Մեղավոր ենք բոլորս

Մեղավոր ենք բոլորս

Երբեւէ իր Անկախության տոնին մեր ազգն այսքան տխուր եւ անտրամադիր չի եղել: Քայլում ես փողոցով եւ երեւանցիները, որոնք անգամ 44-օրյա պատերազմի օրերին չէին զգում պատերազմի շունչը եւ ապրում էին իրենց սովորական կյանքով, հիմա կոտրված ու անտրամադիր են: Մարդկանց աչքերից տխրություն է կաթում եւ այդ տխրությունը ոչ միայն մեր երկրի անպաշտպան ու ողբերգական վիճակով է պայմանավորված, այլ այն անզորության զգացումով, որ պատել է մեզ բոլորիս: Բոլորս, իհարկե, մեծ հաշվով մեղավոր ենք:

Մեղավոր ենք նրանում, որ տասնամյակներ շարունակ չենք պայքարել լավ երկիր եւ խելացի իշխանություն ունենալու համար` թողել ենք, որ երկիրը դառնա որբի գլուխ` ով ուզի խուզի: Մեղավոր ենք, որ հանդուրժել ենք նախկինների ցինիզմն ու ապօրինությունները, մեղավոր ենք, որ 2018-ին խելակորույս` առանց երկար մտածելու, փողոցից բերել` մեր գլխին ենք կարգել այս չարիք իշխանությանը: Մեղավոր ենք, որ պառլամենտ ընտրելիս չենք խորացել ապագա օրենսդիրների որակների մեջ եւ ձայն ենք տվել ցանկացած տգետի ու մեծահարուստի: Մեղավոր ենք, որ չափն անցած պաշտոնյաներին վզից բռնած` դուրս չենք շպրտել կառավարաման համակարգից:

Մեղավոր ենք, որ հանդուրժել ենք խաբեբաներին ու թալանչիներին, մանիպուլյատորներին եւ պոպուլիստներին, կեղծավորներին ու տգետներին: Մեղավոր ենք, որ հստակ չենք ձեւակերպել հանրային պահանջը եւ չենք փորձել հասնել նրան, որ կրթության եւ առողջապահության ոլորտը բարեփոխվի, որ սոցապծառայություններում մանր ժուլիկներ չաշխատեն, որ համայնքային իշխանությունները չկազմվեն կիսագրագետ գողականներից: Մեղավոր ենք, որ մի քանի ընտրական տասովշչիկի ու փող բաժանողի ձեռքը չենք կտրել` որպես դաս մյուսների համար, իսկ իր ձայնը վաճառող մեր համաքաղաքացիներին չենք մերժել:

Մեղավոր ենք, որ հանդուրժեցինք` երբ երկիրը պառակտեցին ու սեւ-սպիտակի բաժանեցին, հայկոները դարձան քաղաքապետ, իսկ քերոբյանները` նախարար: Մեղավոր ենք, որ երկրի ղեկին նստած անձին չենք արգելել խաղեր տալն ու երկրի ճակատագրի հետ խաղալը, որ թույլ ենք տվել` ինչ խելքին փչի, հայտարարի, ում ուզենա` պարգեւավճար շռայլի պետական բյուջեից, անմեղսունակներին պաշտոնի նշանակի, գրագետներին` գործազուրկ սարքի:
Որ մեղքն ասենք, որը` թողնենք: