«Ճարտարապետական գործունեության մասին» օրենքը խնդիրներ է ստեղծում

«Ճարտարապետական գործունեության մասին» օրենքը խնդիրներ է ստեղծում

«Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 2017-ին, օրենքի ուժ ստացել 2018-ին, սակայն պրակտիկ սկսել է աշխատել 2018թ․ նոյեմբերից, ինչը չէր կարող խնդիրներ չառաջացնել ոլորտում։ Իրավաբան Մարիաննա Եղիազարյանը սկսել է ուսումնասիրել օրենքը, երբ ճարտարապետներից տարբեր ահազանգեր է ստացել՝ օրենքի մի շարք դրույթների հետ կապված։  

«Խնդիրներից մեկն այն է, որ այս օրենքն ամբողջովին հիմք է ստեղծում, որպեսզի առկա մենաշնորհն ամրապնդվի ճարտարապետական ոլորտում, ինչո՞ւմ է արտահայտվում դա․ Ճարտարապետների պալատն իրավունք է ստանում  ճարտարապետական մրցույթներ իրականացնել, այսինքն՝ բոլոր այն ճարտարապետական տենդերները, որոնք արվում էին «Սակարկությունների մասին» օրենքով եւ ընդհանուր կարգով, հիմա արդեն Ճարտարապետների պալատն է իրականացնելու եւ այդ տենդերների արդյունքում Ճարտարապետների պալատն իրավունք է ստացել օրենքով սահմանված կարգով հաղթող ճանաչել իր կողմից կազմված վարկանիշային ցուցակի մասնակիցների։ Ճարտարապետների պալատն իրավունք ունի կազմելու ճարտարապետների եւ նախագծային կազմակերպությունների վարկանիշային ցուցակներ, եւ եթե տենդերը հայտարարվեց, ապա ավտոմատ հաղթող է ճանաչվում վարկանիշային այդ ցուցակով առաջնային հորիզոնական ներկայացնող կազմակերպությունը կամ ճարտարապետը։ Վարկանիշային ցուցակն էլ ձեւավորվում է ըստ քառակուսի մետրաժի, այլ ոչ թե ըստ ճարտարապետական նշանակության։ Այսինքն՝ եթե ինչ-որ մեկը կառուցել է գոմ՝ 2 հազար քառակուսի մետր, ինքը կարող է հայտնվել առաջին հորիզոնականում, իսկ նա, ով 200 քառակուսի մետրանոց եկեղեցի է կառուցել, կարող է հայտնվել վերջին հորիզոնականում»,- ասում է Եղիազարյանը։ 

Մեկ այլ կարեւոր խնդիր էլ կա՝ ճարտարապետներին տրվող արտոնագրերի հետ կապված, առանց որի հնարավոր չէ ճարտարապետական գործունեություն իրականացնել։ «Ստացվում է, որ Ճարտարապետների պալատին անդամագրվելը դառնում է պարտադիր, այսինքն՝ եթե դու ճարտարապես ես եւ ուզում ես ճարտարապետական գործունեությամբ զբաղվել, ուրեմն պարտադիր կերպով պետք է ունենաս արտոնագիր, իսկ արտոնագիր ունենալով՝ դու ավտոմատ դառնում ես Ճարտարապետների պալատի անդամ»,- ասում է նա ու հավելում, որ արտոնագրերը կասեցվել էին նոյեմբեր ամսից, եւ շատ շատերը զրկված են եղել իրենց մասնագիտական գործունեությամբ վաստակելու իրավունքից, ու եթե նախկինում արտոնագրերը տալիս էր լիցենզավորման հանձնաժողովը, հիմա տալիս է Ճարտարապետների պալատը։ 

«Այսինքն՝ այն ժամանակ պետությունն էր տալիս, հիմա մասնավոր կառույցն է տալու։ Մյուս կողմից էլ՝ հարկայինը չի ընդունում այդ արտոնագրերը, որովհետեւ ասում է՝ մասնավորի կողմից տրված արտոնագրով ես ո՞նց կարող եմ քեզ կանգնեցնել հաշվառման։ Բացի այդ, 2017-ից օրենք են ընդունել, բայց մինչեւ այսօր միասնական քննակարգ չկա, այսինքն՝ ճարտարապետներն ի՞նչ ընթացակարգով են դիմելու, քանի՞ օրում է դա լինելու, ո՞ր օրերն է նշանակվելու քննություն՝ չկա, մեկի համար կլինի 2 օր, մյուսի համար՝ 4 ամիս հետո, ու ոչ ոք չի կարող հետեւել, թե ինչ ձեւով է արվում այդ քննությունը»։

