Ինչի՞ շուրջ են բանակցում   

Ինչի՞ շուրջ են բանակցում   

Ֆեյսբուքյան «Սամվել Բաբայան Արցախը եւ հերոսները» խումբը հայտարարություն է տարածել, որով հերքում է մամուլի այն լուրը, թե Արցախի ՊԲ նախկին հրամանատարը եկող շաբաթվանից փողոցային պայքար է սկսում: Այդուհանդերձ, հայտարարության հեղինակն ասում է, որ սահմանադրական փոփոխությունների նախաձեռնող խումբը ներկայումս տարբեր քաղաքական ուժերի հետ բանակցությունների մեջ է եւ եթե դրանք «իրենց պատշաճ հանգուցալուծմանը չհասնեն, հավաքներ անցկացնելը կդիտվի ժամանակի անհրաժեշտություն»: Ո՞ր քաղաքական ուժերի եւ ի՞նչի շուրջ է բանակցում նախաձեռնող խումբը: Իրավիճակը պարզ է՝ ավարտվում է ստորագրահավաքը, նախաձեռնող խումբն արդյունքները պետք է ներկայացնի ԿԸՀ, որտեղ պետք է ստուգվեն ստորագրությունների վավերականությունը:

Եթե ամեն ինչ անցնի հարթ, պարզվի, որ առկա են բավարար թվով վավեր ստորագրություններ, ապա հարցը կմտնի Ազգային ժողով: Վերջինս այն կուղարկի Գերագույն դատարան՝ պարզելու փոփոխությունների նախագծի սահմանադրականությունը: Եթե Գերագույն դատարանը համարի, որ ամեն ինչ համապատասխանում է սահմանադրությանը, ապա հարցը հանրաքվեի դնելու համար Ազգային ժողովում տեղի կունենա քվեարկություն: Եթե Գերագույն դատարանի եզրակացությունը բացասական լինի, հարցը կհանվի քննարկումից: Այս իրավիճակում ի՞նչ քաղաքական բանակցությունների մասին է խոսքը:

Նախաձեռնողները գտնում են, որ քաղաքական ուժերը պետք է միջամտեն Գերագույն դատարանի աշխատանքին, որպեսզի կայացվի նախաձեռնող խմբի համար ընդունելի որոշու՞մ, թե՞ բանակցություններ են ընթանում ԱԺ-ում ներկայացված կուսակցությունների հետ, որպեսզի ապահովվի պատգամավորների կողմ ձայների երկու երրո՞րդը: Տպավորություն է, որ նախաձեռնող խումբը հայտնվել է փակուղային իրավիճակում: Հռչակելով, որ ամեն ինչ անելու է սահմանադրության եւ օրենքի շրջանակներում՝ նախաձեռնող խումբն ակնհայտորեն չի կողմնորոշվում, թե ի՞նչ քայլեր է պետք ձեռնարկել, եթե  առաջարկվող փոփոխությունները ճանաչվեն սահմանադդրությանը հակասող:

Ըստ երեւույթին, չկա փողոցային պայքարի բավարար ռեսուրս, եւ նախաձեռնող խումբը պարզապես ինքն է այդ մասին մամուլով տպավորություն գեներացնում: Այնտեղ, անշուշտ, գիտեն, որ իշխանության եւ քաղաքական պատասխանատու ուժերի համար հանրային համաձայնությունը եւ ներքին կայունությունը չափազանց թանկ են: Եւ ահա ընտրվել է «հրեն կացինը սրած, գնամ-բերեմ՝ ծառը կտրեմ» տարբերակը: Նախաձեռնող խումբը պարզապես խաղում է իշխանության համբերատարության եւ հանդուրժողականության հետ՝ ակնկալելով, որ ապակայունացման սպառնալիքների ճնշման տակ հնարավոր է կորզել ցանկալի հանգուցալուծում: Ինչպե՞ս կարձագանքի իշխանությունը: