Երբ Վազգեն Սարգսյանը հարցրեց մեր  տան տեղը, այսպես ասացին․․․

Երբ Վազգեն Սարգսյանը հարցրեց մեր  տան տեղը, այսպես ասացին․․․

Արցախյան առաջին պատերազմի ժամանակ Գորիս քաղաքը հրետակոծության տակ էր։ Մեր տունը սեփական տուն էր՝ քաղաքի կենտրոնում։ Այնքան էր հրետակոծվել, որ մաղ էր դարձել, կլոր անցքեր էին բացվել ու քոռ բուի աչքերով մինչև հիմա վախեցնում է նայողին։ Ամեն ինչ նույնն ենք թողել։ Այգու կողմից որ նայես, հարյուրավոր արկերի անցքեր կան։ 

Գորիս քաղաքը պաշտպանելու համար դրսից կամավորական ջոկատներ էին գալիս։ Մինչև բարձունքներ գնալը մեր տուն էին գալիս՝ ես էի կորդինացնում նրանց սննդի, հագուստի, վրանների հայթայթման աշխատանքը։ Բանակ չունեինք, ով ինչ կարողանում, անում էր։ Քաղաքը մի մարդ դառած օգնում էր կամավորականներին։ 

Վազգեն Սարգսյանը, երբ որպես պետնախարար Գորիս եկավ, ինչ որ բաներ էր ուզում ճշտել։ Իմ տեղն էին ցույց տվել, որ մոբիլիզացնում էր կամավորականների աշխատանքը։ Հրամանատարներից մեկին, ով հաճախ էր մեզ մոտ լինում, -հարցնում է․ 
- Որտե՞ղ է էդ աղջկա տունը։ 
Նա էլ, որ գորիսեցի էր, մեր բարբառով ասում է՝
- Ախպեր, գրադը նստի, թուշ (ուղիղ ) տընիլույա իրանց տոն։ 

Նկատի էր ունեցել այն հանգամանքը, որ ինչքան գրադով խփում էին, մեր տան մոտով էր «էդ անտերը ճեմում, անցնում», ասկոլկեքը ցրելով պատերի վրա։ Շատ էր Վազգենին այդ ֆրազը դուր եկել, անընդհատ, տարբեր առիթներով պատմում էր։ Ինձ էլ որ առաջին անգամ հանդիպեց, ասաց՝ գրադին ճանապարհեցի՞ր․․․

Խնդրեցի, որ մեր տան հրետակոծված պատերից մեկն ուղարկեն, նկարեցին։ Թե որքանով է ստացվել, չգիտեմ։ Ասում են՝ հոնենին ծաղկել է, լավ չի երևում։