«Հրապարակ». Ինչու չեն համալրվում ԲԴԽ անդամների թափուր տեղերը

Բարձրագույն դատական խորհրդում այս պահին 3 թափուր տեղ կա, եւ խորհուրդը չի շտապում դրանք համալրել։ Երկու ազատ տեղը Վճռաբեկ դատարան գնացած ԲԴԽ գիտնական անդամեր Հայկ Գրիգորյանի եւ Վիգեն Քոչարյանին տեղերն են, իսկ երրորդը՝ ԲԴԽ նախագահի եւ անդամի պաշտոնից հրաժարված Կարեն Անդրեասյանի տեղն է։
Ամսի 11-ին էին դադարեցվել ԲԴԽ նախագահի լիազորությունները` նա այն 6 բարձրաստիճանների թվում էր, որոնք Փաշինյանի պահանջով ազատման դիմում էին ներկայացրել։ Ճիշտ է` Կարեն Անդրեասյանը հայտարարեց, թե ինքն է իր հեռանալու մասին վարչապետին sms գրել, բայց հետո վարչապետը խոստովանեց, որ իր առաջարկով է դա տեղի ունեցել։ Հասկանալի է, որ ԲԴԽ 7 հոգանոց կազմն ավելի հեշտ է կառավարել, քան 10 հոգանոցը, եւ որքան ավելի քիչ լինեն ԲԴԽ անդամները, այնքան ավելի քիչ գլխացավ կպատճառեն իշխող կուսակցությանը։ Երկրորդ պատճառն էլ, բնականաբար, կադրերի քրոնիկ անբավարարությունն է։ Լավ գիտնականներ, դատավորներ շատ կան, բայց «լավերը» թիմին, իշխանությանը նվիրված չեն, իսկ նրանք, ովքեր ցանկանում են ԲԴԽ անդամ դառնալ ու նվիրված են թիմին, չունեն համապատասխան իմիջ, ինչպես, օրինակ, ՔՊ անդամ, փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը։ Հայտնի է, որ մի խումբ արեւմտամետ ՀԿ-ներ կոչով դիմել են իշխանությանը` պահանջելով չեղարկել ԱԺ նախագահի` Սիրունյանին որպես ԲԴԽ անդամ առաջադրելու թեկնածությունը։ Իսկ այս իշխանությունը, որպես կանոն, ենթարկվում է այդ ՀԿ-ների պահանջներին:
Երբեք նախկինում դատավորների անկախությունն ապահովող ու երաշխավորող անկախ մարմինը` ԲԴԽ-ն, չի եղել այսքան իշխանահպատակ։ 2018 թվականի մինչհեղափոխական ԲԴԽ-ում, որը ղեկավարում էր Գագիկ Հարությունյանը, ընդդիմադիր հայացքներ ունեցող երեք անդամ կար․ Նիկոլ Փաշինյանի կուսակցությունից՝ Սերգեյ Մեղրյանը, Սմբատ Մելիքջանյանը, Հայկ Հովհաննիսյանը, որը Հայկ Մարությանի մոտիկ ընկերն էր՝ մի բան, որ այսօր դժվար է պատկերացնել։ Գահավիժումը սկսվեց այն պահից, երբ իրենց իսկ նշանակած ԲԴԽ նախագահը` Ռուբեն Վարդազարյանը, արդեն «ընդդիմադիր» թվաց եւ չկարողացավ կատարել վերեւից իջեցված հրահանգները: Նրան նախ փոխարինեցին Գագիկ Ջհանգիրյանով, ապա կամաց սկսեցին փոխել ԲԴԽ կազմը, եւ վերջում նշանակվեց նիկոլապաշտ Կարեն Անդրեասյանը, որը չնայած հնազանդորեն կատարում էր իշխանությունների պահանջները, բայց պարզվեց` ինչ-որ հարցում, այնուամենայնիվ, թերացել է:
Կարծիքներ