Ամեն ինչ արվեց, որ Արամ Հարությունյանի ինքնաբացարկի դիմումը չհասնի ԿԸՀ

Ամեն ինչ արվեց, որ Արամ Հարությունյանի ինքնաբացարկի դիմումը չհասնի ԿԸՀ

Երկուշաբթի՝ դեկտեմբերի 27-ին, տեղի է ունենալու Վարդենիս խոշորացված համայնքի նոր ավագանու առաջին նիստը, ընտրվելու է համայնքի ղեկավար: Նիստից երկու-երեք օր առաջ Վարդենիսում բուռն ու ինտրիգային զարգացումներ են ընթանում: 
Նախ, «Միասնական Վարդենիս» դաշինքի առաջին համար, Վարդենիսի նախկին քաղաքապետ Արամ Հարությունյանն ինքնաբացարկ հայտնեց:

ՏԻՄ ընտրության հաջորդ օրը, երբ պարզ դարձավ, որ «Միասնական Վարդենիս» եւ «Ահարոն Խաչատրյան» դաշինքները կոալիցիա են կազմել եւ միասին ՔՊ-ից շատ ձայն ու մանդատ ունեն, դատախազությունը «հիշեց», որ Հարությունյանի դեմ երեք տարի առաջ գործ կար հարուցված: Արամ Հարությունյանը ձերբակալվեց, ապա կալանավորվեց, իսկ ներկայում գտնվում է ԱԱԾ բանտում՝ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում: 

Հասկանալի է, որ նա չպետք է ստանա մանդատը, որ նրա ձայնը չկորի քաղաքապետի ընտրության ժամանակ, ահա ինչու Արամ Հարությունյանն ինքնաբացարկի դիմում ներկայացրեց բերդի ադմինիստրացիային: Վերջինս էլ փորձեց ամեն ինչ անել, որ Հարությունյանի մանդատը վայր դնելու վերաբերյալ դիմումը ուշ հասնի ԿԸՀ, սահմանված ժամկետը խախտվի, ու ընդդիմադիր դաշինքը մնա առանց մի մանդատի: 

«Հարությունյան Արամը կալանավորված էր, նիստի չէր կարող գալ, դրա համար էլ ինքնաբացարկի դիմում գրեց: Իրենք ամեն ինչ արեցին, որ էդ թուղթը չհասնի ընտրական հանձնաժողով: Մեզ քրեակատարողական ծառայությունից ասում են, որ փոստով կուղարկեն: Երկու օր սպասեցինք՝ դիմումը չկա ու չկա: Հետո փաստաբանը գնաց ՔԿՀ, առձեռն գրությունը վերցնելու, որ տանի, հասցնի ԿԸՀ: Մի քիչ էլ այդտեղ ուշացրին, թե սպասեք, ճշտենք, եւ այլն: Վերջապես էդ թուղթը դուրս է գալիս, բերեցինք հանձնաժողով, նոր Արամի մանդատը փոխանցվեց հաջորդ համարին՝ Ջեմարա Վարդանյանին, որը եւ կմասնակցի նիստին:  Փաստորեն, մենք էլի մեծամասնություն մնացինք՝ 14/13»,- ասում է մեր աղբյուրը: 

Ավելի վաղ «Միասնական Վարդենիս» դաշինքը դիմում էր ներկայացրել վարչական դատարան՝ պահանջելով դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում իր ստացած քվեաթերթիկների նոր վերահաշվարկ։ Առաջինը տեղի էր ունեցել ՔՊ-ականների պահանջով, ինչի արդյունքում 6 տեղամասերում դաշինքից 6 քվեաթերթիկ է վերցվել եւ տրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, եւ վերջինիս մանդատներն ավելացել էին մեկով: Դատարանը մերժեց դիմումը: 

Այժմ ամբողջ Վարդենիսը՝ հարակից գյուղերով, շունչը պահած, սպասում է երկուշաբթի օրվա նիստին: Հաջորդ ինտրիգն էլ այն է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները մինչեւ երեկ՝ ուրբաթ օրը, չեն վերցրել իրենց մանդատները, պատճառաբանելով զբաղվածությունը: Ընդդիմադիրները սրանում ինչ-որ նոր խորամանկ հնարք են տեսնում: «Կա՛մ նրանք չեն ուզում պարտվել եւ որոշել են չներկայանալ նիստին, կա՛մ էլ մի բան մոգոնել են, կա՛մ էլ չեն ուզել մեզ հանդիպեն, դրա համար էլ չեկան»,- ասում են դաշինքից: Անգամ մանդատների վրայի նկարները չեն ուղարկել: 

Նշենք, որ Վեդիի տարբերակը, երբ ՔՊ-ն ու նրա դաշնակից «Հանրապետությունը» վայր դրեցին մանդատները, ինչի հաշվին ընտրության ժամանակ քվորում չէր լինի, Վարդենիսում չի անցնի: Այստեղ, անգամ եթե ՔՊ-ն վայր դնի մանդատները, քվորումն ապահովվում է, քանի որ ընդդիմադիրները կեսից ավելի են: 

Ինչո՞ւ մինչ այս պահը մանդատները չեք վերցրել: Հարցն ուղղեցինք ՔՊ առաջին համարին՝ Վարդենիսի քաղաքապետ Արամ Մելքոնյանին: «Դեռ չենք վերցրել, բայց վաղը կվերցնենք»,- պատասխանեց քաղաքապետը: Հիշեցնենք․ նրա մրցակիցը քաղաքապետի ընդդիմության թեկնածու, Տորֆավանի համայնքապետ Ահարոն Խաչատրյանն է: