ԲԴԽ-ն կդիմի ԴԱՀԿ-ին. հայտնի դատավորի գործով նիստը հետաձգվեց

ԲԴԽ-ն կդիմի ԴԱՀԿ-ին. հայտնի դատավորի գործով նիստը հետաձգվեց

Բարձրագույն դատական խորհուրդն այսօր հետաձգեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության վերաբերյալ քննությունը։ 

Այսօրվա նիստին ներկայացել էր նաեւ արդարադատության փոխնախարար Սուրեն Գրիգորյանը, որի հարցին ի պատասխան դատավոր Դավիթ Գրիգորյանի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը նշեց, որ իրենք ընդունում են, որ դատավոր Դավիթ Գրիգորյանը հարցազրույց տվել է, բայց չեն կարող հաստատել, որ հարցազրույցն ամբողջությամբ է վերարտադրված, քանի որ եղել են հարցադրումներ, նախաբան, հրապարակումը սկսում է դատավոր Գրիգորյանի մեկնաբանությամբ։ 

Սահակյանի խոսքով` տրվել են բացառապես իրավական գնահատականներ և հնչեցված արտահայտությունները դատավորին կաշկանդող չեն։ 

Գագիկ Ջհանգիրյանն էլ հետաքրքրվեց՝ արդյոք դատավորը հաստատում է, որ հարցազրույց տվե՞լ է, արդյոք պաշտպանո՞ւմ է հայտնած դիրքորոշումը, ինչին ի պատասխան Գրիգորյանը դրական արձագանքեց։

Այսօրվա նիստը հետաձգվեց այն պատճառով, որպեսզի armdayli.am կայքից պահանջեն հարցազրույցի ձայնագրությունն` այս անգամ ԴԱՀԿ֊ի միջոցով։

Հաջորդ նիստը նշանակվեց օգոստոսի 5֊ին։

Նշենք, որ դատավորի վերաբերյալ կարգապահական վարույթ է հարուցվել armdayli.am-ին տված հարցազրույցի վերաբերյալ։ Նշված հարցազրույցում, անդրադառնալով Քոչարյանի մեղադրանքի վերաորակման հնարավորությանը, դատավորը նշել է, որ մեղադրանքը վերաորակում են, երբ մեղադրանքն առկա է, Քրեական դատավարության օրենսգրքի 309.1 հոդվածի սահմանված հիմքով. «Բայց այս դեպքում, երբ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչվել է հակասահմանադրական, դա նշանակում է, որ տվյալ պայմաններում մեղադրանք գոյություն չունի, իսկ եթե մեղադրանք գոյություն չունի, վերաորակման մասին խոսելն ավելորդ է»։

Հիշեցնենք նաեւ, որ հենց Դավիթ Գրիգորյանը 2019 թ․ մայիսի 18-ին կասեցրեց սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործի քննությունը և դիմեց Սահմանադրական դատարան։ Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց, իսկ Դավիթ Գրիգորյանի նկատմամբ օրեր անց քրեական գործ հարուցվեց՝ մեկ այլ գործով պաշտոնեական կեղծիք կատարելու հոդվածով։ Դավիթ Գրիգորյանի վարույթում գտնվող բոլոր գործերը համակարգչային ծրագրի միջոցով վերաբաշխվեցին այլ դատավորների։