Վախ վաճառողները

Ինչպե՞ս ստացվեց, որ մենք հրաժարվեցինք մեր բոլոր հենման կետերից, կորցրինք համազգային կոնսենսուսը, սկսեցինք կասկածել աքսիոմատիկ ճշմարտություններին: Մեր դաստիարակությունն ու կրթությունը, մեր գեներն ու արժեքային համակարգը չխանգարեցին մեզ, որ կասկածի տակ չդնենք որոշ թեմաներ ու արժեքներ, իսկ բոլոր նրանք, ովքեր կասկածի տակ են դնում եւ թերահավատություն ներշնչում, կատաղի դիմադրության չարժանացան եւ սկսեցին բազմանալ, աճ ու ճուտ տալ եւ ազգակործան իրենց նպատակներում հաջողել: Մենք` հայրենատեր ու ազգային հիշողություն ունեցողներս, պարտվեցինք հայրենիք հանձնողներին, մեր պատմությունն ու անցյալը ջնջողներին:
Պարզվեց, նրանք շատ են, մենք` քիչ: Պարզվեց` պետական եւ ուժային լծակներ ունենալը, պետական բյուջեն ծախսելու եւ ազգակործան ձեռնարկներ ֆինանսավորելու հնարավորությունը կարող են որոշիչ լինել: Իսկ ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը, եւ դա է պատճառը, որ հիմա Հայաստանում «թուրքական մուղամ» է հնչում, ու ազգայինը, հայկականը մերժվում են: Լավ, իշխանության մեջ գտնվողների մոտիվացիան հասկանալի է, բայց ինչո՞վ են առաջնորդվում այդ մուղամին դամ քաշողները, որոնք իշխանության մաս չեն կազմում` գոնե առերեւույթ: Երեկ կարդում եմ՝ կուսակցություններից մեկը, Նիկոլ Փաշինյանին դամ քաշելով, դատապարտել է դրոշն այրելու ակտը. «Սա անուղեղ մոլեռանդություն է... հենց կրակեն, մարդ չի մնալու... դիվանագիտական հարաբերություններ լինեին, Անկարան նոտա էր տալու»: Նման բան գրողն անգամ չգիտի, որ Դաշնակցությունն ամենից շատ զոհեր տված ու կռվող կուսակցությունն է: Իսկ դրոշ այրելը եթե չնվազեցնի, ապա հաստատ չի մեծացնի կրակելու հավանականությունը: Կրակի հավանականությունը ձեր ողորմելի ու վախկոտ կեցվածքն է ավելացնելու:
Կարծիքներ