Դուք անսխալական եք ու անթերի՞

Դուք անսխալական եք ու անթերի՞

Վազգեն Մանուկյանի հրավիրած համաժողովին չեմ հետեւել, թեեւ պատկերացնում եմ, թե ինչից կարող են խոսել, ինչը կարող է լինել այնտեղ հավաքված մարդկանց քննարկման առարկան։ Պարզ է, որ քննադատություն է հնչում իշխանությունների հասցեին։ Հավանաբար, հատ-հատ արձագանքում են վերջին մեկ-մեկուկես տարվա իրադարձություններին եւ հատկապես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթներին ու հայտարարություններին։ Չեմ լսել ելույթները, չեմ ուզում կենտրոնանալ ասվածի վրա։ Վստահ եմ, որ ոմանք նույնիսկ չափն անցել են, գույները խտացրել, դաժան տեքստեր ասել։ Հավանաբար դրանով է բացատրվում իշխանությունների բուռն արձագանքը՝ դատելով ֆեյսբուքում պաշտոնյաների ու պատգամավորների գրած ստատուսներից, չարությունից, մերժումից։ 

Բայց մի քանի դիտարկում ուզում եմ անել երեւույթի մասին։ Մեր երկրում մի մթնոլորտ է ձեւավորվել, որ ցանկացած քննադատություն՝ ուղղված իշխանություններին ոչ միայն մերժվում է, սվիններով ընդունվում, այլ քննադատողներն անմիջապես թշնամի են հռչակվում եւ նրանց դեմ սկսվում է հալածանքի, հայհոյանքի արշավ։ Սակայն եթե Վազգեն Մանուկյանի կլուբի անդամների եւ «Վերնատանը» հավաքված մարդկանց կարելի է հին սերնդի ներկայացուցիչներ կոչել եւ նրանց, անգամ չափազանցված, քննադատությունը վերագրել նրանց տարիքին, ակտիվ քաղաքականությունից, ինչու չէ՝ եկամտի աղբյուրներից զրկվելուն, ապա ինչո՞վ բացատրել երիտասարդ իշխանությունների այս անհանդուրժողականությունը։

Ի՞նչ է՝ դուք եւ ձեր գործունեությունն անքննելի՞ են, ձեզ քննադատել չի՞ կարելի, ձեզ չի՞ կարելի ասել՝ աչքից վերեւ հոնք կա։ Դուք սովորելու ոչինչ չունե՞ք, անսխալակա՞ն եք ու անթերի՞։ Լսեք էլի։ Փորձառու, հարգված, ճանապարհ անցած մարդիկ էլ կան նրանց մեջ՝ խելացի, գրագետ։ Գուցե մի օգտակար միտք ասեն, եւ արդյունքում՝ մի որեւէ հարցում վերանայեք ձեր վարք ու բարքը։ Նայեք ձեր շուրջը, ուղղեք ձեր սխալները։ Չէ՞ որ ժամանակին հայտարարել եք, որ ժողովրդի իշխանություն եք, դեմոկրատական երկիր եք կառուցում, որտեղ յուրաքանչյուր անհատի կարծիքը կարեւոր է եւ մարդը՝ ընտրողն է որոշում, թե ինչպիսին լինի իշխանությունը։ Հիմա Մարզահամերգային համալիրում հավաքված մարդիկ այս երկրի քաղաքացինե՞ր են, թե՞ ոչ։ Իրավունք ունե՞ն կարծիք հայտնելու, իրենց տեսակետն արտահայտելու, իշխանություններին ուղղված դիտողություններ ու դիտարկումներ անելու, թե՞ ձայնազուրկ են։ 

Թեպետ, անկեղծ ասած, իրենց առաջնորդի՝ Նիկոլ Փաշինյանի վարքագիծը խոսում է այն մասին, որ անգամ անիմաստ է այս թիմին ինչ որ բանբացատրելը։ Սրանք կարող են վիրավորել ու վարկաբեկել, ասֆալտին փռել ու մարդկանց բերանները ծեփել, բայց մարդկանց լսելու անընդունակ են։ Շուրջ մեկ տարի է տարբեր մարդիկ՝ հանրային գործիչներ, հեղինակություն ունեցող, գրագետ անձինք խոսում են այն մասին, որ երկրի վարչապետին սազական չէ այդ լեքսիկոնով, այդ ժարգոնով խոսելը։ Անգամ թալանչիների ու հանցագործների մասին չի կարելի նման բառեր օգտագործել, նման տոնով խոսել, որովհետեւ այդ խոսքերը միայն թալանչիներն ու հանցագործները չեն լսում, լսում են նաեւ մտավորականները, կանայք ու երեխաները, ազնիվ ու օրինապաշտ քաղաքացիները։ Ի վերջո, երբ դու ասում ես՝ պինցետով արմատախիլ կանեմ, կպառկըցնեմ, ասֆալտին կփռեմ, դա օրինականության հաստատման, արդարադատության հաստատման խոստումներ չեն, այլ նման տեքստ արտաբերողի հոգեկան վիճակի ապացույցներ, իշխանությունների անօրինական գործելաոճի, կամայականության դրսեւորումներ։ 

Եւ երբ շուրջ մեկ տարի տարբեր մակարդակներից հորդորներ ու քննադատություն է հնչում՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին, իսկ նա շարունակում է նույն ոգով՝ առանց դույզն ինչ հետեւություններ անելու, նույն տոնն ու լեքսիկոնը կիրառել, նշանակում է, որ անիմաստ է ինչ որ բան քննարկելն ու քննադատելը։