Եվրամիության երկակի ստանդարտները. ինչո՞ւ ԵՄ-ն չի պահանջում Հայաստանի ապաօլիգարխացում

Եվրամիության երկակի ստանդարտները. ինչո՞ւ ԵՄ-ն չի պահանջում Հայաստանի ապաօլիգարխացում

Հունիսի 23-ին Եվրամիությունը վերջնականապես մերժեց Վրաստանի՝ ԵՄ անդամություն ստանալու հայտը՝ այդ երկրին ներկայացնելով 12 պահանջ, որոնց կատարման դեպքում միայն կանդրադառնան անդամության հարցին: Այդ պահանջներից ամենագլխավորը Վրաստանի ապաօլիգարխացումն է: ԵՄ չինովնիկները համարում են, որ Վրաստանի իշխանության ստվերային ղեկավարն օլիգարխ Բիձինա Իվանիշվիլին է: Վերջինս Վրաստանում ոչ մի պաշտոն չի զբաղեցնում. 2013 թվականին լքեց Վրաստանի վարչապետի պաշտոնը, իսկ 2021 թվականի հունվարից հրաժարական տվեց իր իսկ ստեղծած «Վրացական երազանք» կուսակցության նախագահի պաշտոնից եւ ընդհանրապես դուրս եկավ կուսակցությունից՝ հայտարարելով, թե այլեւս չի զբաղվելու քաղաքականությամբ: Քանի որ Եվրամիությունն ապաօլիգարխացում ասելով նկատի ունի Վրաստանի իշխանական համակարգի վրա Իվանիշվիլու ազդեցության զրոյացումը, հարց է առաջանում, թե ինչ ճանապարհով դա պետք է արվի, որպեսզի ԵՄ-ում համոզվեն, որ այդ ազդեցությունը չկա: Նրան Վրաստանից արտաքսելն էլ լուծում չէ, քանի որ դրսից կարող է այդ ազդեցությունը շարունակվել: Մնում է երկու տարբերակ. կա՛մ նրա ֆիզիկական ոչնչացումը, կա՛մ Վրաստանում նոր իշխանության ձեւավորումը:

Ինձ ծանոթ մի վրացի լրագրող այս առիթով ասում է, որ մի տարբերակ էլ կա․ ԵՄ-ն կհրաժարվի Վրաստանի ապաօլիգարխացման իր պահանջից, եթե Վրաստանի իշխանությունները փոխեն Ռուսաստանի նկատմամբ ունեցած իրենց դիրքորոշումը: Վրաստանը որոշ հարցերում միացել է Ռուսաստանի դեմ Արեւմուտքի սահմանած պատժամիջոցներին, այդ երկրից հեռացել են ռուսական ՎՏԲ բանկը, Ռոսնեֆտը: Բայց Վրաստանը Լիտվայի օրինակով չի սահմանափակում Ռուսաստան ապրանքների ներմուծումն ու արտահանումը: Վրաստանի իշխանությունները սա պատճառաբանում են իրենց երկրի տնտեսական շահերով:

Թե ինչ որոշում կկայացնեն ԵՄ իշխանությունները Վրաստանի հարցով, եւ թե ինչպես դրան կարձագանքեն Վրաստանի իշխանությունները, իրենց խնդիրն է: Մեր հարցն այն է, թե ինչու Վրաստանի ապաօլիգարխացում պահանջող ԵՄ իշխանությունները նույնը չեն պահանջում Հայաստանից: Արդյոք միայն ա՞յն պատճառով, որ Հայաստանը ԵՄ անդամության հայտ չի ներկայացրել: Բայց, մյուս կողմից, ԵՄ-ն Հայաստանը համարում է իր համար շատ կարեւոր գործընկեր, Հայաստանում ԱՄՆ եւ ԵՄ երկրների դեսպանների մասնակցությամբ եւ աջակցությամբ անցկացվում են ժողովրդավարության հայկական ֆորումներ, աջակցում են երկրի իրավական, տնտեսական եւ սոցիալական կառուցվածքների մոդեռնիզացիային: Այդ դեպքում ինչո՞ւ մի անգամ չեն խոսել ժողովրդավարության եւ օլիգարխիայի անհամատեղելիության մասին, ինչո՞ւ Հայաստանի իշխանությունից չեն պահանջել երկրի քաղաքական համակարգի ապաօլիգարխացում:

