Հայհոյանքի հոդվածով մեղադրվող Հրանտ Ավետիսյանը ժամանակին տպվել է «ՀԺ»-ում, երբ Սերժին էր հայհոյում

Հայհոյանքի հոդվածով մեղադրվող Հրանտ Ավետիսյանը ժամանակին տպվել է «ՀԺ»-ում, երբ Սերժին էր հայհոյում

Արդեն 4 ամիս է, ինչ Հայաստանը նոր քրեական հոդված ունի՝ Քրօր․ 137.1՝ «Ծանր վիրավորանք հասցնելը»: Ըստ հոդվածի, անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ նույնն է, թե հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը, կարող է պատժվել 100 հազարից մինչեւ կես միլիոն դրամի տուգանքով։ Եթե նույն անձի նկատմամբ եւ պարբերաբար է տեղի ունեցել, ապա պատիժը 1-3 միլիոն դրամի տուգանքն է կամ կալանքը՝ 1-3 ամիս ժամկետով:

Ծանր վիրավորանք հասցնելու մեղադրանքով քանի՞ գործ կա: Դատախազությունից հայտնում են, որ դեռեւս չեն ամփոփել, թիվ չունեն, իսկ ոստիկանության տվյալներով, դրանք մոտ մեկ տասնյակ են, սակայն, որպես կանոն, հարուցումից այն կողմ գործը չի գնում: Հասկանալի է, որ ամենահայհոյված անձը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, իսկ հանցագործության վայրը՝ Ֆեյսբուք սոցիալական ցանցը, եւ հոդվածն էլ հիմնականում ներմուծվել է դա կանխելու նպատակով: Հայհոյանքներ գրում են հիմնականում հանրային գործիչների լուսանկարների ու գրառումների տակ: 

Օրենքի առաջին զոհը Հրանտ Ավետիսյանն էր, որի դեմ գործ է քննվում: Նա փիս-փիս բաներ էր գրել վարչապետի լուսանկարի տակ, որոնց մեջ կար «շան ծիծ» բառակապակցությունը: Հրանտ Ավետիսյանի մասին գրվեց, որ դա ֆեյք է, իրականում ֆեյք չէ, այլ 90-ականներին քաղաքական շրջանակներում հայտնի ազգայնական գործիչներից է, որն այն խառը ժամանակներում եղել է ՀՀԿ-ի ու ՀԱԲ-ի ստեղծման ակունքներում, մասնակցել է արցախյան առաջին պատերազմին: Հրանտ Ավետիսյանը եղել է պաշտպանության փոխնախարար Վահան Շիրխանյանի դստեր առաջին ամուսինը, որը հետագայում եղբոր՝ Արծրունի Ավետիսյանի հետ մեկնել է Ֆրանսիա եւ այժմ Ֆրանսիայից է մասնակցում Հայաստանի իրադարձությունների քննարկումներին: Ի՞նչ գիտի Ավետիսյանն իր դեմ հարուցված քրեական գործի մասին:

Մեր հարցին նա հեռախոսով պատասխանեց. «Ոչինչ չգիտեմ, ինձ հետաքրքիր էլ չէ: Ոնց որ բացել են, այնպես էլ կփակեն: Ես ո՛չ իրենց, ո՛չ էլ այդ գործի հետ գործ չունեմ»: Ավետիսյանը պատմեց, որ Սերժ Սարգսյանի նախագահության օրոք տպվել է «Հայկական ժամանակում», Ֆեյսբուքում Աննա Հակոբյանի ընկերներից է եղել: «Աննա Հակոբյանը տեսավ, որ քննադատում եմ Սերժին, ընկերություն էր տվել, հեղափոխությունից հետո էլ ուզում էին պաշտոն առաջարկել, բայց ինձ պաշտոններով չեն կարող գերել: Երբ սկսեցի Նիկոլին քննադատել, մի անգամ էլ գրեցի Ֆեյսբուքում՝ որ տեսեք, Փաշինյանին քննադատում եմ, իսկ նրա կինն իմ ընկերների թվում է, Աննան ինձ ջնջեց ընկերներից»,- պատմում է Ավետիսյանը: 

