Հակահեղափոխության թեման փակվեց

Հակահեղափոխության թեման փակվեց

Մայիսի 18-ին Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքում «Ազատ հայրենիք» կուսակցության կազմակերպած հանրահավաքին ելույթ ունենալով` նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ իր գլխավորած քաղաքական ուժը սատարում է Հայաստանի իշխանություններին եւ նրանց վարած քաղաքականությանը:

Նա միաժամանակ միասնության եւ համախմբվածության կոչ է արել` ակնհայտորեն նկատել տալով, որ Արցախում քաղաքական եւ հանրային լայն կոնսոլիդացում կարող է տեղի ունենալ միայն «Ազատ հայրենիք» կուսակցության շուրջ: Արայիկ Հարությունյանը, այսպիսով, փակել է Արցախում «հակահեղափոխություն խմորելու» թեման, քանի որ եթե քաղաքական գործընթացների առաջատարը եւ հանրային ամենալայն աջակցություն վայելող ուժն իր գլխավորած կուսակցությունն է, որը կանգնում է Հայաստանի իշխանությունների հետ նույն գծի վրա, ուրեմն եթե նույնիսկ կան արցախյան առանձին խմբեր ու խմբավորումներ, որոնք ընդդիմադիր են Նիկոլ Փաշինյանին, միեւնույն է` հասարակության մեծամասնության աջակցությանը նրանք չեն կարող հասնել:

Սա արցախյան ներքաղաքական հստակ իրողություն է` զարգացումներին տոն է տալիս Ազատ հայրենիք կուսակցությունը: Իշխանաձորում անցկացված բազմամարդ հանրահավաքը դրա վկայությունն էր: Օրը ընտրված էր քաղաքական ճշգրիտ հաշվարկով` մայիսի 18-ը Հայաստան-Արցախ միասնության խորհրդանիշն է: Արայիկ Հարությունյանը հենց այդ համատեքստում տվեց եկող տարի Արցախում կայանալիք նախագահական ընտրություններին իր մասնակցության մեկնարկը:

Հետեւությունը մեկն է` Արցախը նախագահական ընտրությունների է գնում Հայաստանի իշխանություններին անվերապահ վստահությամբ եւ նրանց լիակատար աջակցելու նպատակադրվածությամբ: Ներարցախյան քաղաքական դիսկուրսը, այսպիսով, առաջիկա ամիսներին կառուցվելու է հենց այդ առաջնահերթության վրա: «Ազատ հայրենիք» կուսակցությունը դրանով մեծ պատասխանատվություն է ստանձնում: Ներկա բարդ իրավիճակում նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանն իր վրա է վերցնում Հայաստան-Արցախ հարաբերությունների անխաթարելիությունը պահպանելու առաքելություն: Դա, ինչպես հասկացվեց Հայաստանի վարչապետի այսօրվա ելույթում Արցախի ժողովրդին ուղղված կոչից` աջակցելու այն ուժերին միայն, որոնք Հայաստանի կառավարության ուղեգիծն են պաշտպանում, Երեւանում գնահատվել է ըստ արժանվույն:

Ձեւավորվում է քաղաքական նոր իրավիճակ, երբ գործընկեր են դառնում Հայաստանի իշխանությունը եւ Արցախի ամենամեծ եւ հանրային լայն աջակցություն վայելող քաղաքական ուժը` «Ազատ հայրենիք» կուսակցությունը: Դա հնարավորություն է` պահպանելու Հայաստան-Արցախ քաղաքական երկխոսությունը` նպատակ ունենալով Արցախում ձեւավորել համարժեք իշխանություն: Դիմադրություն, անշուշտ, լինելու է: Մանավանդ` Արցախում: Բայց, ինչպես ցույց են տալիս դիտարկումները, նախկին վարչապետի գլխավորած կուսակցությունը գնալով ավելի մեծ հանրային աջակցություն է ստանում:

Որեւէ իրական որոշում առանց այդ կուսակցության մասնակցության հնարավոր չէ կայացնել: Իսկ «Ազատ հայրենիքն» ընտրությունը կատարել է` սատարել Հայաստանի իշխանություններին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Արայիկ Հարությունյանը փակեց Արցախի «հակահեղափոխականության» թեման: Սկսվում է ներքաղաքական վերադասավորումների շրջան, որի մասին Իշխանաձորում հանրահավաքին խոսել է նա` պատրաստակամություն հայտնելով ընտրությունների գնալ դաշինքով: Այդ կոչը, կարելի է չկասկածել, արձագանքներ կունենա: Մոտակա ամիսներին, երեւի, Արցախում կձեւավորվի քաղաքական նոր բեւեռ` «Ազատ հայրենիք» կուսակցության եւ նրա առաջնորդ Արայիկ Հարությունյանի շուրջ: