Հաղթել Նարեկացուն

Հաղթել Նարեկացուն

Հաճախ տարբեր լսարանի մարդկանց այսպիսի մի տարօրինակ հարց եմ տալիս. Ո՞վ է ավելի մեծ նվաճող, Ալեքսանդր Մակեդոնացի՞ն, թե Արիստոտելը: Մարդիկ որպես կանոն այլայլվում են էս հարցից, քանի որ իրենք իրենց համար տրամաբանական հարցադրում են դնում. ինչպե՞ս կարելի է այդ երկուսին համեմատել հենց այդ համատեքստում, չէ՞ որ Ալեքսանդր Մեծը նվաճել է Հունաստանից մինչև Հնդկաստան ընկած տարածքները, իսկ Արիստոտելը որևէ աղերս չի ունեցել ռազմական գործի հետ և զբաղվել է գիտական-մանկավարժական գործունեությամբ:

Խնդիրը շատ պարզ է և ռազմական արշավանքների տրամաբանությունից անդին, Ալեքսանդրի կայսրությունը ընդամենը մի քանի տարվա կյանք է ունեցել, իսկ Արիստոտելի իմացաբանական կայսրությունը հազար տարուց ավել տիրապետող դիրքեր է ունեցել աշխարհում: Եթե ուշադրություն դարձնեք, ապա քրիստոնեական և իսլամական աստվածաբանության ու փիլիսոփայության հիմքում հենց Արիստոտելն է, Թովմա Աքվինացուց մինչև իբն Ռուշդ:
Այսինքն, հազար տարուց ավել Արիստոտելը անհերքելի հեղինակություն է ունեցել: Բայց 16-17-րդ դարերից սկսած արիստոտելյան այդ կայսրությունը սկսեց աստիճանաբար քայքայվել: Նոր սերնդի փիլիսոփաներն ու գիտնականները` Գալիլեյը, Կոպերնիկոսը, Կեպլերը կասկածի տակ դրեցին անցյալի այդ հսկայի գիտական բացարձակ գերիշխանությունն ու հիմքեր դրեցին նոր գիտության սաղմնավորման համար: Ի հակադրություն Արիստոտելի Օրգանոնի, Ֆրենսիս Բեկոնը գրեց Նոր Օրգանոնը և իր ամբողջ գիտական ներուժը օգտագործեց նրան գահընկեց անելու համար:

Ի վերջո այս երկարատև գործընթացի թագն ու պսակը դարձավ Նյուտոնյան մեխանիկան, որն ամբողջությամբ քարուքանդ արեց արիստոտելյան ֆիզիկան: Նյուտոնը հռչակվեց որպես երկրորդ Մովսես, եթե վերջինս Սինայից իջեցրել էր աստծո օրենքները, ապա անգլիացի ֆիզիկոսը մարդկությանը փոխանցեց բնության օրենքները: Նոր գիտության հաղթանակը սոցիալ-տնտեսական, մշակութային, քաղաքական պատճառներից անդին հետևանք էր նաև անցյալի հետ ինտելեկտուալ կոնֆլիկտի: Նոր սերունդն ի վերջո հաղթեց բեկոնյան ձևակերպմամբ անցյալի կուռքերին և առաջին հերթին` Արիստոտելին:
Այսպիսով` արիստոտելյան դեսպոտին փոխարինեց նյուտոնյան իմացաբանական կայսրությունը, որը երկու հարյուր տարուց ավել տիրապետող դիրքեր էր զբաղեցնում աշխարհում:
17-րդ, 18-րդ, 19-րդ դարեի գրեթե բոլոր գիտանականների և փիլիսոփաների համար նյուտոնյան մեխանիկան ելակետային սկզբնաղբյուրի կարգավիճակ ուներ (չհաշված բացառությունները): Կոպիտ ձևակերպմամբ նրան հակադրվելը նորաձև չէր և սվիններով էր ընդունվում գիտական հանրույթի կողմից: Բայց 20-րդ դարում գիտության մեջ շոշափելի փոփոխություններ արձանագրվեցին: Գիտական միտքը եկավ այն եզրակացությանը, որ նյուտոնյան օրենքները ոչ բոլոր իրավիճակներում են ճշգրիտ աշխատում և նրա մեխանիկան այդքան էլ բացարձակ չէ:

Նիլս Բորը, Ալբերտ Էյնշտեյնը, Կարլ Պոպերը Իմրե Լակատոշը և ընդհանուր առմամբ քվանտային մեխանիկան ու ֆալիբիլիստական մոտեցումը իսկական հեղափոխություն մտցրեցին գիտական աշխարհում: Նորից ականատես ենք լինում նույն խաղընթացին. կոնֆլիկտ անցյալի կուռքերի դեմ և հաղթանակ:
Սա անարգանք չէ Արիստոտելի կամ էլ Նյուտոնի նկատմամբ, այս երկուսը որևէ կերպ չեն կարող կորցնել իրենց արժեքն ու ուժը և հատկապես Նյուտոնը: Ընդամենը գործ ունենք գիտական մտքի և գիտության պատմության օրինաչափ զարգացման ընթացքի հետ:
Միգուցե շատ պարզունակ նկարագրեցի, բայց իրականում հենց սա է խնդրի ողջ էությունը, որը խորթ է մեր միջավայրին: Մենք դեռևս չենք կարողացել հաղթել անցյալի մեր կուռքերին, ավելին` դրանք շարունակում տիրապետող դիրքեր զբաղեցնել մեր գիտակցության մեջ, ինչի հետևանքով ամեն մի նորը ընդունվում է սվիններով: Մովսես Խորենացին, Գրիգոր Նարեկացին, Նահապետ Քուչակը, Ներսես Շնորհալին, Հովհաննես Թումանյանը, Եղիշե Չարենցը, բոլորը միասին պետք է ջախջախիչ պարտություն կրեն, որ ստեղծվի նորը: Սա անխուսափելի պարտություն է, և ոչ թե անցյալի հսկաներին նսեմացնելու համար, այլ ինքներս մեզ որպես հավաքականություն վերարժևորելու գոյաբանական անհրաժեշտությամբ պայմանավորված: