Էդ ինչի՞ հանկարծ տենց դուխովացաք

Էդ ինչի՞ հանկարծ տենց դուխովացաք

Իմքայլականները, որոնց ծպտունը չէր լսվում ուղիղ երեք ամիս, լեզու են առել, ոգեւորվել, իրենց շեֆի խոսքով ասած՝ դուխովացել։ Լսում ես ու մտածում՝ կարո՞ղ է Շուշին ու Հադրութը ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանն է հանձնել։ Կարո՞ղ է 5 հազար երեխու զոհվելու պատճառը Լուսավոր Հայաստանի կամ Բարգավաճի պատգամավորներն են։ Կարո՞ղ է պատերազմը սխալ վարելու, անկազմակերպվածության, սաղավարտ ու բաճկոն չունենալու, ապուշ հայտարարություններ անելու, բարեկամ երկրներին նեղացնելու եւ մյուս սխալների մեղավորը փողոցում ակցիաներ անող ընդդիմությունն է։

Երեք ամիս տնից գլուխները դուրս չէին հանում, հիմա աջուձախ հեգնում են ու վիրավորում, հոխորտում են ու հանդիմանում։ Լսում ես ԱԺ նիստի ժամանակ դրանց հարցերն ու հարձակումները, ապշում ես մարդկային լկտիության վրա։ Ակնհայտ է, որ հրահանգ են ստացել՝ հարձակման անցնելու։ Շեֆն ասել է՝ հերիք է ինչքան կուչ եկանք ու մեզ մեղավոր զգացինք, պաշտպանության լավագույն ձեւը հարձակումն է, էս ոխչար ազգին հասնում ա։
Մանավանդ այն բոլոր վախերը, որ ունեին նոյեմբերի 9-ից սկսած, կարծես փարատվել են։ Սպասում էին, որ ժողովուրդը փողոց է ելնելու եւ քշի- սրբի իր ճանապարհին հայտնված ամեն ինչ՝ ոչնչացնելով իրենց, չեղավ։ Սպասում էին, որ գեներալներն ու բանակը ոտքի կելնեն ու ռազմական հեղաշրջում կանեն՝ չեղավ։ Սպասում էին, որ ուժային կառույցները կընդվզեն, չեղավ։ Որ Ղարաբաղից մարդիկ կգան իրենց շանսատակ կանեն իրենց կաբինետներում՝ չեղավ։ Որ ռուսները զորք կտցնեն, որ Սյունիքը կըմբոստանա։ Որ զոհվածների ու անհետ կորածների ծնողները կմտնեն կառավարություն ու պաշտպանության նախարարություն՝ կսատկացնեն իրենց որդիներին մահվան դուռը հասցրած մարդկանց, էլի չեղավ։ Էլի շատ մտավախություններ ունեին, որ իրականություն չդարձավ։ Եւ հասկացան, որ մեր ազգը հաշվեհարդարի գնացող չի։ Ավելին՝ էն մեծ-մեծ հոխորտացողները, թե՝ «հող հանձնողին կհանձնենք հողին», թե՝ «ոնց բերել ենք, տենց էլ կճանապարհենք», թե՝ «Արցախի հարցում մի միլիմետր զիջեց, մի օր չի մնա աթոռին», պարզվեց՝ դատարկ պոռոտախոսություն էր։ Իսկ մեր ժողովրդի համբերության բաժակն անսահման է,  վրեժի ու ընդվզելու ռեսուրսն էլ՝ շատ սահմանափակ։

Կարճ ասած՝ մենք ամեն ինչին դիմանում ենք եւ ամենաապաշնորհ ու հանցագործ իշխանությանն էլ կարող ենք հանդուրժել եւ նրա տված «կտերն» ուտելով դիմանալ։ Ճիշտ է՝ մի օր անպայման դանակը ոսկորին է հասնում եւ մարդիկ կատաղած լցվում են փողոցներն ու մերժում իշխանություններին, բայց եթե լավ մանիպուլյատոր լինես, իմանաս՝ ոնց մատուցես ամենավատ բաները, անգամ կարող ես երկիրը թշնամուն հանձնել ու մնալ իշխանության։
Ուղղակի այսօր այդքան համարձակություն ձեռք բերած ուսապարկերն ու իրենց տերը պետք է իմանան, որ ընդվզելու պահը ոչ ոք չի կարող կանխատեսել եւ իրենց լկտի պահվածքն ավելի ու ավելի է մոտեցնելու հատուցման պահը, ինչքան էլ որ ժողովուրդն այսօր լռի ու համբերի։

Սվետա Մարտիրոսյան