Նիկոլ Փաշինյանի կենսագրությունը սկսվում է 2018 թվականի մայիսի 1-ից

Նիկոլ Փաշինյանի կենսագրությունը սկսվում է 2018 թվականի մայիսի 1-ից

Հայ հասարակությունը վրդովված է՝ քննարկում են, դատապարտում են Նիկոլ Փաշինյանի որոշումը՝ կոնսուլտացիաներ սկսել ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հետ եւ խաղաղապահ զորամիավորում ուղարկել Ղազախստան՝ «այդ երկրում իրավիճակի կայունացման եւ կարգավորման նպատակով»։ 

Շատերն արդարացիորեն հիշեցնում են Ղազախստանի պահվածքը Արցախյան վերջին պատերազմի ժամանակ եւ պատերազմից հետո շնորհավորանքներն՝ ուղղված Իլհամ Ալիեւին, երկրի «տարածքային ամբողջականությունը վերականգնելու առիթով»։ Հիշեցնում են, թե ինչպես ՀԱՊԿ-ը մի կողմ քաշվեց, երբ մեր երիտասարդները հազարներով զոհվում էին Արցախում, հետո՝ երբ ադրբեջանցիները հարձակվում էին մեր սահմանների վրա եւ գրավում էին Հայաստանի սուվերեն տարածքը, իսկ ՀԱՊԿ-ը պարտավորություն ունենալով պաշտպանելու անդամ երկրներին արտաքին վտանգից, կողքից դիտում էր։ 

Իսկ այս պարագայում Ղազախստանի նկատմամբ ոչ մի արտաքին վտանգ ու հարձակում չկա՝ ընդամենը ներքաղաքական խնդիր է, որին խառնվելու իրավունք ՀԱՊԿ-ը չունի։ Հիշեցնում են նաեւ, որ Ղազախստանի նախագահը՝ Կասիմ Ժոմարտ Տոկաեւը ու էքս նախագահը՝ Նուրսուլթան Նազարբաեւը թյուրքալեզու երկրների ղեկավարներին բնորոշ ոգեւորությամբ ողջունում էին Հայաստանի պարտությունը եւ թյուրքական պետությունների միավորման հեռանկարը՝ պանթուրքիզմի դրոշի ներքո։ Հիշեցնում են նաեւ, որ Ղազախստանը երբեք՝ անգամ նախկին իշխանությունների ժամանակ պրոհայկական որեւէ դրսեւորում, որեւէ քայլ չի արել, հակառակը՝ միշտ պաշտպանել է Ադրբեջանի շահերը։ 

Ոմանք ավելի հեռուն էին գնում՝ հիշելով, որ Նիկոլ Փաշինյանը 2008-ի մարտի 1-ի ակտիվ մասնակիցներից էր եւ 2018-ին էլ իշխանության է եկել ժողովրդական ընդվզման ճանապարհով ու ղազախ ժողովրդի ընդվզումը խեղդելը, այնտեղ զինված ուժեր ուղարկելը առնվազն հակաժողովրդավարական է եւ սեփական անցյալը հերքելուն ուղղված։ Որ փողոցով իշխանության եկած անձը չի կարող փողոցը, մարդկանց բողոքը ճնշելու կողմնակից լինել։ Դա կնշանակի, որ դու ոչ թե թավշյա, ժողովրդական հեղափոխության մարտիկ ես, այլ Պուտինի եւ Լուկաշենկոյի գործի շարունակողը։ 

Մարդիկ նաեւ վերլուծում են պատճառները, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ հակասում իրեն, իր հայտարարած սկզբունքներին եւ զորք ուղարկում Ղազախստան։ Ամենատարածված բացատրությունն այն է, որ նա Պուտինի հնազանդ ենթական է դարձել եւ անում է այն, ինչ իրեն ասում է Ռուսաստանի նախագահը։ Մինչդեռ ժամանակին բոցաշունչ ճառեր էր ասում Պուտինի կոշիկները լիզողների մասին ու արհամարհում ՌԴ նախագահին։ Եղան բացատրություններ, որ նա զորք է ուղարկում Ղազախստան, որ երբ հետո իր դեմ ժողովուրդը ոտքի կանգնի՝ իրեն օգնելու համար էլ ՀԱՊԿ-ը Հայաստան զորք ուղարկի։ 

Բայց ըստ իս կա շատ ավելի պարզ բացատրություն։ Սա պարզապես ինքնահաստատման քայլ է՝ Նիկոլ Փաշինյանը հազիվ մի հնարավորություն է գտել կոնկրետ քայլ անելու եւ որոշել է՝ որպես ՀԱՊԿ նախագահող երկրի ղեկավար ցույց տալ, որ կարող է նաեւ ահա այսպիսի հզոր քայլեր անել՝ զորք մտցնել, ապստամբություն ճնշել, մեզնից ավելի մեծ պետության ղեկավարներին օգնության հասնել եւ այլն։ Մի խոսքով՝ ուժ ցուցադրել։ Ոչինչ, որ սեփական երկրում եւ մեր երկրի հարցերի լուծման ժամանակ ուժ ցուցադրել չի ստացվում, գոնե՝ դրսում օգտվի այդ հնարավորությունից։

Իհարկե, այստեղ կարեւոր է նաեւ այն, որ նա այս 4 տարում հասցրել է մոռանալ 2018 թվականից առաջ ապրած կյանքը եւ իր կենսագրությունը սկսվում է 2018-ի մայիսի 1-ից կամ 8-ից՝ երբ ՀՀ վարչապետ ընտրվեց։ Նա նախ մոռացավ գլխավոր խմբագրի իր անցյալը, ապա՝ ընդդիմադիր գործչի, հետո՝ հեղափոխականի։ Եւ այսօր նրա գիտակցության մեջ մնացել է միայն վերջին 3 տարին եւ իրեն թվում է, թե ինքը երկրի ղեկավար է ծնվել։ Իսկ երկրի ղեկավարը, որպես կանոն, ատում է զանգվածներին ու հատկապես ցուցարարներին։ Երկու ձեռքով կառչում է աթոռից եւ իշխանությանն ուղղված ամեն վտանգ մերժում է ու վախենում դրանից։ Այդ թվում՝ այլ երկրների իշխանություններին ուղղված վտանգներից եւս։ Զզվում է շարքային մարդկանցից ու նրանց դժգոհությունից։ Համարում է, որ աղքատությունը նրանց գլխում է եւ իրենք են մեղավոր, որ չքավոր են ու վատ են ապրում։ Կարծում է, որ ամեն հեղափոխություն պետք է բնում խեղդել եւ չվախենալ ուժ կիրառելուց։ Իսկ այլ երկրներում տեղի ունեցող հեղափոխությունները կարող են նաեւ վարակիչ լինել քո երկրի քաղաքացիների համար, ուստի պետք է դրանք եւս արմատախիլ անել։ 

Եւ վերջապես՝ ինքը, Լուկաշենկոն, Պուտինը, Նազարբաեւը, Տոկաեւը եւ մյուսները մի ակումբի անդամներ են ու ինքը պետք է արդարացնի էլիտար ակումբակիցների սպասելիքները։ Իսկ թե իր երկրում ինչ կմտածեն իր քայլերի մասին, հերն էլ անիծած։