Ի տարբերություն Վրաստանի, որտեղ Իվանիշվիլին ոչ մի պետական եւ կուսակցական պաշտոն չի զբաղեցնում, Հայաստանի թիվ մեկ օլիգարխ Խաչատուր Սուքիասյանն իշխող խմբակցության պատգամավոր է: Սուքիասյանն անձնական մեծ ազդեցություն ունի ոչ միայն օրենսդիր, այլ նաեւ Հայաստանի գործադիր, դատական եւ նույնիսկ չորրորդ իշխանության նկատմամբ: Շնորհիվ իշխանության նկատմամբ ունեցած վերահսկողության, նա անընդհատ մեծացնում է իր բիզնես կայսրությունը՝ վերահսկողություն հաստատելով տնտեսության առավել եկամտաբեր ոլորտներում: Հանրությանը հայտնի է, որ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո Սուքիասյանը «Ռան օյլ» ընկերությունը գնելու միջոցով զգալի ներկայություն է ապահովել Հայաստանի նավթամթերքի շուկայում, «Ֆլայ ուան» ավիաընկերության միջոցով մուտք է գործել ավիափոխադրումների ոլորտ, նրան պատկանող ընկերությունները զբաղվում են Երեւանի կենտրոնի առավել թանկ եւ եկամտաբեր տարածքների կառուցապատմամբ` «Այրարատ» կինոթատրոնին կից հատվածից, մինչեւ «Տաշիր» առեւտրի սրահ, շատ դեպքերում՝ առանց շինթույլտվության:

Ինչ է` ԵՄ պաշտոնյաները չգիտե՞ն Սուքիասյանի բիզնես կայսրության մասշտաբների մասին, թե՞ չգիտեն Հայաստանի իշխանության վրա նրա ունեցած հսկայական ազդեցության մասին: Իհարկե՝ գիտեն եւ գուցե ավելի շատ, քան գիտի ցանկացած հայաստանցի: Բայց չեն պահանջում, քանի որ Հայաստանի թիվ մեկ օլիգարխը որեւէ սպառնալիք չի ներկայացնում ԵՄ  արտաքին քաղաքականության համար: Այնպես, ինչպես 10 տարուց ավելի չէին պահանջում Վրաստանի ապաօլիգարխացում եւ պատրաստակամորեն համագործակցում էին Վրաստանի հետ, անգամ այն ժամանակ, երբ Իվանիշվիլին ոչ թե վարչապետ էր նշանակում, այլ ինքն էր Վրաստանի վարչապետը:

Ցավոք, եվրոպացի պաշտոնյաների համար ժողովրդավարությունը, մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը, օլիգարխիայի ազդեցությունից անկախ պետական կառավարումը Հայաստանի նման երրորդ աշխարհի երկրներում ոչ թե գործունեության նպատակ են, այլ ընդամենը ճնշման լծակ, որի միջոցով նրանք փորձում են հասնել իրենց արտաքին քաղաքական խնդիրների լուծմանը: Նրանք պահանջում են Վրաստանի ապաօլիգարխացում, քանի որ Իվանիշվիլին շեղվել է հիմնական քաղաքական գծից եւ անվերապահորեն չի կատարում ԵՄ պահանջները, այն դեպքում, երբ Հայաստանի թիվ մեկ օլիգարխը նրանց համար գլխացավ չի առաջացնում: Եվրոչինովնիկներին առանձնապես չի մտահոգում, որ նման վարքագծով իրենք հեղինակազրկում են այդ արժեքները, երբ քաղաքական նպատակահարմարությունը գերադասում են արժեքներից:

Ավետիս Բաբաջանյան