Ուսապարկով եկել, ուսապարկով էլ հեռանալու է․․․

Ուսապարկով եկել, ուսապարկով էլ հեռանալու է․․․

Երբ 2018-ին Նիկոլ Փաշինյանը բերվեց իշխանության, ուշադիր հետևում էի նրա գործելակերպին։ Ընդամենը մի քանի ամիսը բավական եղավ՝ համոզվելու, որ նա հայտնվել է այնտեղ, որտեղից չի կարողանալու դուրս գալ։ 
Այսօր, անցած դժնդակ  տարիները ի մի բերելով, կարող եմ արձանագրել, որ ոչ մի բան չի փոխվել։ Նա կա՛ ու շարունակում է կռվել  իր հետ։ Եվ որպեսզի ընթերցողին պարզ լինի, թե խոսքն ինչի մասին է և հոգեբանական տարրերով չծանրաբեռնեմ նյութը՝ մի փոքրիկ բան եմ պատմելու։ Վերջում  իմ մեկնաբանության կարիքը չի լինելու, դուք հասկանալու եք այսօրվա իրավիճակը։ 

«Մեծահարուստ մեկը շքեղ տուն ուներ։ Նրա տան մեծ սրահը ամբողջովին հայելապատ էր․ բոլոր պատերը  հայելի էին։ Այնպես է պատահում, որ տան պահակը գիշերն իր շանը անզգուշաբար մոռանում է մեծ սրահի ներսում, դուռը փակում, գնում է... Էս խեղճ կենդանին հանկարծ տեսնում է, որ շրջապատված է տասնյակ շներով, որոնք վրա են տալիս... Սկսում է աջուձախից իրեն գրոհող շների դեմ կռիվ տալ։ կռվում է, հարվածում, ողջ գիշեր մարտնչում է ԹՇՆԱՄԻ շների դեմ... 
Առավոտյան շանը գտնում են  արնաքամ վիճակում, իսկ հայելիները կոտրատված ու արյունոտ...

Նիկոլ Փաշինյանի կռիվը իր հետ է։ Ցավոք, ինքը ոչ թե մի  անծանոթ սրահում է, այլ լայնարձակ մի երկրում, որը հայելապատ է, ու ինքը չի ճանաչում այդ հերոսական երկիրը։  2018-ից առ այսօր նրա կռիվը ոչ թե նախկինների, այլ բոլոր հայելիներում երևացող առերևույթ թշնամիների դեմ է։ Նախկին ու ներկա չկա։ Նրա համար բոլորը թշնամի են։ Ու մինչև ինքը դուրս չգա  հայելապատ տարածքից, նրա «հաղթական»  կռիվը շարունակվելու է։ Զարմանու՞մ եք,  չէ՞, որ յոթ տարի «թալանչիներ, գողեր, դավաճաններ է ձերբակալում, «ասֆալտին փռում» , բայց բոլորն ազատ ֆռֆռում են․․․

Այսօր այդ պատմությունը հիշեցի, երբ տեղեկացա, որ նա թիկնապահի միջոցով ազգային ժողով է բերել իր ուսապարկը։ Ուսապարկով եկել, ուսապարկով էլ հեռանալու է․․․ Երկար հայելիների հետ կռվել հնարավոր չէ․․․ Կամ պետք է հայելիները փշրել, կամ նա պետք է հեռանա հայելապատ տարածքից։