«Հրապարակ». Փաշինյանը հրահանգում է եւ ինքն էլ օրինակ է ծառայում

«Հրապարակ». Փաշինյանը հրահանգում է եւ ինքն էլ օրինակ է ծառայում

Սեպտեմբերի 17-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը թեպետ մեկնարկելու է օգոստոսի 23-ից, սակայն իշխանությունները, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, արդեն սկսել են այն։ Խոսքը, բնականաբար, Տիգրան Ավինյանի մասին չէ, որը մեկ տարուց ավելի է` այդ գործով է զբաղված։ ՔՊ-ական պատգամավորներին հրահանգվել է` իրենց բակերում, թաղամասերում ակտիվ զրույցներ սկսել քաղաքացիների հետ, շտաբներում հանդիպումներ կազմակերպել եւ զբաղվել Ավինյանի լոբբինգով։

Քարոզարշավի մեկնարկը տվեց նաեւ Նիկոլ Փաշինյանը՝ կիրակի օրը շրջելով մայրաքաղաքի փողոցներով, այցելելով ցուցահանդես, օգտվելով հասարակական տրանսպորտից։ Իհարկե, վարչապետի տիկնոջ հրապարակած տեսանյութից անգամ երեւում էր, որ Փաշինյանն ավտոբուս է բարձրացել ՊՊԾ աշխատակիցների ուղեկցությամբ, իսկ ավտոբուսում նստած մարդիկ նախկինի պես Փաշինյանով ոգեւորված չէին, սակայն իշխանական քարոզչամեքենան փորձեց այդ շրջայցը ներկայացնել այն լույսի ներքո, որ վարչապետը կարողանում է անարգել շրջել փողոցներով, քանի որ մարդկանց սերն ու վստահությունն է վայելում։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նույն օրը Փաշինյանին դավաճան անվանելու համար ձերբակալել են Վարուժան Ավետիսյանի որդուն։ Իշխանության մեր աղբյուրները, այդուհանդերձ, վստահեցնում են, որ Փաշինյանին այդ միջադեպը հետ չի պահի, եւ առաջիկայում նոր փիառի տարբերակներ են սպասվում, քանի որ Փաշինյանի համար Երեւանի հաղթանակը կենսական նշանակություն ունի: