Պետությունը կարող է սոցիալական աջակցության համար կարիքավորներին տալ կուտակային կենսաթոշակի գումարները

Պետությունը կարող է սոցիալական աջակցության համար կարիքավորներին տալ կուտակային կենսաթոշակի գումարները

Այս օրերին սոցիալապես անապահով խավը՝ ցածր աշխատավարձ ստացողները, օրավարձով աշխատողները, գործազուրկները, ծանր օրեր են ապրում: Մարդիկ իրենց անտեսված են զգում, անպաշտպան: Իրենց բողոքն ու դժգոհությունը նրանք արտահայտում են սոցցանցերում, տարբեր էլեկտրոնային հարթակներում, բոլոր խողովակներն օգտագործում են, հույսով, որ որևէ պաշտոնյա կլսի նրանց ու կօգնի: Անգամ այնպիսի նեղ մասնագիտական կայքերի են դիմում, ինչպիսին է https://www.accountant.am կայքը, որը ստեղված է զուտ ֆինանսիստների ու հաշվապահների համար:  

«Ես աշխատում եմ <Հայմամուլի> կրպակում և իրավիճակից ելնելով՝ հանրային տրանսպորտ չլինելու պատճառով չեմ հաճախում աշխատանքի, և ինձ ասել են, որ ես չեմ վարձատրվելու։ Աշխատավարձս կազմում է սահմանված նվազագույն աշխատավարձի չափը և վաճառքից տոկոսներ։ Արդյո՞ք գործատուն իրավունք ունի չվճարելու», - այսպիսի հաղորդագրություն է հղել հաշվապահական կայքի մասնագետներին Համո անունով քաղաքացին։

«Կարո՞ղ է արդյոք գործատուն աշխատավարձի միայն կեսը վճարել արտակարգ դրության պայմաններում, եթե աշխատանքային պայմանագիր չկա կնքված», - հարցնում է Մարիամը։ Քաղաքացիների հարցերին պատասխաններ են գրում մասնագիտական գիտելիք ունեցող կամավորներ, ովքեր տիրապետում են  գլխավոր հաշվապահի որակավորման քննության հարցաշարին, մի քիչ էլ կյանքի փորձ ունեն ու իրավական գիտելիքներ, կարող են որակով  պատասխաններ գրել:  Նրանցից մեկը Ֆինանսների նախարարության նախկին գլխավոր մասնագետ Տիգրան Սարաֆյանն է, որը մոտ մեկ ամիս առաջ կորցրել է աշխատանքը և վերականգնման պահանջով դիմել է դատարան: 

Տիգրան Սարաֆյանը տանը, համակարգչի առաջ նստած, բարեգործական հիմքունքներով օգնում է նրանց, ովքեր խորհրդատվության կարիք ունեն: «Այնքան շատ են զանգերը ու մեկնաբանությունների խնդրանքները, որ ես ժամանակ չունեմ հանգստանալու», - ասում է Տիգրանը: 

Նրա դիտարկումներով, առավել խոցելի են օրավարձով աշխատողները, որոնց գործատուն չի գրանցում ու որոնք, իհարկե, չեն հետևի Փաշինյանի խորհրդին ու չեն գնա ՊԵԿ, իրենց գործատուի դեմ բողոքելու, քանի որ այդ դեպքում գործատուն իրենց հաստատապես կազատի աշխատանքից:  

Խոցելի են նաև գործազուրկները: Վերջին 6-7 տարիներին Հայաստանում աշխատանք չունեցող անձը չի ստանում գործազրկության նպաստ: «Մինչև 2013 թվականի վերջը բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին ՀՀ օրենքի համաձայն, գրանցված աշխատողները, ովքեր ստացել են գործազուրկի կարգավիճակ, իրավունք են ունեցել մինչև 12 ամիս տևողությամբ ստանալու գործազրկության նպաստ: Նշված օրենքը ուժը կորցրել է 2014 թվականից, ու արդեն նոր զբաղվածության մասին ՀՀ օրենքով, գործազրկության նպաստին վերաբերող նորմեր չեն  սահմանվել: Այդ նպաստի տեսակը սահմանված չէ նաև գործող «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքով: Արդյունքում որևէ պատճառով գործազուրկի վիճակում կամ կարգավիճակում հայտնվածը իրավունք և հնարավորություն չունի ստանալու այդ տեսակի սահմանված նպաստ: Իսկ անցած թե 6, թե վերջին 2 տարիների ընթացքում  ներկաները ոչինչ չեն արվել նախկինների՚ այս սխալը ուղղելու նպատակով: Այս անհրաժեշտ սոցիալական ապահովագրության մեխանիզմը վերականգնված չէ, իսկ դա նաև «Վերանայված Եվրոպական սոցիալական խարտիայի պահանջն է, որին Հայաստանը միացել է դեռ 2004 թվականի փետրվարին: Այսինքն, Հայաստանը, չտալով գործազրկության նպաստ, չի կատարում իր միջազգային պարտավորությունը», - ասում է Տիգրան Սարաֆյանը:  

Որպես ֆիննախի նախկին աշխատակից, նա գտնում է, որ կառավարությունը այսօր ունի բավարար միջոցներ օգնելու դրա կարիքն ունեցողներին:
«Ես առաջարկում եմ, որ գրանցված աշխատողները, ովքեր կուտակային կամ սոցիալական վճարներ են կատարել, կարողանան 6-12 ամիս օգտվել իրենց օգտին կատարված կուտակած միջոցներից, քանի որ օրենքով ամրագրված է, որ դրանք համարվում են տվյալ անձի սեփականությունը: Այդ դեպքում նրանք կկարողանան ստանալ առնվազն 68000 դրամ կամ վերջին աշխատավարձի նկատմամբ որոշակի՝ օրինակ 40-50 տոկոսի չափով գումար, որպես գործազրկության նպաստ, սակայն ոչ պակաս 68000-ից կամ սահմանված նվազագույն աշխատավարձի չափից: Մնացածերին պետք է օգնի պետությունը»: 

«Հրապարակի» հարցին , թե որքան են կազմում կենսաթոշակային ֆոնդերի գումարները, նա պատասխանեց. «Մարտի 19-ի դրությամբ գործող 2 կենսաթոշակային կազմակերպությունների ֆոնդերը միասին կազմել են 259 մլրդ դրամ գումար: Այս թիվը տատանվող է: Գործազրկության ապահովագրության առաջարկվող մեխանիզմը կնպաստի երկրի մակրոտնտեսական կայունացմանը: Այն կպահպանի գնողունակությունը երկրում: Գործազրկության նպաստի կիրառումը իրենից ներկայացնում է մակրոտնտեսական գործիք, այլ ոչ թե միայն սոցիալական պաշտպանության միջոց: Այդպիսով այն անուղղակիորեն կօգնի և գործազուրկներին, և երիտասարդներին»: