Գործադիր իշխանության ղեկավարը միանձնյա որոշել է ողջ պետականության և ազգի ճակատագիրը

Գործադիր իշխանության ղեկավարը միանձնյա որոշել է ողջ պետականության և ազգի ճակատագիրը

Սահմանադրագետ Գոհար Մելոյանն արձանագրել է, որ, եթե  Սահմանադրության օրը՝ հուլիսի 5-ը, մշտապես որպես տոն օր է նշվել և առանձնացվել իրավական համայնքի կողմից, ապա այսօր այլ է իրավիճակը՝ քիչ առիթ կա միմյանց և մեր հանրությանը շնորհավորելու։ Այսօր մենք ապրում ենք այնպիսի իրողության պայմաններում, երբ արձանագրված են հիմնարար հենասյունային սահմանադրաիրավական  դրույթների, սկզբունքների բազմակի ոտնահարումներ։   

«Սահմանադրության օրը ես սկսել եմ ոչ թե ինձ կամ հանրությանը շնորհավորելով, այլ մտորումներով՝ ուր ենք հասել, որտեղից ենք սկսել ու ինչ իրավիճակ ունենք։ Մասնավորապես՝ որպես հենասյուներ ես մշտապես ընդգծել եմ իշխանությունների տարանջատման սկզբունքը, որը ենթադրում է իշխանության թևերի` միմյանց շփման ու հակակշռման մեխանիզմների առկայություն։ Մեկը մյուսի հստակ սահմանադրաիրավական գործունեությամբ է պայմանավորված մեր պետության ժողովրդավար և իրավական բնույթը։ Իսկ այսօրվա դրությամբ ունենք իրավիճակ, որ գործադիր իշխանության ղեկավարն իրեն թույլ է տվել բազմակի անգամներ դրանք ոտնահարել՝ սկսած դատարանների շրջափակման կոչով, օրենսդիր մարմնի շրջափակմամբ, վերջացրած նոյեմբերի 9-ին, հունվարի 11-ին քաղաքական և ռազմական բնույթի միջազգային պայմանագրերի ստորագրմամբ, որոնք ենթադրում են պետական վավերացման գործընթաց, այն է` Սահմանադրական դատարանի կողմից դրանց վերաբերյալ դրական եզրակացություն, այնուհետև վավերացում ԱԺ-ի կողմից, ինչը չի  իրականացվել: Եվ միանձնյա, մեկ պաշտոնատար անձը, գործադիր իշխանությունը ղեկավարողը որոշել է ողջ պետականության և ազգի ճակատագիրը` շրջանցելով հիմնարար սահմանադրական կարգավորումներն ու ընթացակարգերը։ Նույնը տեղի ունեցավ Սահմանադրական դատարանի շուրջ` մեկ տարի տևող գործընթացների համատեքստում և կոնկրետ քաղաքական նպատակահարմարության կոնտեքստում։ Հետապնդվում էին Սահմանադրական դատարանի` իշխանության համար ոչ կառավարելի դատավորները, և այդ պրոցեսն ուղեկցվեց գրեթե բոլոր կարմիր գծերի ոտնահարմամբ` թե քաղաքական և թե իրավական բնույթի»,-մեզ հետ զրույցում ասաց Գոհար Մելոյանը։ 

Սահմանադրագետի գնահատմամբ` այդ հենասյունային սկզբունքն օրինականությունն է, որը 2015 թվականին ամրագրվեց մեր սահմանադրության մեջ, որը ենթադրում էր բարձրաստիճան պաշտոնատար անձանց` պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից օրենքին և սահմանադրությանը համապատասխան  գործունեություն և գործառույթների իրականացում, որոնք հստակ սահմանված են օրենքով և սահմանադրությամբ։

«Բազմաթիվ անգամներ ականատես ենք եղել, որ այս պաշտոնատար անձինք ոչ միայն իրենց թույլ են տվել շրջանցել իրենց տրված լիազորություններն ու գործառույթները, այլև խախտել են դրանք՝ չարժանանալով համարժեք պատասխանատվության։ Հաջորդ կարևորագույններից է իրավունքի գերակայության սկզբունքը, երբ մարդը բարձրագույն արժեք հռչակվեց սահմանադրությամբ։ Մենք այնպիսի իրողության պայմաններում ենք ապրում, երբ ունենք տասնյակ քաղբանտարկյալներ և անգամ հացադուլում գտնվող քաղբանտարկյալի մահի ականատեսը եղանք։ Որևէ պաշտոնատար անձ պատասխանատվության չենթարկվեց։ Ապրում ենք իրողությունում, երբ ԶԼՄ ներկայացուցիչներն անընդմեջ հետապնդումների են ենթարկվում, և սահմանափակվում է նրանց գործունեությունը, որպես ակնհայտ օրինակ՝ մի շարք օրենսդրական կարգավորումները, հատկապես` ռազմական ու արտակարգ դրությունների ժամանակ»։ 

Մելոյանն ընդգծում է, որ այսօրվա դրությամբ սահմանադրական ճգնաժամի պայմաններում ենք ապրում և ունենք արձանագրված իրավիճակ, երբ երկրում ընտրովի արդարադատություն և երկակի ստանդարտներ են գործում, և սահմանադրությունը բացառապես վկայակոչվում ու թիրախավորվում է քաղաքական նպատակահարմարությունից ելնելով։ Երկրում սահմանադրական փոփոխություններ առաջարկում և իրականացնում են մասնագիտությամբ ոչ իրավաբանները։

Մեր այն հարցին, թե ինչ գնահատական կտա ՍԴ նոր թեկնածուի վերաբերյալ, Մելոյանն ասաց․ «Մեր երկրում մասնագիտական արժանապատվության նվաստացումը սահմաններ չունի։  Սահմանադրական դատարանի նախկին դատավորների կենսագրությունները եթե դիտարկենք ու ներկայիս կազմի մի մասի, ապա ՍԴ դատավորների տարիքային ցենզը, մասնագիտական զենզը, որ սահմանված են, պարտադիր պայմաններ են, որպեսզի այս պաշտոնում հետագիծ ունեցող, մասնագիտական հեղինակություն ունեցող, գիտական գործունեությամբ զբաղվող, մասնագիտական փորձ ունեցող անձ հայտնվի։ Նորմալ իրավական ու ժողովրդավար պետությունում առնվազն բավականին անընդունելի կլիներ նման թեկնածուի առաջադրումը»։