Հենց տեսնեն` ինչքան «հաճելի» ու անպատասխանատու բան է պետական շենք ծախելը, էլ կանգ չեն առնի

Հենց տեսնեն` ինչքան «հաճելի» ու անպատասխանատու բան է պետական շենք ծախելը, էլ կանգ չեն առնի

ՀՀ կառավարությունը 2024 թվականի դեկտեմբերի 27-ին ընդունել է «ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա կարեւորագույն նշանակության օբյեկտների ցանկը, ինչպես նաեւ օբյեկտները կարեւորագույն նշանակության օբյեկտների շարքին դասելու չափորոշիչները սահմանելու մասին» թիվ 2073-Ն որոշումը: Այլ կերպ ասած, կազմել է այն շենքերի ցանկը, որը պետությունը հարկ է համարում պահպանել` ոստիկանության հատուկ ստորաբաժանման կողմից:

Այդ որոշմամբ կառավարությունը մեծ թվով պետական շինություններ (թանգարաններ, մարզադպրոցներ, գրադարաններ) հանել է պետական պահպանության օբյեկտների ցանկից․ այսպես, օրինակ, իշխանություններն այլեւս նպատակահարմար չեն համարում «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի, Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի, Ազգային ֆիլմադարանի, Ռուսական արվեստի թանգարանի, Հայաստանի ազգային գրադարանի, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պահպանությունը: Ստացվում է՝ այս շենքերն այսուհետ կարող են պահպանվել, եթե այդ շենքերում տեղակայված կառույցները մասնավոր պահնորդական ընկերությունների հետ պայմանագրեր կնքեն եւ դրա դիմաց իրենց միջոցներից վճարեն։ Սա, ըստ էության, ոչ միայն շենքերի պահպանության հարց է, այլեւ արժեքային խնդիր, որը, պրագմատիկ հաշվարկներից դուրս, պետք է դիտարկել նաեւ բարոյական հարթությունում։ 

Ե․ Չարենցի անվան արվեստի եւ գրականության թանգարանի նախկին տնօրեն, գրող, հրապարակախոս Կարո Վարդանյանի համար նորություն է այս որոշումը․ «Եթե իսկապես պետությունն ավելորդ է համարում, որ մեր մշակութային հաստատությունները պահակային ծառայություններ ունենան, ես կարող եմ ենթադրել, իսկ իմ ենթադրությունն իրականությունից հեռու չէ, քանի որ սրանք եկած օրվանից թիրախավորել են մշակույթը, գիտությունը, հենց առաջին շենքը ծախեն ու տեսնեն, թե ինչքան «հաճելի» ու անպատասխանատու բան է պետական շենք ծախելը, կանգ չեն առնի, իսկ դրա համը վաղուց ընկել է իրենց բերանը։ Ցավոք, մենք տեսնում ենք այդ միտումը, ստեղծագործական միություններին կցված շենքերն արդեն ուզում են պետականացնել։ Հասցրին մի քանի թատրոն փակել ու դրանով եւս չեն բավարարվելու»։

Հիշում է՝ նախկինում եւս փորձել են այս տեսակ մանիպուլյացիաներ անել։ «Սրանցից առաջ էլ մի նախարար ունեինք, որը թուղթը վերցնում ու նայում էր՝ պետությունը ձեզ վրա այսքան փող է ծախսում, իսկ դուք ի՞նչ եք աշխատում, ուրեմն արդարացված չէ ձեր գոյությունը։ Ահա այսպիսի տրամաբանություն․ արխիվային հիմնարկին կամ այս ու այն թանգարանին ինչպե՞ս ես խանութպանի հոգեբանությամբ նայում, որ ավելի շատ գումար չես բերում, քան քո վրա ծախսվում է, բայց չէ՞ որ դա քո ժառանգությունն է։ Պատկերացրեք, դուք պաշտպանության նախարար եք եւ «Ն» զորամասի հաշվետվությունն եք ընդունում, նայում եք՝ պետությունն այդ զորամասի վրա ինչքան գումար է ծախսել, հետո, թե այդ զորամասն ինչքան եկամուտ է բերում, ու տեսնում եք, որ ոչ մի կոպեկ եկամուտ էլ չի բերում, ուրեմն այդ տրամաբանությամբ պետք է փակե՞ք զորամասերը, քանի որ ոչ մի եկամուտ չե՞ն բերում»,- ասում է Կ․ Վարդանյանն ու ընդգծում, որ այս տրամաբանությամբ է, փաստորեն, շարժվել կառավարությունը, որ մի շարք կարեւոր մշակութային կառույցներ դուրս է թողել պետական պահպանության ցուցակից։

