Փաշինյանը հավերժ չի մնալու երկրի ղեկին, կարևոր էր, որ Արցախի խորհրդարանը գործեց համախմբված

Փաշինյանը հավերժ չի մնալու երկրի ղեկին, կարևոր էր, որ Արցախի խորհրդարանը գործեց համախմբված

Մայիսի 21-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովը արտահերթ նիստ է անցկացրել, որի արդյունքում ԱԺ նախագահ է ընտրվել «Ազատ հայրենիք» խմբակցության պատգամավոր Աշոտ Դանիելյանը։ Նիստը պատգամավորների նախաձեռնությամբ է տեղի ունեցել արտահերթ։ Տեղեկացանք, որ 33 պատգամավորներից 28-ը ներկա է եղել նիստին, եւ 28 կողմ ձայնով խորհրդարանն ունեցել է  նոր նախագահ։ 

Hraparak.am-ի հետ զրույցում արցախցի հասարակական գործիչ, վերլուծաբան Արշակ Աբրահամյանը նշում է, որ գործնական առումով այս փոփոխությունը խիստ անհրաժեշտ էր, որովհետև ներկա փաստացի նախագահ Դավիթ Իշխանյանը գերեվարված է, և անհրաժեշտ էր, որպեսզի ԱԺ-ն ունենա նախագահ, ով կկարողանա իրականացնել խորհրդարանի լիազորությունները։ 

Արշակյանի խոսքով՝ շատ կարևոր հանգամանք է նաև կողմ քվեարկած ձայների քանակը, ինչը վկայում է, որ Արցախի խորհրդարանը գործեց կոնսենսուսով և համախմբված։ 

«Ինչ վերաբերում է ՀՀ ղեկավարների վերաբերմունքին այս գործընթացի հանդեպ, ապա իշխանության տարբեր օղակներից պաշտոնատար անձինք նախկինում արդեն բազմիցս բացասական կարծիքներ են հնչեցրել Արցախի վերաբերյալ, ու ակնհայտ է, որ այս գործընթացներն էլ չեն լինելու բացառություն։ Կարելի է ակնկալել, որ առաջիկայում տարբեր ֆորմատներով կլինեն նրանց արձագանքները։ Սակայն շատ կարևոր է, որպեսզի հասարակության սթափ և գիտակից հատվածը համախմբված աջակցություն հայտնի Արցախի պետական ինստիտուտների պահպանմանը»,-ասաց  Աբրահամյանը՝ ընդգծելով  նաև կարևորը․ 

«Դիվանագիտական առումով այս ամենը նույնպես շատ դրական եմ գնահատում,որովհետև միջազգային գործընկերների և խաղացողների համար ակնհայտ է լինելու, որ իրականության մեջ գոյություն ունեն Արցախի Հանրապետության պետական գործող ինստիտուտներ, որոնք կատարում են իրենց գործառույթները։ Այս համատեքստում, եթե մենք դիտարկում ենք ադրբեջանական կողմի կեղծ օրակարգերը և մեկը մյուսի հետևից ստեղծվող «արևմտյան ադրբեջան» եզրույթի տրամաբանության մեջ խցկված կառույցների ֆորումները, քննարկումները, ՀՀ հանդեպ ակնհայտ տարածքային պահանջներ ունեցող թեզերի հնչեցումները, ապա խիստ անհրաժեշտ էր որպեսզի հայկական դիվանգիտության համար, թեկուզ անգամ այսօրվա իշխանությունների կողմից բռնաճնշումների ենթարկվելու պայմաններում,  Արցախի պետական ինստիտուտները մնային և չկազմաքանդվեին։ Որովհետև բոլորիս համար էլ ակնհայտ է, որ Փաշինյանը հավերժ չի մնալու երկրի ղեկին և հաջորդ իշխանությունը, ովքեր կլինեն պետականամետ մտածելակերպով անձինք, արդեն պատրաստ վիճակում կարող են Արցախի հարցը վերադարձնել օրակարգ և միջազգային հարթակներում ամենաբարձր մակարդակով առաջ մղել Արցախի ժողովրդին և պետականությանը վերաբերվող հարցեր»,- խոսքը եզրափակեց մեր զրուցակիցը։