Չեմ ցանկանում Ֆրոյդով բացատրել Մարիա Կարապետյանի՝ իմ վրա սեւեռման լատենտ իրական դրդապատճառները

Չեմ ցանկանում Ֆրոյդով բացատրել Մարիա Կարապետյանի՝ իմ վրա սեւեռման լատենտ իրական դրդապատճառները

Իմքայլական Մարիա Կարապետյանը, ով մշտապես ուղղակի կամ անուղղակի իր ելույթները նվիրում է Նաիրա Զոհրաբյանին, հատկապես, երբ խոսքը ընդդիմությանը սաստելու մասին է, այսօր ևս առիթը բաց չթողեց՝ քննադատության սլաքները ուղղեց Զոհրաբյանին։ Այս անգամ էլ երեքտառանի բառից հետո ծագած հայտնի խորհրդարանական միջադեպի առիթով։ 

«Հրապարակի» այն դիտարկմանը, որ այսօր ևս Մարիա Կարապետյանի ելույթներն ամբողջապես նվիրված են իրեն և ինչո՞վ է բացատրում իր ղեկավարած Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի  անդամի նման պահվածքը, Նաիրա Զոհրաբյանը արձագանքեց․ «Իմ համար մեծ անակնկալ էր նաև այն, որ տիկին Կարապետյանն, ըստ էության, բնակվում է ֆեյսբուքյան իմ էջում, որովհետև նա, ինչպես պարզեց, շատ պարտաճանաչորեն մոնիտորինգ է անում բոլոր հրապարակումները, և փաստորեն, եթե ես ինչ-որ բան մոռանամ, տիկին Կարապետյանից կարող եմ վերցնել իմ այս կամ այն հրապարակումը։ Իսկ առհասարակ, եթե լուրջ, ապա այո, հիշյալ կին պատգամավորի բոլոր ելույթները՝ անկախ նրանից, թե օրակարգում ինչ հարց է քննարկվում, մեծի մասամբ նվիրված են ինձ։ Դա շատ լուրջ հոգեբանական խնդիր է մի կնոջ կողմից մեկ այլ կնոջ վրա նման սևեռումը։ Ես հիմա չեմ ցանկանում Ֆրոյդով բացատրել նման խստագույն սւեռման լատենտ իրական դրդապատճառները։ Ես բնականաբար, որպես հումանիստ ըմբռնումով եմ մոտենում տիկին Կարապետյանի նման խստագույն սևեռմանը, բայց ոչնչով նրան օգնել չեմ կարող»։