«Չնայած անգամ այս դեպքում պետությունը պարտավոր է ամեն տարի առանձին տողով գումար նախատեսել, թող էլի թատրոնը կամ թանգարանը վարձեն պահակային ծառայություններ ու վճարեն դրա համար, բայց այդ գումարը պետությունը պետք է տրամադրի։ Եթե այդպես է լինելու, ապա շատ ավելի լավ կլինի, քանի որ այդ ոստիկանների կամայականությունն անտանելի է, հատկապես՝ սրանց օրոք, երբ այդ մարդիկ մտնում են այդ համազգեստի մեջ, կերպարանափոխվում են ու դառնում չգիտես ինչ․․․»։

Այսինքն, մինչ այս պատշաճ չէի՞ն իրականացնում ծառայությունը։ «Գոնե այդքանը գիտեին, քանի որ իրենց վերադասն իրենց բացատրում էր, որ եթե ինչ-որ բան պատահի ոչ աշխատանքային ժամերին, գլխով պետք է պատասխան տան, այդ գիտակցությունն ունեին։ Հիմա, եթե այն նույն չափի գումար, որ առաջ պետությունը փոխանցում էր ոստիկանության պահակային ծառայության դիմաց, եթե այդքան նախատեսելու է, ապա հիմնարկները կկարողանան դրանով իրենց հարցը լուծել եւ նույնիսկ այդ պահակներին իրենք ընտրել ըստ բարեխղճության, իսկ եթե թերի ֆինանսավորում է լինելու կամ ընդհանրապես չի լինելու, ապա դրանով շատ խոցելի են դարձնելու այդ հաստատությունները, որտեղ մեր ամբողջ պատմությունն ու մշակութային ժառանգությունն են պահպանվում։ Ու վերջում դա հիմք է դառնալու, որ ասեն՝ խնդրեմ, այսինչը կարողացավ պաշտպանել իրեն վստահված արժեքները, ուրեմն նա պետք է գոյություն ունենա, իսկ ով չկարողանա, այդ հիմքով, մանիպուլյացիայով ահագին հիմնարկներ, մշակութային հաստատություններ լուծարելու են։ Իսկ այն, որ վերջնական նպատակը դա է լինելու, մենք կասկած չունենք, քանի որ եկած օրվանից դա են անում, ու դրա համար հիմք է պետք։ Պարտադիր չէ, որ միանգամից ամենը փակեն, կսկսեն էլի միացնել իրար, լղոզել, արդյունքում կփակեն»։

Կ․ Վարդանյանն ասում է, որ ոչ պակաս կարեւոր է, թե ով է թանգարանի տնօրենը, նրա տնտեսական գծով տեղակալը, պարետը, պատասխանատվության ու պատրաստվածության ինչ աստիճան ունեն, քանի որ՝ ոստիկան լինի, թե պահակ, իրավունք չկա մտնելու ցուցասրահներ կամ ֆոնդեր․ «Անվտանգության համակարգեր կան, որոնք, օրինակ, մենք ոչ թե տարին մեկ, այլ 6 ամիսը մեկ էինք թարմացնում։ Այդ ամենը պետք է մանրամասն ուսումնասիրի տնօրենը, հասկանա՝ անվտանգային ինչ համակարգեր կան, այդ առումով ոստիկանն ու պահակը 100 տոկոսանոց դերակատարներ չեն»։