Նա ընդգծում է՝ օրենքն ինքն իրենով ոչ մի էթիկայի կանոն սահմանելու չափորոշիչներ չի դնում, այդ իրավասությունն ամբողջովին վերապահված է Ճարտարապետների պալատին։ «Բայց այդ էթիկայի կանոններն ինչ հաճախանակությամբ կարող է փոփոխել՝ ոչ մի դրույթ չկա այդ մասով, այսինքն՝ ստացվում է, որ եթե վաղը որեւէ ճարտարապետ ինչ-որ անձնական խնդիր ունենա Ճարտարապետների պալատի որեւէ անդամի հետ, ուրեմն այդ էթիկայի կանոնները կարող են փոխվել այնպես, որ այդ ճարտարապետը զրկվի արտոնագրից, որովհետեւ օրենքը նախատեսում է, որ էթիկայի կանոնների խախտում թույլ տալու դեպքում ճարտարապետը կարող է զրկվել արտոնագրից»,- ասում է իրավաբանն ու հավելում, որ, օրինակ, արդարադատության նախարարությունը 1-ին, 2-րդ ընթերցումների ժամանակ իր տված եզարակացություններում անտեղի էր համարել նման օրենքի ընդունումը՝ մի քանի կետերով հիմնավորելով, թե ինչու, սակայն այդ եզրակացություններն անտեսվեցին։  

Ճարտարապետների պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանն ասում է, որ հարկայինի հետ կապված որեւիցե խնդիր չի կարող լինել, քանի որ ՍՊԸ-ներն իրենց հարկային կոդով շարունակում են աշխատել, եւ արտոնագիրը որեւէ դեր չի կատարում։ «Արտոնագիրը դրվում է ներդիրի փոխարեն նախագծերում, ուրիշ որեւիցե բան չկա։ Կարող է պատահել՝ տենդերների ժամանակ պահանջվում է լիցենզիա, քանի որ, ինչքան տեղյակ եմ, կարգում դեռ փոփոխություն չեն մտցրել, եւ պետք է ավելացնել նաեւ «արտոնագիր» բառը, որը դեռ չեն արել»,- ասում է նա ու նկատում, որ ոչ մի օրենք կատարյալ չէ, այդ թվում՝ Սահմանադրությունը։ 

Թե ինչու է մի ընթացք արտոնագրերի տրամադրման պրոցեսը կասեցվել, Մինասյանն ասում է՝ չի կասեցվել, եւ իրենք անընդհատ շարունակել են դրանք տրամադրելու գործընթացը, բայց քաղաքաշինության կոմիտեի նախագահի փոփոխությունը մի փոքր երկարաձգեց գործընթացը․ «Որեւէ լուրջ խնդիր չկա, ես տեղյակ եմ, որ տարածքային կառավարման նախարարն ասել է, որ տեղերում իրազեկված չեն, բայց տեղերում իրազեկելը մեր խնդիրը չէ։ Քաղաքաշինության կոմիտեի լիցենզավորման կենտրոնը, որը տիրապետում է ամբողջ ինֆորմացիոն դաշտին, պարտավոր էր բոլորին իրազեկել, որ նոյեմբերի 15-ից հետո լիզենզիաները կասեցվում են։ Նրանք այդ բանը չեն արել, սաբոտաժի պես բան է եղել, որովհետեւ մինչեւ վերջերս մեր եղած գործառույթների դեմ բավականին նամակներ են եղել, ընդհուպ՝ ուղղված Փաշինյանին»։

Այն, որ շուրջ 24 ճարտարապետ-ինժեներներ դիմել են ՄԻՊ, քանի որ կարծում են՝ օրենքում մարդու իրավունքների ոտնահարում է տեղի ունենում՝ էթիկայից մինչեւ արտոնագրի տրամադրում, մենաշնորհի մեծացում, ապա Մինասյանը տեղյակ է այդ նամակից։ «Նամակում գրված է՝ մենք իրավունք չունենք դա անելու, քանի որ մենք պետռեգիստրով հաստատված կանոնադրություն չունենք, այնինչ, եթե դու չես հաստատվում, ո՞նց կարող են հաստատել պալատի գոյությունը, կամ ո՞նց կարող է օրենքը լինի․ տրամաբանություն չկա նրանց ասածների մեջ»,- ասում է ու նշում, որ որեւիցե մեկին չի ընդառաջել արտոնագիր տրամադրելու հարցում։ Ինչ վերաբերում է էթիկայի հարցերին, ապա դեռ էթիկայի բիրտ խախտումներ չկան, որ հանձնաժողովը քննարկման դնի դրանք։     

Մինասյանը հավաստիացնում է, որ ունեն միայն բարի նպատակներ եւ ուզում են ճարտարապետների ու կոնստրուկտորների համար նպաստավոր պայմաններ ստեղծել պալատի միջոցով՝ ուսման դասընթացներ անել, դրսից մարդիկ բերել, որոնք «մաստեր կլասներ» կանեն, իսկ դրա համար անհրաժեշտ է, որ բոլորը պալատի անդամներ լինեն եւ՝ «գործող»։