Պետք է միջազգային հանրությանը ցույց տանք, թե ով է ագրեսորը և ով չի ցանկանում խաղաղություն
Հարցազրույց ԼՀԿ-ական նախկին պատգամավոր Անի Սամսոնյանի հետ:
- Այսօր վաղ առավոտյան թշնամին կրկին Արցախի ուղղությամբ կրակ էր բացել: Սա ինչի՞ մասին է վկայում:
- Կարիք չկա աշխարհաքաղաքական վերլուծություններ անել, հասկանալու համար, թե ինչով է պայմանավորված Ադրբեջանի այս վարքագիծը: Այսինքն` մեր թշնամին բավականին կանխատեսելի է մեզ համար: Աշխարհաքաղաքական այս լարված իրավիճակում, երբ ՌԴ-ն զբաղված է Ուկրաինայում ռազմական գործողություններով, պարզ է, որ մեր հարևանը պետք է առիթից օգտվեր, որովհետև մենք բոլորս գիտենք, որ Արցախում խաղաղություն ապահովում են ռուս խաղաղապահները, իսկ Ադրբեջանը երբեք գոհ չի եղել 2020 թվականին ձեռք բերված պայմանագրից: Բնական է, որքան խորանա աշխարհաքաղաքական լարված իրավիճակն, այնքան Հայաստանի համար անբարենպաստ պայմաններ են ստեղծվելու: Մենք պետք է բոլոր ինքնապաշտպանական միջոցները, թե ռազմական, թե դիվանագիտական, գործի դնենք: Պետք է շատ զգոն լինենք, որովհետև հակառակորդը շատ կանխատեսելի է:
- Իշխանություններն ի՞նչ պետք է անեն:
- Իշխանությունները հենց այս իրավիճակում չէ, որ ինչ-որ բան պետք է անեն: 2020-ից հետո առհասարակ, մենք պետք է հասկացած լինեինք, որ Ադրբեջանի և Հայաստանի մինչև կնքված հրադադարը շատ փխրուն է: Հաշվի առնելով, թե ինչպիսի պայմաններ է առաջ քաշում Ադրբեջանը, օրինակ Սյունիքի միջանցքի մասով։ Ադրբեջանը խոսում է սպառնալիքի լեզվով, ապա պետք է գիտակցենք, որ կա վտանգ և ամեն րոպե թշնամին կարող է ռազմական գործողությունների արդյունքում իր ուզածին հասնել: Մենք տեսանք, որ 2020-ին Ադրբեջանը նման փորձ ունեցավ և հաջողեց: Ինչպես ասում են` ախորժակն ուտելիս է բացվում: Մեր զգոնությունը պետք է երբեք չթուլանա: Մենք պետք է հասկանանք, որ ինչքան էլ խոսենք խաղաղության դարաշրջանի մասին, միևնույն ժամանակ պետք է գործի դնել ինքնապաշտպանության բոլոր միջոցները:
- Գործող իշխանությունները շատ են խոսում խաղաղության դարաշրջանի մասին: Ձեր կարծիքով՝ Ադրբեջանը և՞ս ցանկանում է խաղաղություն:
- Այն տոնով, որով Ադրբեջանը խոսում է Հայաստանի հետ, լավատեսություն չի ներշնչում: Այդուհանդերձ չի նշանակում, որ մեր խաղաղության օրակարգը պետք է փոխենք պատերազմի օրակարգով, որովհետև սա շատ կարևոր է: Մենք պետք է հասկանանք, որ Հայաստանը 2020 թվականից հետո կանգնել է շատ դժվար մարտահրավերների առջև: Պետք է միջազգային հանրությանը ցույց տալ, թե ով է ագրեսորն իրականում և ով չի ցանկանում խաղաղություն: Հստակ է` Հայաստանն ուզում է խաղաղություն, սակայն Ադրբեջանը չի ցանկանում, փոխարենն` անընդհատ սպառնալիքներ է հնչեցնում մեր հասցեին: Միջազգային այն դերակատարները, որոնք շահագրգռված են խաղաղության հասնելու հարցում, պետք է գիտակցեն, որ իրական ագրեսորն Ադրբեջանն է: Մենք պետք է զինենք բանակը: Նաև պետք է բանակին բարոյահոգեբանական աջակցություն ցուցաբերվի:
- Ի՞նչ եք կարծում գործող իշխանությունները թանկարժեք մեքենաներ գնելուն, բարձր աշխատավարձ ստանալուն զուգահեռ մտածո՞ւմ են այս մասին:
- Բանակը զինելու վերաբերյալ ես ավելի վստահ կարող էի խոսել, եթե տեղեկություն ունենայի: Դա պետական գաղտնիք է: Հրապարակման ենթակա տեղեկություն չէ այն: Ես տեսնում եմ, որ իշխանություններն ինչ-որ քայել են անում` բանակը վերականգնելու առումով: Բանակում պետք է բարեփոխումների ընդլայնված պլան լինի:
- Վերջին շրջանում շատ է խոսվում հայ-ռուսական միութենական պետության մասին: Դուք այդ մասին ի՞նչ եք մտածում:
- Մենք նման հարց չենք քննարկում, որովհետև չկա այդպիսի օրակարգ Հայաստանում: Չկա առաջարկ, չկա օրակարգ, հետևաբար նման քննարկումներն ավելի շատ մանիպուլատիվ եմ համարում:
- Վարչապետ Փաշինյանը մոտ օրերս կմեկնի Մոսկվա: Ի՞նչ սպասել:
- Դրական եմ գնահատում, որ այս բարդ իրավիճակում մենք կարողանում ենք ակտիվ պահել համագործակցությունը` բարձր դիվանագիտական մակարդակով: Ինքներդ էլ հասկանում եք, թե ինչպիսի լարված իրավիճակ է Հայաստանում և Արցախում: Նման հանդիպումները լավ առիթ կլինեն խոսելու կարևոր թեմաների մասին` բարձրաձայնելով Ադրբեջանի ոչ դրական վարքագիծը:
Կարծիքներ