Օգտատեր Մանուել Մանուկյանը Փաշինյանին ֆեյսբուքյան լայվում ընդամենը անվանել էր «զիբիլի վրայի կատու» ու Քաջ Նազար եւ նույնպես հայտնվել է իրավապահների թիրախում: Նրա դեմ եւս հայհոյանքի հոդվածով գործ է հարուցվել: Ի՞նչ ընթացք ունի գործը, նա եւս չգիտի: Ձեզ կանչե՞լ են՝ հարցին պատասխանում է. «Քննիչը վատառողջ է, երկուշաբթի պետք է գնամ»: Մանուկյանն արցախյան երկու պատերազմների մասնակից է, որը, փաստորեն, ըստ Երեւան քաղաքի քննչական վարչության, ծանր հանցագործություն է կատարել:

Հետաքրքիր է, որ քրեական գործի հարուցումը Մանուկյանին չի կանգնեցրել: Առանց «Նիկոլ» բառը նշելու, նա հիմա էլ շարունակում է Ֆեյսբուքում ելույթներ ունենալ՝ դիմելով ոմն «Փրչոտի», «Սատանայի ծառայի»։ «Մարդիկ գիտեն, որ ես իրենց չեմ խաբի, ես քեզ նման չեմ կանգնել ԱԺ ամբիոնին, գոռացել՝ պատրաստ եմ զոհվելու հանուն հայրենիքի, եւ հետո թաքնվել դեսպանատների պադվալներում։ Ես լուռ զենքս վերցրել եւ գնացել եմ դիրքեր եւ ես իմ ապրածով եմ մարդկանց ապացուցում, ոչ թե լեզվիս ճարտարությամբ։ Դու սպանել ես իմ ընկերներին, իմ հրամանատարներին, մի ողջ սերնդի եւ դու պատասխան պիտի տաս»,- ասում է Մանուկյանը սույն անհայտ Փրչոտին: 

Ի դեպ, Մանուելի գրառումների տակ բազմաթիվ հայհոյանքներ են գրել այլ օգտատերեր՝ «տականք Քոչի թուլա», «զիբիլի վրայի կատվի ոջիլ» եւ այլն, սակայն ազատամարտիկին ծանր վիրավորանք հասցնելու համար որեւէ մեկը քրեական հետապնդման չի ենթարկվում: «Պահանջում եմ ոստիկանությունից, որ իմ նյութերի տակ վիրավորանք եւ բռնության կոչ անողների դեմ քրգործեր հարուցվեն, գործն ուղարկեն քննչական եւ մեղադրանք առաջադրեն։ Դե որ օրենքով եք ուզում, դե բարի եղեք օրենքը հավասարազոր ապահովել»,- նշում է երիտասարդը: 

Նույնը ոստիկանությունից օրերս պահանջել էր «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը: Նա ոստիկանությանը հաղորդում էր ներկայացրել հանցագործության մասին, որտեղ նշել էր, որ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գիրքը պարունակում է բազմաթիվ հայհոյանքներ՝ ուղղված իր եւ այլ անձանց, պատերազմի զոհերի եւ նրանց հարազատների դեմ, եւ պահանջել «օր ու գիշեր հայհոյանք տարածող Նիկոլ Փաշինյանին կանչել պատասխանատվության»: 

Ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ Գ. Մկրտչյանը մերժել է քրեական գործի հարուցումը՝ գտնելով, որ «կոնկրետ հանցագործության հատկանիշներ մատնանշող որեւէ տեղեկություն, դրանք հիմնավորող որեւէ հանգամանք կամ փաստական տվյալներ չեն հայտնաբերվել»: Սա ի՞նչ է, միակողմանի հոդվա՞ծ՝ Փաշինյանի պաշտպանությունն ապահովելու համար: «Ոչ, սա վախի մթնոլորտ տարածելու համար է արվում, որ վախից հասարակական կարծիք չձեւավորվի Նիկոլի դեմ, դրա համար է արվում: Նա հիմա իր բոլոր ընդդիմախոսներին փորձում է լռեցնել»,- ասում է Զարուհին: 

