Վարչապետ Փաշինյանը ղալաթ է արել․ ինքը շատ հաց ու պանիր պիտի ուտի, որ Պապ թագավորի հետ համեմատվի

Վարչապետ Փաշինյանը ղալաթ է արել․ ինքը շատ հաց ու պանիր պիտի ուտի, որ Պապ թագավորի հետ համեմատվի

Նախօրեին Նիկոլ Փաշինյանը իրեն համեմատել էր Պապ թագավորի հետ՝ հիշատակելով Պապ թագավորի և Հայ Առաքելական եկեղեցու միջև եղած հակասությունները։

Միջազգայնագետ, քաղաքական վերլուծաբան Դավիթ Կարապետյանը «Հրապարակի»‎ հետ զրույցում ասաց, որ սրանք Փաշինյանի կողմից հերթական անտրամաբանական, ոչինչ չասող և մանիպուլյատիվ հայտարարություններն էին։

«Վարչապետ Փաշինյանը ղալաթ է անում, որ իրեն համեմատում է Պապ թագավորի հետ։ Ինքը շատ հաց ու պանիր պետք է ուտի, որ Պապ թագավորի հետ իրեն համեմատի։ Երկրորդը, այո, շարքային մաիպուլյատիվ հայտարարություններ են, որը բնորոշ է միայն վարչապետ Փաշինյանին, որը որ գիտենք ժամանակ առ ժամանակ պաթոսախառը, ժամանակ առ ժամանակ մակաբույծ բառերի շարան է արտաբերում, հիմնականում ընդհանրապես իրականության հետ աղերս չունեցող, ինքնապաշտպանական բնույթի, ինքնագորովանքի խոսքեր են՝ արհեստածին և շինծու բառերով համեմված, որը ոչինչ չի ասում հայ հասարակությանը՝ ուրիշ ոչինչ»‎,-ասաց Կարապետյանը։

Քաղաքական վերլուծաբանը չի տեսնում ադեկվատ մտքեր և խոսքեր, վարչապետի ինստիտուտին վայել բառամթերք ու մտքեր, որոնք  հայ հասարակությունը այս օրհասական ու ծանր ճգնաժամային իրավիճակում պետք է լսեր և ընկալումով մոտենար։ Նման հայտարարությունները նաև պաշտպանողական բնույթի են ու դրանք գերնպատակ են դարձնում իր մեղավորությունը թաքցնել, փորձել իրավիճակները այլ կերպ մեկնաբանել՝ մարդկանց դրանք այլ կերպ հրամցնելու համար։

«Եթե մի վարչապետ վարչապետի դիրքերից ելնելով ասում է՝ չեմ ասի այո, բայց չեմ ասի ոչ, բայց իմ ոչ չասելը հստակ չի նշանակելու այո, հետևաբար՝ ոչ այո, ապա և այո, չգիտեմ ինչ՝ Դուք ի՞նչ եք ակնկալում, այսինքն՝ հայ հասարակությունը պատառոտված մտքերի շարանները լսելով ի՞նչ հետևություններ պետք է անի։ Ի՞նչ կարելի է ընկալել այս պարագայում»‎,- նկատում է վերջինս։

Անդրադառնալով Վրաստանի տարածքային ամբողջականության մասին Փաշինյանի հայտարարությանը, որին բավականին կոշտ անդրադարձել էր Հարավային Օսիայի նախագահը, ասաց, որ սա ևս մանիպուլյատիվ հայտարարություն է։ Պատմականորեն հայերը և Օսեթիան՝ ալանները, ունենք բազմադարյա պատմություն, և բնականաբար, նրանք լավ տիրապետում են հայ ժողովրդի պատմությանը, մենք՝ ալանների պատմությանը։

«Ալանները քաջատեղյակ են հայ ժողովրդի պատմությանը, մենք համատեղ պատմական անցքեր ենք ունեցել, այնպես որ՝ ով-ովքեր, բայց նրանք լավ են տիրապետում հայ ժողովրդի պատմությանը։ Այստեղ խոսելով Վրաստանի տարածքային ամբողջականության մասին, դա ուղիղ խոսում էր Ռուսաստանի Դաշնության էքսպանսիոն օկուպացիոն քաղաքականության մասին, որովհետև այս պահին նրանց վերահսկողության տակ է թե Աբխազիան, թե Հարավային Օսիան։ Այս պարագայում, երբ որ վարչապետ Փաշինյանը խոսում է Վրաստանի տարածքային ամբողջականության մասին, պատմական ինչ-որ ճշմարտության՝ նա ուղիղ տեքստով Ռուսաստանին մեղադրում է օկուպացիայի մեջ,- նկատեց Կարապետյանը։

Բնականաբար հակառուսական տրամադրություններ գեներացնելու և Վրաստանի աչքերում ավելի լավ հարևան երևալու համար է անում Փաշինյանը։ Սա հերթական քաղաքական դեմարշն է։

Հետաքրքրվեցինք, այդ դեպքում, օրինակ, Կոնստանտին Զատուլինի վերջերս արված հայտարարությունը, որ փաստացիորեն, ՌԴ-ն աջակցում է Փաշինյանի քաղաքականությանը, ինչպես է տեղավորվում այդ դեմարշի սահմաններում, ասաց, որ Զատուլինը տարբեր ժամանակահատվածներում տարբեր հայտարարություններով է հանդես եկել, սակայն այս պարագայում Զատուլինի ասածներում կա որոշակի ճշմարտություն։ Հետևաբար, երբ ինքը բարձրաձայնում էր, որ Ռուսաստանն իր մեղքի բաժինն ունի Արցախի կորստի հարցում՝ նա ազնիվ էր։