Ես այդ մեղադրանքն ամբողջովին անհիմն եմ համարում
Անիի համայնքապետը իրեն առաջադրված մեղադրանքն անհիմն է համարում, ինչի մասին նա ասաց «Հրապարակին»՝ նշելով, որ Քննչական կոմիտեի՝ իրեն առաջադրված մեղադրանքն անհիմն է, և համայնքապետարանում որևէ չարաշահում չի եղել։
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Անիի համայնքապետարանում առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու ենթադրյալ դեպքի հետ կապված։
Ըստ Քննչական կոմիտեի նախնական տվյալների՝ Շիրակի մարզի Անիի համայնքապետարանի մի խումբ պաշտոնատար անձինք յուրացնելու եղանակով, իրենց վստահված պետական միջոցների առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն կատարելու վերաբերյալ նախնական համաձայնությամբ, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, շահադիտական դրդումներով, օգտագործելով պաշտոնեական դիրքը` առերևույթ կատարել են յուրացումներ:
Այն է՝ նյութական միջոցների շարժին վերաբերող պաշտոնեական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելով՝ 2013 թվականից մինչև 2018 թվականի հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում համայնքապետարանի հաշվեկշռում գտնվող տրանսպորտային միջոցներին հասանելիք վառելիքից ավելի են ծախսագրել:
Նախնական տվյալներով՝ ավելի է ծախսագրվել ընդհանուր առանձնապես խոշոր չափերով` 2.550 լիտր բենզին, 3.767.090 ՀՀ դրամի արժեքով սեղմված գազ, ինչպես նաև «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենայի համար դուրս է գրվել 400.000 ՀՀ դրամ կապիտալ վերանորոգման գումար` այն դեպքում, երբ հիշյալ ավտոմեքենան փաստացի չի վերանորոգվել, և այդ ամենը յուրացման եղանակով հափշտակվել է:
Բացի այդ, չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը՝ համայնքապետարանի պաշտոնատար անձինք մեկ այլ պետական հիմնարկում փաստացի աշխատող քաղաքացուն ընդունել են աշխատանքի` որպես վարորդ, և 2013 թվականից մինչև 2018 թվականի հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում աշխատավարձի տեսքով նրան վճարել 4.327.302 ՀՀ դրամ գումար՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի նյութական վնաս:
«Ինձ երեկ են կանչել հարցաքննության, մեղադրյալի ինչ-որ ստատուս են տվել, որը մենք, իհարկե, անհիմն ենք համարում, համայնքապետարանում նման բան չի եղել»,- ասաց համայնքապետ Արտակ Գևորգյանը։
Զրուցեցինք նաև նրա փաստաբան Արամայիս Հայրապետյանի հետ:
«Մեղադրանք է առաջադրվել 177-րդ հոդվածի 2-րդ մասով՝ վատնում 600 հազար դրամի կարգի, և պաշտոնեական կեղծիք` 179-րդ հոդվածի 2-րդ մաս։ Քրեական գործով անցնում են աշխատակազմի ղեկավարը՝ նույն հոդվածի օժանդակություն։ Այս դրվագն իրավական որևէ հիմնավորում չունի, մարդը հաճախել է աշխատանքի, աշխատավարձ ստացել է, հիմա կմեղադրեն, թե իբր ամսվա մեջ տարվա կտրվածքով ամեն ամիս 10 հազար դրամ ավել է վճարել, էդ է, բենզինի հետ կապված այնտեղ որևէ բան չկա»,- ասաց Հայրապետյանը։
Կարծիքներ