Փոստանջյանը մեղադրվում է նաեւ Փաշինյանին սպառնալիքներ տալու համար: Մարտի 15-ին՝ Սողոմոն Թեհլերյանի Նեմեսիս գործողության 100-ամյակի կապակցությամբ, նա ելույթ է ունեցել Թեհլերյանի կիսանդրու մոտ եւ ասել. «Նիկոլ, դու մահվան համբույրը ստացել ես վերելակի մեջ՝ Ալիեւից: Մեկ է, պատիժը լինելու է, լինելու է դատավճռով, պատժվելու են ոչ միայն տղամարդիկ, այլեւ կանայք»: «Քննիչները սա դիտարկել են որպես սպառնալիք կառավարության ներկայացուցչի դեմ, էլի խոսքի ազատության դեմ հոդվածով: Բայց սպառնալիքը պետք է լինի իրական: Ես այս գործով մեղադրյալ եմ, ստորագրություն եմ տվել չհեռանալու վերաբերյալ: Այսինքն՝ միայն հայհոյանքի հոդվածը չէ: Նա ինչքան կարողանում է, վատություն է անում»,- ասում է Զարուհի Փոստանջյանը:  

Համացանցի հայախոս հատվածը, որը բնակվում է Հայաստանի սահմաններից դուրս, հայհոյանքը քրեականացնելուց հետո էլ հանգիստ շարունակում է հայհոյել ՀՀ պաշտոնական վերնախավին: Իսկ ՀՀ բնակիչները, զսպելով «քֆուրի» պահանջը, որը վերջին երկու տարում հատկապես սրվել է Հայաստանում, տասնապատկում ու հազարապատկում են սփյուռքից եթեր մտնող բլոգերների լսարանը: 

Իր հայհոյանքներով հայտնի բլոգեր, նախկինում ռազմական ոստիկան Դոգը՝ Վարդան Ղուկասյանը, օրինակ, այն պահից, երբ հայհոյանքը քրեականացվեց, արգելեց հայաստանյան իր լսարանին կիսվել իր հաղորդումներով՝ քրեական հետապնդումներից խուսափելու համար: Այսօր՝ հայհոյանքի դեմ օրենքի ընդունումից 3 ամիս անց, Դոգի վիրտուալ լսարանը մոտենում է 200 հազարի: Ի դեպ, նրա դեմ եւս քրեական գործ է հարուցված՝ դատավոր Արշակ Վարդանյանի բողոքի հիման վրա։ 
Ստացվում է, որ հայհոյանքի սահմանափակումը քրեական մեթոդներով համացանցի գերիշխանության եւ վիրտուալ իրականության մեր դարում, կտրուկ ավելացնում է դրա տարածումը, իսկ ատելության խոսքն այլ դրսեւորումներ է ստանում: Օրինակ, ծնվեց «սյունյաց ողջույն» արտահայտությունը, որը նույն ծանր վիրավորանքն է, որովհետեւ հիշեցնում է, թե ինչ ծանր վիրավորանքներ էին տալիս Փաշինյանին՝ ապրիլին Սյունիք կատարած այցի ժամանակ: 
Բավական խոսվել է այն մասին, որ նոր հոդվածն ընդունվել է հապճեպ, անորոշ սահմանումներով, առանց հանրային ու մասնագիտական լայն քննարկման եւ ժամանակին իրավապաշտպանների կողմից՝ արտասահմանցի եւ տեղական, բնորոշվել է որպես ժողովրդավարության ու ազատ խոսքի իրավունքի հետընթաց: ՄԻՊ-ն էլ դիմել է ՍԴ՝ վիճարկելով նոր դրույթի սահմանադրականությունը: