Նախատեսվում է գործարկել Ստամբուլ-Թեհրան-Իսլամաբադ երկաթուղին՝ 10-ամյա ընդհատումից հետո

Նախատեսվում է գործարկել Ստամբուլ-Թեհրան-Իսլամաբադ երկաթուղին՝ 10-ամյա ընդհատումից հետո

Պակիստանի երկաթուղիների կազմակերպությունը հայտարարել է, որ կվերսկսվի Ստամբուլ-Թեհրան-Իսլամաբադ (ITI) բեռնատար գնացքի կանոնավոր աշխատանքը 2021 թվականի մարտի 4-ին՝ տասնամյա ընդհատումից հետո:

Գրել է իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը։

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Քարաիսմայիլօղլուն երեք երկրների (Թուրքիա, Իրանի Իսլամական Հանրապետություն, Պակիստանի Իսլամական Հանրապետություն) տրանսպորտի նախարարների միջև վերջերս կայացած առցանց հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ընթացիկ տարում նախագիծը կվերագործարկվի:

Պակիստանի երկաթուղիների նախագահ Հաբիբ-ուր-Ռեհման Գիլանին հաստատել է, որ 24 բեռնարկղերով գնացքը կսկսի ուղևորվել Ստամբուլից և 180 ժամ հետո կհասնի Իրանի Սիստան և Բելուջիստան նահանգի Զահեդան քաղաք, ապա կմեկնի Պակիստանի խոշորագույն Կարաչի քաղաք: Գիլանին նաև նշել է, որ ընդհանուր առմամբ գնացքը կանցնի 6566 կիլոմետր:

Առաջին բեռնատար գնացքը սկսել է աշխատել 2009-ի օգոստոսի 14-ին, սակայն որոշ ժամանակ անց դադարել` անվտանգության նկատառումներից ելնելով:

Հոնկոնգյան «Սաութ Չայնա Մորնինգ Փոստ» թերթը հաղորդել է, որ Իրանի, Թուրքիայի և Պակիստանի պաշտոնյաները փորձում են վերակենդանացնել ITI երկաթուղին, չնայած նրան, որ որոշ տեղամասային (պիլոտային) ուղևորություններին, երկաթգիծը դեռ ավարտված չէ: Նշվում է նաև, որ երկաթուղու տեղադրումը կարող է մեծացնել առևտրային փոխանակումները նույնիսկ այլ երկրներում, այդ թվում՝ Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունում, Ադրբեջանում ու Կենտրոնական Ասիայի հինգ պետություններում:

Գնացքը կարող է անցնել Պակիստանի և Թուրքիայի միջև 6500 կիլոմետր երկարությամբ տարածությունը միայն 11,5 օրվա ընթացքում, մինչդեռ ջրային ուղիներով Պակիստանից Թուրքիա ճանապարհորդելը տևում է շուրջ 45 օր:

Ըստ որոշ տեղեկությունների՝ երկաթուղին նախատեսում է միացնել Չինաստանի Սինցզյան Ինքնավար Շրջանը Պակիստանի «Մայրուղի-1» (“Mainline-1“) Կարաչի-Փեշավար երթուղու ծրագիրը, որը պատրաստվում է կրկնապատկել գնացքների արագությունը: Այն Չինաստան-Պակիստան տնտեսական միջանցքի (CPEC) հիմնական նախագծերից մեկն է:

Չինական Սինցզյանի հետ (բնակչության մի մասը կազմում են թյուրքական ծագում ունեցող ույղուրները) կապը նաև կարելի է դիտարկել համաթյուրքականության վտանգը չեզոքացնելու տեսանկյունից։ Ինչպես հայտնի է, տարիներ շարունակ թուրք-ադրբեջանական կողմը շահագրգռված սպասում է Սյունիքի մարզի Մեղրի համայնքով ուղի ունենալուն, որին կողմ են նաև իմքայլականները։ Մեղրիով Թուրքիան և Ադրբեջանը հնարավորություն ունեն ավելի հեշտ կապ ստանալ թյուրքախոս աշխարհի հետ, որն ընդգրկում է նաև չինական Սինցզյան Ինքնավար Մարզի մի հատվածը։   

Երկաթուղու նախագիծը դեռ չի գործարկվել տարբեր պատճառներով, ներառյալ՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցները, երկաթուղին զարգացնելու համար համապատասխան ենթակառուցվածքների բացակայությունը, երկաթուղիների վերակառուցման անհրաժեշտությունը Պակիստանում, որպեսզի հնարավոր լինի միանալ միջազգային երկաթուղիներին: Պակիստանը ծրագրում է 694 միլիոն դոլար ներդնել երկաթուղային գծերում: