Քաղաքապետարանն «արթնացավ թմբիրից»․վերջապես որոշել են նոր աղբավայր կառուցել

Քաղաքապետարանն «արթնացավ թմբիրից»․վերջապես որոշել են նոր աղբավայր կառուցել

Քաղաքապետարանը երեկ հաղորդագրություն է տարածել, որով ազդարարում է՝ բացվել են «Նոր աղբավայրի նախագծում և կառուցում, առկա հին աղբավայրերի փակում և առկա ու նոր աղբավայրերի շահագործում» մրցույթի փաթեթները:

Սա դեռևս Տարոն Մարգարյանի քաղաքապետության ժամանակ, փոխքաղաքապետ Վահե Նիկոյանի կողմից մեկնարկած ծրագիր է, որը Հայկ Մարությանը շուրջ մեկ տարի է՝ քնեցրել էր ու ընթացք չէր տալիս։ Հիմա հանկարծ թմբիրից արթնացան ու որոշեցին զբաղվել այս հարցով։ Մինչդեռ վաղուց պետք է մրցույթը հայտարարած լինեին, բայց ամեն անգամ տարբեր պատճառներով հետաձգվում էր, այդ թվում՝ տարածքային կառավարման և զարգացման նախարարության դանդաղկոտության ու ոչ օպերատիվ գործելու պատճառով։

Մրցույթին մասնակցելու ցանկություն է հայտնել ավելի քան 50 ընկերություն: Սահմանված ժամկետում ներկայացվել է մրցութային 7 փաթեթ, այդ թվում՝ 3 այլընտրանքային առաջարկներով: Մրցույթի այս՝ առաջին փուլում կիրականացվի որակական և տեխնիկական գնահատում, որը կարող է տևել 6 ամսից մինչև 1 տարի: Մրցույթի առաջին փուլը հաղթահարած մասնակիցները կանցնեն հաջորդ փուլ, որտեղ կներկայացնեն գնային առաջարկներ, և ամենացածր գին առաջարկած մասնակիցն էլ կճանաչվի հաղթող:
Մեզ արդեն հայտնի են առաջին փուլը հաղթահարած մասնակիցները։ Նշենք, որ «Սանիթեք» ընկերության հիմնադիրն, օրինակ, մեզ հետ զրույցում ասում էր, որ իրենց հիմնական խնդիրներից մեկը կապված է հենց Նուբարաշենի աղբավայրի հետ, որը դեռևս Տարոն Մարգարյանի օրոք խոստացել էին, որ պետք է կառուցեն, բայց մինչ օրս չէին կառուցում։ Եվ քաղաքապետ Հայկ Մարությանը, փոխանակ օր առաջ զբաղվեր այս խնդրով, զբաղված էր «Սանիթեքի» համար խնդիրներ ստեղծելով և նրան ամեն գնով շուկայից դուրս մղելով։

Ըստ հաղորդագրության՝ ընտրված կազմակերպությունը նախատեսված շինարարական աշխատանքների ավարտից հետո կստանձնի նաև նոր աղբավայրի շահագործումը` 5 տարի ժամկետով:

«Կոշտ թափոնների կառավարման ծրագրով նախատեսվում է Նուբարաշենի առկա աղբավայրի հարակից շուրջ 29 հա տարածքում նախագծել, կառուցել և շահագործել եվրոպական չափանիշներին համապատասխան նոր աղբավայր: Նույն չափորոշիչներին համապատասխան կփակվեն Նուբարաշենում և Աջափնյակում գործող աղբավայրի տարածքները: Այս ամենը ներառում է հիմքերի մեկուսացում, հոսքաջրերի դրենաժային համակարգեր և համապատասխան տարողությունների կառուցում: Նոր աղբավայրն առանձնացված է լինելու ցանկապատով, զինված է լինելու աղբի կշեռքով և անվադողերի լվացման համակարգով, աղբի տոփանման և հարթեցման համար անհրաժեշտ համապատասխան մեքենասարքավորումներով: Կկառուցվեն նաև աղբավայրի պատշաճ մուտք, սպասարկման վարչական շենք, թափոնների, հոսքաջրերի ու վերգետնյա ջրերի վերլուծության լաբորատորիա և այլ ենթակառուցվածքներ»,-ասված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։ 


Ծրագիրն իրականացվելու է դրամաշնորհային միջոցներով, որոնք տրամադրելու են Վերակառուցման և զարգացման բանկը (ՎԶԵԲ), Եվրոպական ներդրումային բանկը և ոչ միայն։ Սա խոշորածավալ ծրագիր է, և եթե քաղաքապետարանը շարունակի նույն դանդաղկոտությամբ ու «պրոֆեսիոնալիզմով» շարժվել առաջ, չի բացառվում մինչև հաջորդ ընտրություններ այս աղբավայրը դեռ կառուցված չլինի։