Սրանք լրիվ են ոչ ադեկվատ

Սրանք լրիվ են ոչ ադեկվատ

Իսկապես, այս իշխանությունն ամբողջությամբ է ոչ ադեկվատ՝ մեղմ ասած: Պարզվում է, որ կառավարություն կոչված ոչ ադեվատների հավաքածուն «հանճարեղ» որոշում է կայացրել: Իրենց թվում է, թե Երևանն արդեն վերածվել է 20-րդ դարի Փարիզի (այսօրվանն աննախանձելի տեսք ունի՝ վկա ՏԳ ալիքների տեսանյութերը): Ու այդ մտածողությամբ առաջնորդվողների կարծիքով Արագածոտնի մարզի գյուղերից մայրաքաղաք հասնող հանրային տրանսպորտին «պալոժ» չէ Երևանում հայտնվելը: Այն էլ հենց իրենց կողմից արդեն բավական թանկացված տրանսպորտին: Ինչևէ, այդ ուղղությամբ Երևան եկողների համար վերջնականգառ է սահմանվել Աշտարակը: Նախկինում, Հայաստանի հյուսիսային մարզերից եկողների վերջնականգառը Հյուսիսային ավտոկայանն էր կամ Կենտրոնականը՝ Կիլիկիայում: Անհեթեթ այդ որոշմանն ի պատասխան, ըստ «Հրապարակի», 15 գյուղերի բնակիչները Կոշ գյուղի հատվածում փակել են միջպետական Երևան-Գյումրի ավտոճանապարհը:
Վստահ չեմ, որ գյուղացիներին կհաջողվի փոխել տալ աննորմալ այդ որոշումը: Ինչը, բացի «պալոժ» չլինելու խնդրից, վստահաբար, մեկ այլ ենթատեքստ էլ ունի. դա ուղևորների գրպանը թեթևացնելու «մտահոգությունն» է: Իսկ իրականում նրանց գրպանների պարունակության հաշվին տրանսպորտի հասույթների ավելացումը: Ու այստեղ մեր «խեղճ» կառավարությունը բախվում է ոչ միայն ընդդիմության, այլև շարքային քաղաքացիների կողմից դրսևորվող անհասկացության պատին: Մարդիկ չեն հասկանում, որ բյուջեի լցվելն ինքնանպատակ չէ: Որ այն այնուհետև դատարկվում է հանրօգուտ աշխատանքների կամ նմանատիպ այլ ծախսերի իրականացման ուղղությամբ: Ինչը, ինչպես «մեծարգո վարչապետն» է բողոքում, նշանակում է, որ փողը մարդկանց մի գրպանից ընդամենը հոսում է մյուս գրպանը: «Խեղճ վարչապետն», իհարկե, չի պատկերացնում, որ մարդկանց միայն մի գրպանն է ի վիճակի փող պահելու, քանի որ  մնացածները ծակ են: Ու այդ ծակ գրպանները դրված գումարներն ինքնաբերաբար հոսում են դեպի իշխանավորներին բարձր աշխատավարձեր ու պարգևավճարներ հատկացնելուն:  
Ինչպես նաև, չմոռանամ, համայնքային ու միջհամայնքային փողոցներն ու ճանապարհներն ասֆալտապատելու ու «բորդյուրաշինության» ուղղությամբ: Հաշվի առնելով աշխատանքների անորակ լինելը, ենթադրում եմ, որ դրա մեղավորը նախկիններն են: Եթե մերժված նախկինները ժամանակին որակյալ գործ անեին, ապա նրանց մերժողներն այդ ուղղությամբ հակառակը չէին անի: Որովհետև իրենք սովորած կլինեին, որ դրանք պետք է արվեն խղճով ու որակով: Ու քանի որ այդ դասը նրանց չի մատուցվել, իրենք անում են իրենց տեսածին համապատասխան: Ինչին դրդում է նաև շատ կարևոր մի պատճառ՝ հանրային միջոցներից լրացուցիչ գումար վաստակելու անհրաժեշտություննը: Չէ՞ որ 2018-ի իշխանափոխության ժամանակ ոչ մեկը խոսք չէր տվել, որ լինելու է նվիրյալ: Ինչն, իր հերթին, նշանակում է, որ իրենք ևս պետք է ընտանիք պահեն ճիշտ այնպես, ինչպես նախկիններն էին պահում: Հետո ի՞նչ, որ նախկինները նաև դրա պատճառով մերժվեցին. իրենց մերժող դեռևս չի ծնվել:
Ինչևէ, հայտնի է, որ հանրային միջոցների հիմնական աղբյուրը հարկային վճարներն են: Որքան ինձ հայտնի է, հայաստանցիները միակը չեն, որ դժվարությամբ են բաժանվում քրտինքով (ուղիղ և փոխաբերական իմաստով) վաստակած գումարներից, որպեսզի հարկեր վճարեն: Չնայած կան նաև բացառություններ. դրանք այն գործարարներն են, որոնց կարողությունը (դոլարով) հասնում է տասնյակ ու հարյուրավոր միլիարդների: Եթե այդ մարդիկ ոչինչ չանեն էլ, դա բավարար կլինի չգիտեմ քանի հազար տարի, որպեսզի ծախսվի ժառանգների կողմից: Իսկ այդ ընթացքում շատ բան կարող է փոխվել, ասենք, փողը դուրս գա գործածությունից: Ու այդ պատճառով վերջիներս կամովին հրաժարվում են կարողության մի մասից՝ այլոց օգնություն տրամադրելու նպատակով: Բայց դրանք, կրկնվեմ, մեծ քանակ չեն կազմում: Մարդկանց մեծամասնությունը դժկամությամբ է կատարում հարկային կամ վարկային վճարումներ: Բայց Հայաստանի ղեկավարը միակն է աշխարհում, ով դրա առնչությամբ կրկեսային ներկայացում է բեմադրում այդ նպատակին բացարձակապես չհարմարեցված վայրում՝ Ազգային ժողովում: Միակն է, ով կլոունադայով զբաղվելու հետ մեկտեղ փորձում է քաղաքական կապիտալ վաստակել: Քանի որ Արևմուտքում, դեպի ուր ձգտում է վերջինիս պարտված հոգին, նույնիսկ իշխանամերձ լրատվամիջոցները ձեռ կառնեին այդ պահի ջղաձգումները: Բայց դե, ինչպես հայտնի է, մերն ուրիշ է: