Հուշարձանների 70 տոկոսը քաղաքաշինության նախարարության ծրագրերի արդյունքում է ոչնչացվել

Հուշարձանների 70 տոկոսը քաղաքաշինության նախարարության ծրագրերի արդյունքում է ոչնչացվել

Կառավարության նախատեսած փոփոխության համաձայն, մշակույթի նախարարությունը հուշարձանների մասով կցվելու է քաղշին կոմիտեին։

Խնդիրը պարզ է՝ այդ 2 կառույցներն էլ ունեն անձնական հետաքրքրվածություն, եւ առկա է առնվազն շահերի բախում, քանի որ հուշարձանների պահպանությունն այս պարագայում կվերանա, որովհետեւ քաղշինն այն կառույցն է, որի դեմ միշտ աշխատել է հուշարձանների պահպանությունը, բայց հիմա այդ կառույցին են տալու հուշարձանների պահպանությունը։

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանի կարծիքով՝ այս իրավիճակը նման է նրան, որ գառանը տան գայլին, որ պահպանի․ «Մոտավորապես դա է ստացվում։ Ես հենց այս օրերին իմացա, որ հուշարձանների 70 տոկոսը Երեւանում քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական ծրագրերի արդյունքում է ոչնչացվել, եւ հիմա հուշարձանների պահպանությունը տալիս ենք մեկին, որն առյուծի բաժին ունի հուշարձան ոչնչացնելու գործում։ Իհարկե, չենք ասում, որ Վրաստանում նույն կառույցի ներկայացուցիչները հրեշտակներ են, ընդհանրապես, ամեն տեղ դժվար է այս հարցը, բայց քաղաքակիրթ աշխարհում գտնում են ձեւերը, քաղաքաշինական ծավալների զարգացման պատճառով միշտ էլ կորուստներ են արձանագրվում։ Այս փոփոխությունը միանշանակ սխալ է, ժամանակին դա հասկացել են եւ դրա համար են անջատել նախարարությունները, հիմա նորից միացնում են։ Ես չգիտեմ՝ ովքեր են մտածում, ոնց եւ ինչ են մտածում, բայց, միանշանակ, սխալ են մտածում, որ տեսանկյունից էլ նայես, եւ դրա համար պետք չէ մասնագետ լինել։ Գոնե այդ որոշում կայացնողների անուններն իմանանք, ովքե՞ր են այդ խորհրդավոր դեմքերը, ի՞նչ վարագույրների հետեւում են գործում»։

Կարապետյանն ընդգծում է՝ մշակույթի վերջին նախարարների ֆոնին Հասմիկ Պողոսյանն անհամեմատ լուրջ էր, եւ նրա հետ բազմիցս խոսել է հուշարձանների պահպանության մասին․ «Մենք շրջապատված ենք հարեւաններով՝ 4 պետություններով, որոնցից միայն մեկն է բարիդրացիական, մյուսները քողարկված կամ բացահայտ թշնամական են տրամադրված մեր հանդեպ, մեր հայրենիքի մասերը բռնակցված են այդ երկրներին, եւ միայն Իրանն իր կեցվածքով որեւէ մտահոգություն չի առաջացնում, իսկ մյուս 3 երկրները հարուցում են, որոնք պետական ծրագրով ներդրումներ են անում, պատմություն կեղծում, հուշարձանների վերաբերյալ աշխատություններ, գրքեր հրատարակում»։

Պետական մակարդակով մշակութային քաղաքականություն պետք է տարվի, եւ մշակույթի նախարարությունը պետք է հզորացվեր, համալրվեր, իսկ վերը նշված խնդիրներն էլ հաշվի առնելով՝ նոր բաժիններ պետք է բացվեին մշակույթի նախարարության կազմում․ «Մենք չենք կարող անվերջ քարոզչական պատերազմում պարտվել։ Այս փոփոխություններից հետո ավելի է ցածրանալու նախարարության կարգավիճակը, առաքելությունը, լծակները, մինչդեռ պաշտպանության նախարարության պես կարեւորագույն օղակ է մշակույթի նախարարությունը։ Անվերջ շեշտում ենք եւ արդարացի ենք շեշտում, որ նախորդ 3 նախագահների օրոք պետության, ազգային շահը գերակա չէր, ազգային մտածողություն չկար, լավ, բա հիմա ի՞նչ է կատարվում, մեր տունն ենք քանդում»։

Պատմաբան, հնագետ, մշակութաբան Համլետ Պետրոսյանն իր խոսքում ընդգծում է՝ մշակույթի նախարարության վատ լինելը դեռ չի նշանակում, որ պետք է նախարարությունը փակել․ «Կային լուրջ խնդիրներ, եւ ըստ էության մշակույթի նախարարությունը չէր կարողանում այդ խնդիրները լուծել, բայց այդ հանգամանքից ելնելով՝ նախարարությունը փակել կամ միացնել ինչ-որ մեկին, ամենասխալ բանն է, որովհետեւ մշակույթի նախարարությունը նաեւ նշանային նախարարություն է, այն ցույց է տալիս քաղաքակիրթ ժողովրդի կերպարը, նրա ուշադրությունը դեպի իր սեփական մշակույթը։ Այստեղ խնդիրը չի հանգում ֆինանսներին, կազմակերպական ձեւերին, այլ պետք է լինի մշակույթի նախարարություն, որի հիմնական նպատակը պետք է լիներ Հայաստանի մշակութային քաղաքականության, հայեցակարգի մշակումը։ Եթե երկրում չկան մշակութային քաղաքականության հիմքերը, անհասկանալի է, թե ինչով պետք է զբաղվի այդ նախարարությունը։ Կարծում եմ՝ սա դասական քամահրական վերաբերմունք է մշակույթի հանդեպ, այդ ամենը դեռեւս զգացվել է Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, զարմանալի է, որ մշակույթի հանդեպ նման դիրքորոշում ունենում են հենց մշակույթի մարդիկ»։

Պետրոսյանը զավեշտ է համարում հուշարձանների պահպանությունը քաղշին կոմիտեին կցելու հանգամանքը․ «Կարելի էր գոնե ստեղծել հուշարձանների հատուկ վարչություն, որը միանշանակ պետք է անկախ լինի, հուշարձանը բիզնես չէ, եւ այն պահելը մեծ ջանքեր է պահանջում, եւ նման պայմաններում հուշարձանը տալ նրան, ով հակված է հուշարձանը քանդել՝ աբսուրդ է։ Դուք պատկերացրեք՝ ցանկացած մեկը շենք է կառուցում, եւ պարզվում է, որ ինքն իր ֆինանսների 5 տոկոսը պետք է հատկացնի հուշարձաններին, ինչ-որ պեղումների, այսինքն՝ շենքը կառուցողն ինքը պետք է որոշի՝ այդ շենքի տակի կամ կողքի մշակութային ժառանգությունն անհրաժե՞շտ է պահել, թե՞ ոչ։ Սա միանշանակ անընդունելի է, որովհետեւ ժառանգության պահպանությունը պետք է ինքնուրույն լինի եւ որեւէ ենթակայական առնչություն չունենա այն ինստիտուտների հետ, որոնք իրականացնում են լայնամասշտաբ ճարտարապետական աշխատանք, որը ենթադրում է հուշարձանի վնասում»։ 

Ըստ նրա՝ այն, որ մշակույթի նախարարությունը երկար տարիներ եղել է կցորդ ցանազան ծանոթների, հարսների, աղջիկների տեղավորելու, միանշանակ փաստ է, բայց դա դեռ չի նշանակում, որ այնտեղ վատ մասնագետներ կան, եւ պետք է նախարարությունը միավորել։ Պետրոսյանն ասում է՝ դեռ մայիսին, երբ հանդիպել է Լիլիթ Մակունցին, հորդորել է մշակույթի հարցերին լուրջ մոտենալ․ «Ինչքան մշակույթի հարցերին անլուրջ են մոտենում, այնքան անլրջանում է ոլորտը, բայց տեսանք, որ ոչ մի բան էլ չեղավ։ Իսկ Արամի 23-ի պատը փլվեց իրենց պատճառով՝ մշակույթի նախարարության, քաղաքապետարանի, ճարտարապետի անհետեւողական աշխատանքի պատճառով։ Թող գնային իրենց մեջքը դեմ տային, որ պատը չփլվեր, դա իրենց խնդիրն է։ Եթե ամբողջ երկիրը չի կարողանում այդ պատը պահել, թող հրաժարական տան, դա ի՞նչ խնդիր էր, ուղղակի թքած ունեն, եւ ես վախենում եմ, որ վաղը, մյուս օրը նման օրինակները շատ են լինելու»։