«Հրապարակ»․Նախարարներից ով երբ է արձակուրդ մեկնել եւ ինչպես է անցկացնում

«Հրապարակ»․Նախարարներից ով երբ է արձակուրդ մեկնել եւ ինչպես է անցկացնում

Արձակուդային սեզոնը որոշ նախարարների համար նոր է բացվում, իսկ ոմանք արդեն գնացել են արձակուրդ եւ հետ եկել։ Նիկոլ Փաշինյանի հրամանով ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն այսօր է մեկնել արձակուրդ, նրան կփոխարինի փոխնախարար Արփինե Սարգսյանը։ Վահե Ղազարյանը հանգիստն անցկացնելու է հայրենի Տավուշում։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին Նիկոլ Փաշինյանը արձակուրդ է տրամադրել 11 աշխատանքային օր՝ 2024 թվականի օգոստոսի 9-23-ը ներառյալ: Նարեկ Մկրտչյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի նախարարի տեղակալ Աննա Ժամկոչյանը:

Մոտ օրերս երկու շաբաթով արձակուրդ կմեկնի նաեւ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, նրան կփոխարինի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը։ Ավանեսյանը պլանավորել է արձակուրդն անցկացնել Հայաստանում, քանի որ որդին բանակ է գնալու` զբաղված է այդ հարցերով։

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին տրամադրվել է 2023-2024 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մի մասը՝ 3 աշխատանքային օր տևողությամբ՝ 2024 թվականի հուլիսի 31-ից օգոստոսի 2-ը ներառյալ: Արարատ Միրզոյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս փոխարինել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը: Միրզոյանը, ինչպես հայտնի է, ընտանիքի հետ արձակուրդն անց է կացրել Մեծ Բրիտանիայում` Շոտլանդիայում:

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին տրամադրվել է 15 աշխատանքային օրյա արձակուրդ՝ հուլիսի 23-29-ը ներառյալ և 2024 թվականի օգոստոսի 13-26-ը ներառյալ: Գրիգոր Մինասյանի արձակուրդում գտնվելու ընթացքում նրան կփոխարինի արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հուլիսի 30-ից արձակուրդում է, նա ներառյալ օգոստոսի 13-ը կհանգստանա: Ականատեսների վկայությամբ՝ Անդրեասյանը երեխայի եւ ամուսնու՝ Պետրոս Ղազարյանի հետ Հայաստանից մեկնել է։ Ժաննա Անդրեասյանի արձակուրդում գտնվելու ընթացքում նրան կփոխարինի ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

7-օրյա արձակուրդ է մեկնել նաեւ նորանշանակ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը՝ օգոստոսի 8-16-ը։