Տհաճությունների շարք

Անցած շաբաթվա ընթացքում երեք նշանային իրադարձություն տեղի ունեցավ՝ «երկու պլյուս մեկ» ձեւաչափով: Առաջինն ամերիկյան պաշտոնյայի հայտարարությունն էր՝ բարդ լուծումների անհրաժեշտության մասին, ինչին վաղուց ենք սովոր՝ անընդհատ բարդ լուծումների մեջ ենք: Բայց ամեն անգամ սարսռում ենք, երբ հերթական նման խոսքն ենք լսում, որովհետեւ դա պատերազմից հետո միշտ ի հաշիվ Հայաստանի է լինում, ինչը կշարունակվի այնքան, որքան ՀՀ վարչապետի պաշտոնին կմնա Փաշինյան Նիկոլ անուն-ազգանունով անձը: Ով նաեւ այնքան «դուխ» չունի, որ իր հովանավորին հարցնի, թե բավարար չէ՞, արդյոք, բարդ լուծումներ մեզ պարտադրելը: Չէ՞ որ, ի վերջո, ինքն Արեւմուտքի հավատարիմ «շնիկն» է՝ ի տարբերություն Ադրբեջանի ղեկավարի, ով ընդամենը «հուսալի գործընկեր» է: «Հրապարակ»-ի հեղինակներից Էդիկ Անդրեասյանը Նիկոլի ենթակաների առումով այնքան օգտագործեց «շնիկ» բառը, որ հնարավոր չէր դրանից խուսափել Արեւմուտք-Նիկոլ փոխհարաբերությունները ներկայացնելիս: Ինչեւէ, դա առաջին իրադարձությունն էր՝ մեզ համար հերթական տհաճը:
Երկրորդը Նիկոլ-Իլհամ հանդիպման չեղարկումն էր, որ պետք է կայանար Անգլիայում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում: Չեղարկումից հետո հնչեցին երկուստեք մեղադրանքներ: Կարծում եմ, որ երեւույթի լավագույն մեկնաբանությունը տվեց վերլուծաբան Ստեփան Դանիելյանը: Նրա կարծիքով, երկու կողմն էլ ճիշտ էր ասում, երբ մեղադրում էին դիմացինին: Ինչ վերաբերում է Նիկոլ-Իլհամ հանդիպման չեղարկմանը, ապա այն պայմանավորված է եղել նախապես ներկայացված օրակարգի փոփոխությամբ: Երկու-երեք օր անց, օկուպացված Շուշիում մեկնարկած՝ կեղծ տեղեկատվության բացահայտման եւ դրա դեմ պայքարի մեդիաֆորումի շրջանակում Իլհամն անսովոր ձեւով ներկայացրեց չեղարկման մասին տեղեկատվությունը, որից ստացվում էր, որ Նիկոլն ընդհանրապես չցանկացավ հանդիպել ոչ միայն իր, այլեւ ՄԹ-ի վարչապետի հետ:
Այն, որ Նիկոլը չի ցանկացել հանդիպել Իլհամի հետ, պարզ էր: Սակայն ձեւակերպումից պարզ չէր՝ Նիկոլն ընդհանրապես չի ցանկացել հանդիպել նաեւ նորընտիր վարչապետ Քիր Սթարմերի հետ, թե ոչ: Եթե Նիկոլը լիներ հզոր որեւէ պետության ղեկավար, ապա կարող է եւ չցանկանար: Չնայած այդ դեպքում իմաստ չէր ունենա նաեւ ՄԹ այցելելը: Սակայն Հայաստանի նման երկրի ղեկավար, 44-օրյա պատերազմի խայտառակ պարտության խորհրդանիշ անձը կերազեր ՄԹ-ի վարչապետի հետ հանդիպելուն: Ուրեմն, տվյալ դեպքում խոսքը ոչ թե առանձին, այլ եռյակ ձեւաչափով հանդիպման մասին էր: Իհարկե, դա էլ է Նիկոլից համարձակություն պահանջել, սակայն կարծում եմ, որ ինքը գնացել է նվազ դիմադրության ճանապարհով: Այսինքն, ուղղակի խուսափել է Իլհամ-Սթարմեր երկակի ճնշմանը դիմագրավելու անհրաժեշտությունից, ինչն իր ուժերից վեր կլիներ: Ասվածը նշանակում է, որ այդ հանդիպմանը ՄԹ-ի վարչապետը պետք է հանդես գար ադրբեջանամետ դիրքորոշմամբ, ինչին տեղյակ էր Նիկոլը կամ ուներ հարյուր տոկոսանոց վստահություն:
Երրորդ իրադարձությունը կամ, ավելի ճիշտ, դրա վերաբերյալ հայտարարությունն ԱՄՆ ներկայացուցչի ներկայությունն է լինելու ՀՀ ՊՆ-ում՝ խորհրդականի կարգավիճակում: Անկեղծ ասած, չեմ պատկերացնում, թե ինչ խորհուրդներ պետք է տա վերջինս մասնագիտությամբ պատմաբան, մինչեւ 2018-ը մասնավոր դպրոցի ուսուցիչ Պապիկյան Սուրենին: Եթե վերջինս կցվեր ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբին, ապա դա ավելի տրամաբանական կլիներ: Չնայած կարող էր խնդիրներ առաջացնել ՀԱՊԿ-ի առումով, բայց կլիներ գոնե տրամաբանված: Ինչեւէ, երրորդ իրադարձությունը կարող էր ինքնին վատ չլինել, եթե դա օգուտ բերեր Հայաստանին: Քանի որ Նիկոլի վարչապետության հետեւանքով մենք թշնամանում ենք Ռուսաստանի հետ, ու այդ դեպքում վատ չէր լինի ԱՄՆ-ի հետ մերձենալը, եթե, իհարկե, ս. թ. նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններով դեմոկրատների թեկնածուն վերընտրվի: Ինչը խիստ կասկածելի է գործող դեմոկրատ նախագահի ու նախկին նախագահ, հանրապետականների թեկնածու Դ. Թրամփի միջեւ բանավեճից, դրան հետեւած վերջինիս նկատմամբ կատարված մահափորձից հետո: Բայց վախենամ, որ նույնիսկ տեսական այդ դրականությունը վերածվի հերթական տհաճության՝ այնքան ապաշնորհ է գործող իշխանությունը հատկապես արտաքին քաղաքականության ասպարեզում: Եվ կրկին ականատես կլինենք «Արեւմուտքը մեզ կփրկի» բանաձեւի հերթական տապալմանը:
Կարծիքներ