուղեղով» չեն գնացել, այլ․․․։

- Եթե իրենց ծնողներն այնտեղ գտնվել են, ես ասեմ՝ ինչի եք գնացե՞լ․․․, ես այդ առումով դպրոցում քաղաքական որեւէ հարց չեմ ընդունում, որ մուտք է գործում, այլ բան է՝ փողոցում, միտինգների տեղն ով ինչ կարծիք ունի, թող արտահայտի։ Մեր մոտ միշտ այդ դեմոկրատիան գործել է։

- Հիմա որ խորհրդարանական ընտրությունների շրջանակներում էլի քաղաքական գործիչներ գան գյուղ, դպրոցականները նորից գնալու են հերթով դիմավորե՞ն բոլորին։

- Շատ հավանական է, ես չեմ կարող ասել, ոչ էլ ինչ-որ մեկին կարգել եմ կամ նույնիսկ քարոզ կտանեմ։

- Իսկ ճի՞շտ եք համարում, որ այս տարիքից երեխաները քաղաքական քարոզչությունների մեջ են ներգրավվում։  

- 2018-ին որ մեր ու մանուկ լցվել էին փողոցները, որեւէ մեկն արգելե՞ց, նույնն էլ հիմա է, եթե ուզում են, թող գնան մասնակցեն, դա իրանց գործն է, բայց ես նաեւ գտնում եմ, որ աշակերտի տեղը դպրոցում՝ դասն է, ու միշտ առաջնորդվել եմ այդ սկզբունքով, նախ՝ դասը, իսկ դասից հետո աշակերտն իրավասու է ցանկացած նորմալ, քաղաքակիրթ գործունեության․․․։

- Քանի որ վարչապետի անձի շուրջ լարվածությունը մեծ է, կարծիքներ եղան, որ այդ հանդիպման ժամանակ երեխաներին որպես վահան էին օգտագործել՝ նրա անձը պաշտպանելու համար։ Նման մոտեցումը թույլատրելի՞ է, եւ վտանգավոր չէ՞ր երեխաների ներկայությունն այնտեղ։

- Ես չեմ կարծում, որ առանձնահատուկ մեծ վտանգի խնդիր կար, եւ երեխաներն էլ, ինչքանով ես տեսա, ցածրահասակ էին, առաջին գծում կանգնած էին, կանչեցին՝ գնացին։

- Ցածրահասակ լինեին, թե բարձրահասակ, եթե որեւէ միջադեպ գրանցվեր, դա պատասխանատվությունից չէր ազատի ոչ մեկին։

- Ցանկացած բան էլ այս լարված մթնոլորտում հնարավոր է, բայց դասերից հետո աշակերտի համար պատասխանատու է առաջին հերթին ծնողը։ Հիմա եթե ծնողը, այդ բաները տեսնելով, չի զգում եւ չի զգուշացնում իր երեխային կամ թոռանը, ես ի՞նչ կարող եմ անել։ Ես ամեն երեխայի հետեւից չեմ կարող մի հսկիչ դնել, որ այս կամ այն ուղղությամբ չնայի, չշարժվի։ Դասերից հետո մի մասը գնում է ֆուտբոլ է խաղում, մի մասն ուրիշ բան է անում․․․։

- Բայց դա նույն բանը չէ․․․, գուցե գյուղապետի կողմից որեւէ ցուցում է եղել, օրինակ՝ հանդիպման ժամանակ ներկայություն ապահովել։ 

- Ես հաստատ գիտեմ, որ նման հրահանգ չի եղել, ոչ էլ ինչ-որ մեկի պարտադրանք, եւ համոզված եմ՝ մեր գյուղում չի էլ լինի, որովհետեւ, հավատացեք, մենք մի քիչ ազատամիտ մարդիկ ենք եւ թողնում ենք, որ իրավիճակը հասկացվի ժողովրդի կողմից, եթե ժողովուրդը կհասկանա՝ կհասկանա, չի հասկանա՝ իր գործն է, ես կարծում եմ՝ դեմոկրատիան հենց դա է։