Իշխանությունն իր համար դարձել է ինքնապաշտպանության միջոց․ Ալեն Ղևոնդյան    

Իշխանությունն իր համար դարձել է ինքնապաշտպանության միջոց․ Ալեն Ղևոնդյան    

Զինված ուժերի գլխավոր շտաբը՝ գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ, հանդես եկավ Հայաստանի և Արցախի կապիտուլյացիան համաձայնություն տված Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

ԶՈՒ Գլխավոր շտաբը հայտարարության սկզբում նշել էր ԳՇ պետի 1-ին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին աշխատանքից ազատելու մասին Փաշինյանի որոշումը՝ այն որակելով անհեռատես ու չհիմնավորված։

«ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում: ՀՀ զինված ուժերը երկար ժամանակ համբերատար կերպով հանդուրժում էր գործող իշխանության կողմից զինված ուժերը վարկաբեկելուն ուղղված «գրոհները», սակայն ամեն ինչ ունի իր սահմանները:  ՀՀ զինված ուժերը պատվով է կատարել իր պարտքը, իր ժողովրդի հետ ուսուսի մարտնչել թշնամու դեմ: Գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին: Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ զինված ուժերը պահանջում են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը, միաժամանակ նախազգուշացնում՝ ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց, ում զավակները զոհվել են՝ պաշտպանելով Հայրենիքն ու Արցախը: Բանակը միշտ եղել է ժողովրդի հետ, ինչպես ժողովուրդն է բանակի հետ», - մասնավորապես նշվում էր ԳՇ հայտարարության մեջ:

Թեմայի շուրջ «Հրապարակը» զրուցել է ԵՊՀ Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դասախոս, քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի հետ։

- Պարո՛ն Ղևոնդյան, ինչ-որ զուգահեռներ տեսնո՞ւմ եք Փաշինյանի կողմից ժողովրդի զգացմունքների վրա խաղալով իշխանություն պահելու և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ հունվարին կատարված գործողությունների միջև։

- Չէ, չէ։ Ընդհանրապես օրակարգերը տարբեր են։ Համեմատելու բան չէ։ Թրամփը հայրենիքի կորուստ չէր ապահովել։ Ուղղակի ճիշտ չէ այդպիսի հարցադրում անելը։ Թրամփն իր հակառակորդի հետ չէր բանակցել փակ դռների ետևում՝ սեփական երկրի տարածքները փոխանցելու համար։

- Հիմա, որ Փաշինյանը նորից կոչ է անում իր կողմնակիցներին, ինչպես նախկինում՝ ընդդիմության հանրահավաքներին զուգահեռ, ի՞նչ խնդիր է փորձում լուծել, ի՞նչ մեկնաբանություն ունեք իրավիճակի հետ կապված։

- Փաշինյանն իր վարքին համապատասխան, որը ենթադրում է տոտալիտար անհատին բնորոշ վարքականոն, էմոցիոնալականություն, ամբոխավարություն՝ պոպուլիզմը, այդ կեղծիքը, մանիպուլյացիաների գործիքը, փորձում է ընդամենը երկարաձգել իշխանության ղեկին մնալը։ Մյուս կողմից, կան նաև ինֆորմացիաներ, որ մարտի սկզբին որոշակի փաստաթուղթ է ստորագրվելու, որով կոմունիկացիոն պրոյեկտների ճանապարհային քարտեզ է սկսելու իրականացվել։ Բայց խնդիրն այստեղ ավելի շատ խորքային է։ Փաստորեն Գլխավոր շտաբի այսօրվա հայտարարությունը, որը կապված էր նաև առաջին տեղակալի նկատմամբ [ԳՇՊ առաջին տեղակալին աշխատանքից ազատելու] նմանօրինակ որոշում կայացնելու հետ, ընդամենն առիթ էր, պատճառը շատ ավելի խորքային էր։ Իհարկե, պակաս փաստարկված չեն այն թեզերը, որ Գենշտաբը և բանակը՝ առհասարակ որպես պետության հիմնական պաշտպան և անվտանգության երաշխավոր, դիրքորոշումը դեռ նոյեմբերին պետք է ասեր, բայց ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ դա չունեցանք։ Հիմա ունենք այդ իրողությունը, որ հայկական զինված ուժերի գեներալները ստորագրել են գործող վարչակազմի հրաժարականի պահանջը։

Խնդիրը հետևյալն է լինելու՝ գործողը փորձելու է քաղաքականությունը հանել փողոց, այնտեղ բնականաբար սադրիչներ են լինելու, եթե խելամիտ որոշում չկայացնեն իհարկե։ Սադրիչներ են լինելու, փորձելու են անկարգություններ խթանել, կազմակերպել, որոնց արդյունքում ես չեմ բացառում, որ կարող են շատ վատ, այդ թվում՝ նաև ցավալի մարդկային կորուստներ լինել։ Կարծում եմ, որ երկրի ղեկավարը, եթե առհասարակ այդպիսին հանդիսանում է, պետք է հասկանա իր հայտարարության բովանդակությանը և այն ռիսկերը, որոնք կան։ Ի դեպ, սա առաջինը չէ այդպիսի հայտարարությունների մասով։ Ես ինչ հիշում եմ, գործող վարչապետը  քաղաքացիական բախումների կոչեր է արել։  Այնպես էլ այսօրվանն այդ շղթայի հերթական դրսևորումն է։ Բայց գինը շատ բարձր է, և այդ գինը կարող է լինել մարդկային կորուստներ։ Իշխանությունն իր համար դարձել է արժեք, իր համար դարձել է ինքնապաշտպանության միջոց , և ինքն ամեն ինչ փորձելու է անել, որպեսզի այդ իշխանությունից չզրկվի և այդ իշխանությունը պահպանի։ Մենք ունեցել ենք 5 հազար զինվորի կորուստ, մինչև 10 հազար վիրավոր, դավադիր պատերազմ, որի արդյունքում ունեցել ենք տարածքային կորուստներ։ Օր առաջ նման վարչակարգը, այն մարդիկ, որոնք պատասխանտվություն են կրում այդ արարքի համար, պետք է իշխանազրկվեն։