Շատ անհարմար է, շունչներս կտրվում է

Շատ անհարմար է, շունչներս կտրվում է

Համաճարակային իրավիճակից ելնելով՝ այս տարի ուսումնական գործընթացը մեկնարկեց սեպտեմբերի 14-ից՝ ԿԳՄՍՆ-ի կողմից հրապարակված ուղեցույցի համաձայն։ Չնայած հանրակրթական դպրոցների տնօրեններն ու ուսուցիչները վստահեցնում են, որ ոչ մի երեխա չի ընդվզում դիմակների դեմ, բայց դպրոցների բակերում վազվզող երեխաները ճիշտ հակառակն են փաստում։ Դրանում  համոզվեցինք ինքներս, երբ տեսախցիկով շրջեցինք փոքր կենտրոնի մի քանի դպրոցներով։

Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոց մեզ չհաջողվեց մուտք գործել․ հսկիչը թույլ չտվեց՝ տեղեկացնելով, որ ուսուցիչներից, աշակերտներից եւ սպասարկող անձնակազմից բացի ոչ ոք չի կարող ներս մտնել, կարգն է այդպիսին։ Դպրոցի դարպասների մոտ վաղ առավոտից հերթապահություն էր իրականացվում․ ինչպես վստահեցրին հսկիչները՝ ոչ ոք առանց ջերմաչափվելու դպրոց ներս չի մտնում։ Ու դա այն դեպքում, երբ ընդամենը մի քանի քայլ այն կողմ՝ իրար գլխի խմբված, կանգնած էին ծնողներն ու երեխաները։ Իր թոռնիկին դպրոցի դարպասների մոտ սպասող Գայանե Համբարձումյանի կարծիքով, երեխաների շփումը դժվար է արգելել կամ կանխել։ Ըստ նրա, դիմակից առավել արդյունավետ կլինի, եթե բոլորը կանոնավոր ախտահանեն իրենց ձեռքերը։

«Ինչքան էլ սոցիալական հեռավորություն պահենք, մեկ է՝ եթե վարակը տարածվի, կտարածվի, դիմակները կորոնավիրուսից չեն պաշտպանում, անհեթեթություն են էս դիմակները, շատ անհարմար է, շունչներս կտրվում է, չենք կարողանում շնչել»,- ասում են 9-րդ դասարանցի տղաները, որոնց կարծիքով՝ հեռավար ուսուցումն ավելի լավ կլիներ ու նաեւ՝ առավել անվտանգ։  

Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցի տնօրեն Աննա Եղյանն էլ ասում է, որ կազմակերպչական աշխատանքները դյուրին են տրվել, քանի որ փոքր դպրոց է, ունի 300 աշակերտ, եւ համակարգված են աշխատում, ամեն հարկում մի քանի հերթապահ կա։

Եղյանն ընդգծում է՝ քանի որ երեխաներն իրազեկված են կանոններին, դիմակը նույնիսկ չեն էլ հանում դպրոցում, ինքը 3 անգամ շրջել է դպրոցում եւ հետեւել կանոններին։ Տնօրենը մեզ առաջնորդում է տարբեր դասասենյակներ՝ ցույց տալու, որ ոչինչ չի խոչընդոտում ուսումնական պրոցեսին եւ երեխաներին։ «Առանց դիմակ ոչ մեկը դպրոց չի հաճախում, եւ պատկերացրեք՝ մեծ սիրով դիմակները կրում են, ոչ մի երեխա եւ ոչ մի ծնող դեռ չի ընդվզել»,- ասում է տնօրենն ու ի պատասխան մեր դիտարկմանը, թե բակում աշակերտների մեծ մասն առանց դիմակի էր, նշում է, որ դրանք իրենց աշակերտները չէին կարող լինել, քանի որ նրանք հիմա դասի են։

Դպրոցի մուտքի առաջ հերթապահող ոստիկանը չցանկացավ տեսախցիկի առաջ խոսել, միայն նշեց, որ ըմբռնումով են մոտենում սոցիալական հեռավորությունը չպահպանող եւ դիմակներից արագ ազատվող երեխաներին։ Դեռ ոչ մեկին չեն տուգանել, բավարարվել են հորդորներով։