Ծնողավարություն. ինչպես լինել հեղինակություն երեխայի համար

Ծնողավարություն. ինչպես լինել հեղինակություն երեխայի համար

Սխալ է կարծել, որ երեխան մաքուր թուղթ է, իսկ մենք` նկարիչներ` կախարդական վրձիններով: Այդ թղթի վրա արդեն կան էսքիզներ, որոնք մենք պարզապես պետք է ավարտին հասցնենք` փորձելով այդ ընթացքում նրանց համար հեղինակություն դառնալ:

Իհարկե` բարդ է երեխա դաստիարակելը: Չէ՞ որ դաստիարակությունը գործընթաց է, որը կախված է բազմաթիվ հանգամանքներից` մեր համոզմունքներից, մեր ծնողների համոզմունքներից, մեր առողջությունից ու բնավորությունից, ընտանիքի ամբողջականությունից, երեխաների քանակից և մեր ֆինանսական հնարավորություններից:

Բոլորս ցանկանում ենք, որ մեր երեխան լինի առողջ, խելացի, հաջողակ: Եվ յուրաքանչյուրը ձգտում է տալ այդ ամենը  երեխային` կիրառելով դաստիարակության տարբեր ձևեր: Սակայն երբեմն անսահման սիրո մեջ ծնողները սխալներ են թույլ տալիս ու կորցնում հեղինակությունը երեխայի մոտ, և դաստիարակության գործընթացն ավելի է բարդանում:
Հեղինակություն ունեցող ծնողի կարծիքը երեխայի համար ամեն ինչից արժեքավոր է: Նրա հետ երեխան ուզում է ու իրեն  հաճելի է ժամանակ անցկացնել, նրա  հետ կիսվում է, կարևորում է ծնողի կյանքն ու հոգեկան վիճակը: Որքան էլ տարօրինակ թվա, հեղինակություն դառնալն այդքան էլ հեշտ չէ, քանի որ դրա համար միայն երեխա լույս աշխարհ բերելը բավարար չէ: 

Մի քանի սկզբունք
Հարգում ենք երեխաներին 

Հարգեք երեխայի կարծիքն ու ցանկությունները, եթե նա դրանց մասին խոսում է հարգալից հնչողությամբ, և տվեք նրան ընտրելու հնարավորություն: Նույնիսկ նրանց գործած սխալներին պետք է հարգանքով վերաբերվել, չէ՞ որ դրանք նրանց կյանքի մի մասն են: Սա չի նշանակում, որ լուրջ խախտումները պետք է ներել: Պարզապես նրան պետք է բացատրել իր արարքի հնարավոր հետևանքները: Եվ կարիքի դեպքում համապատասխան պատիժ կիրառել: Երեխային բացատրելով, որ բոլորս էլ սխալներ գործում ենք` մենք նրա մոտ վստահություն ենք ձևավորում, որ մենք թիմ ենք, իսկ ինքը` լիիրավ մասնակից:

Սահմանում ենք կանոններ
Կանոններ կան բոլոր ընտանիքներում` վարքի կանոններ, օրվա ռեժիմ, սնվելու ռեժիմ: Այդ կանոնները պետք  է միաձայն ընդունվեն և' հայրիկի, և' մայրիկի կողմից, և չխախտվեն երեխաների ներկայությամբ: Եթե դուք երեխային արգելում եք հեռուստացույցի մոտ ուտել, ապա դուք` ինքներդ, այդպես պետք է չանեք: Այդ կանոնների մասին պետք է իմանան նաև տատիկ-պապիկները: Հակառակ դեպքում, երբ նրանք խախտում են այդ կանոնները, խաթարում են երեխայի կյանքի ամենակարևոր մարդկանց` ծնողների հեղինակությունը: Երեխան հասկանում է, որ ծնողներին կարելի է խաբել նրանց բացակայության ժամանակ:

Բաժանում ենք պարտականությունները
Երեսառածությունը չլսելու հիմքն է: Եվ երեխան այս դեպքում չի ցանկանում կատարել իր պարտականությունները: Դա առաջանում է ծնողների կողմից ամեն ինչ թույլատրելու, երեխային բոլոր տեսակի դժվարություններից ազատելու հետևանքով, նույնիսկ այն պարտականություններից, որոնք համապատասխանում են նրա տարիքին: Ընտանիքում բոլորը պետք է ունենան իրենց պարտականությունները:

Միասին անցկացնում ենք հետաքրքիր ժամանակ
Իհարկե` բոլոր ծնողներն էլ իրենց երեխաների հետ ժամանակ անցկացնում են. լողացնում են, կերակրում: Այդ անցկացրած ժամանակը պետք է հաճելի լինի երկու կողմին: Հաճախ, երբ երեխան ուզում է 100-րդ անգամ, օրինակ, պահմտոցի խաղալ, իսկ դուք «դրա հավեսը չունեք», խաղացեք հանուն երեխայի ցանկությունների հանդեպ ձեր ունեցած հարգանքի: Իսկ որպեսզի երեխան սովորի հարգել ձեր ցանկությունները, հանգստյան օրերին, օրինակ, ամբողջ ընտանիքով գնացեք զբոսնելու այնտեղ, որտեղ դուք եք ուզում:

Պահում ենք սահմանները
Ընտանիքի յուրաքանչյուր անդամ պետք է ունենա իր անձնական սահմանները: Չի կարելի ամբողջությամբ ձուլվել մյուսի կյանքի մեջ, եթե նույնիսկ խոսքը ձեր երեխայի մասին է: Առաջին` դուք զրկվում եք սեփական հետաքրքրություններից, երկրորդ` երեխան հոգնում է իր հանդեպ այդ մեծ ուշադրությունից: Ձեր հետաքրքրությունները ձեր կյանքի մասն են, որոնք թույլ են տալիս ձեզ ինքնաարտահայտվել ու հետաքրքիր լինել շրջապատի ու ձեր երեխայի համար:

Ավելացնում ենք գիտելիքի պաշարը
Ձեզ հետաքրքի՞ր են այն մարդիկ, ումից  դուք հետաքրքիր ու նոր բաներ եք սովորում: Իհարկե` այո: Նույնը երեխաներն են: Նրանք շատ հարցեր են տալիս` պարզից բարդ: Եվ դրանց պատասխանելու համար պետք է թարմացնել հիշողությունը, ավելացնել գիտելիքի պաշարը: Իհարկե` երեխան այսօր համացանցից է օգտվում, դիմում ուսուցիչներին, սակայն միշտ թեմայի մեջ լինելը կօգնի ձեզ դաստիարակության հարցում: Նա իր հարցերով միշտ վստահ կդիմի ձեզ:

Վստահում ենք գաղտնիքները
Ոչինչ այնքան չի մտերմացնում, ինչքան վստահելի զրույցները: Կիսվեք երեխայի հետ` ինչպես անցավ ձեր օրը,  ինչ ներքին անհանգստություններ ունեք, և նույնն էլ իրեն հարցրեք: Զգալով, որ վստահում եք իրեն` նա նույնը կվերադարձնի ձեզ:

Գնահատում ենք մեզ ու երեխային
Պատմեք երեխային ձեր առավելությունների մասին: Այո', այո', գովեք ձեզ, սակայն չափը մի անցեք: Երեխայի առավելությունների մասին նույնպես ասեք իրեն:

Կատարում ենք խոստումները
Մեկ չկատարած խոստումը բավարար չէ, որպեսզի խաթարվի ձեր  հեղինակությունը, սակայն երբ դուք անընդհատ խոստանում եք ու չեք պահում ձեր խոստումը, ապա սա ամենահեշտ ուղին է դառնում, երբ երեխան կորցնում է հարգանքը ձեր խոսքի հանդեպ: Մի խոստացեք այն, ինչը չեք կարող կատարել:

Խնդիրները լուծում ենք խաղաղ ճանապարհով
Գոռալ ու նախատել կարող են բոլորը, հատկապես երբ նյարդերը զիջում են: Իսկ հավաքել մտքերն ու հանգստանալ, բարդ է: Երեխան կարող է զայրույթի արժանանալ միայն այն դեպքում, երբ արդեն հանգիստ բացատրել եք, սակայն նա չի լսել: Այս կետի վրա աշխատելն ամենադժվարն է, քանի որ խոսքը վերաբերում է ինքներս մեզ վրա աշխատելուն:

Անահիտ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Նյութի աղբյուր` letidor.ru