Գնացքից թռած ունենալու նուրբ արվեստը

Գնացքից թռած ունենալու նուրբ արվեստը

ՔՊ-ի թեկնածուի պարտությունն Աբովյանում ամենեւին էլ Փաշինյանի վերջը չէ, ինչպես փորձում են ներկայացնել ոմանք: Թող ոմանք հանգիստ նստեն տեղները, որովհետեւ, եթե դա լուրջ ձախողում լիներ նրա համար, ապա նա հիմա հերսոտած կլիներ: Իսկ Փաշինյանը շատ հանգիստ է եւ Աբովյանում ու մի շարք այլ համայնքներում ՔՊ-ական թեկնածուների պարտությունները մեկնաբանում է որպես ՏԻՄ ընտրություններում «թավշյա հեղափոխության» ձեռքբերում: Ես Փաշինյանին քննադատելու փոխարեն նրան կոչ կանեի` շարունակել նույն ոգով, քանզի առջեւում Վանաձորի, Գյումրու, Արարատի, Էջմիածնի, Ւջեւանի… Երեւանի ընտրություններն են, ու պետք է ապացուցել, որ «թավշյա հեղափոխությունը» հասել է նաեւ այդ համայնքներ:

Աբովյանի ընտրությունների գիշերը, երբ հայտնի դարձավ, որ գործող քաղաքապետը հաղթել է, Ֆեյսբուքը թնդաց հարցերից. «Ո՞նց կարա Նիկոլն Աբովյանում Գագոյին կրի»: ՔՊ-ականներն էլ տազ էին արել, չգիտեին ինչպես պատասխանել, մինչեւ որ «հեղափոխության» միջնաբերդից հրահանգ եկավ` պարտությունը որպես հաղթանակ ներկայացնելու մասին: Սա արդեն մշակված մարտավարություն է: Չի կարելի ասել` հեղափոխությունը պարտվեց: Հեղափոխությունը, մանավանդ դրա թավշյա տեսակը, միշտ հաղթում է, իսկ նրա առաջնորդը միշտ ճիշտ է ի սկզբանե: Հիշենք թեկուզ Կապանի ընտրությունները, որոնք նույնպես ներկայացվեցին որպես հեղափոխության հաղթանակ: Չի բացառվում, որ վաղը, մյուս օրը հեղափոխությունը նմանատիպ հաղթանակներ արձանագրի Արարատում, Արմավիրում, Շիրակում,  Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում… Երեւանում: Հո չե՞նք կարող ասել` «Նիկոլը ո՞նց կարա Գագոյին կրի…»: Ընդհակառակը, ամեն անգամ պետք է ասել, որ հաղթեցին ժողովրդավարությունը, ազատությունը, թափանցիկությունը, որոնք թավշյա հեղափոխությունն է բերել:

Այս օրերին ինձ շատ է մտահոգում հարցը, թե ի՞նչ է թվում հեղափոխության առաջնորդին` նա կկարողանա՞, օրինակ, Երեւանի ընտրություններում եւս «այսպիսի հաղթանակ» արձանագրելուց հետո խոսել ողջ ժողովրդի անունից: Չմոռանանք, որ Երեւանը հանրապետության կեսն է, իսկ Երեւանին գումարած Աբովյանի նման մի համայնք` արդեն 50+1 տոկոսը: Եվ, ուրեմն, որպեսզի ամեն ինչ նախապես իմանանք, պարոն Փաշինյան, գուցե հենց Հայկ Մարությանի՞ն հանձնարարենք այսպիսի հարցում անցկացնել. «Ո՞ւմ չէիք ընտրի Երեւանի քաղաքապետ, եթե ընտրություններն այս կիրակի լինեին»: Չենք կարծում, որ երեւանցիները երկար կմտածեն պատասխանի վրա:

Անշուշտ, շատերին է հետաքրքրում այն հարցը, թե ինչից են սկսվում հեղափոխությունների «բարոյական հաղթանակները»: Ուրիշների հեղափոխությունների մասին կդժվարանամ որեւէ բան ասել, բայց կարող եմ անգամ փաստերով ապացուցել, որ մեր հեղափոխության բարոյական հաղթանակները սկսվեցին հեղափոխականների անճարակությունից, երկու էշի գարի ջոկել չկարողանալու աննախադեպ ունակությունից, թիմ ասվածի մասին պատկերացում չունենալուց, սեփական ստվերի հետ «յոլա» չգնալուց, հակահեղափոխականության հանդեպ անբացատրելի վախից, հասարակությունը պառակտելու նրանց բացառիկ տաղանդից եւ, իհարկե, նորին մեծություն շատախոսությունից, որ նրանք դրսեւորում են ոչ միայն ներսում (100 ձեռքբերում), այլեւ դրսում` դառնալով ծիծաղի առարկա: Պրոցեսի բոլոր մանրամասները թվարկելու անհրաժեշտություն, կարծում եմ, չկա: Առանց այդ էլ Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի, թե ինչու է ստեպ-ստեպ դիմում «բարոյական հաղթանակներ» արձանագրելու մարտավարությանը:

Հաշվի առնելով Աբովյանի եւ Երեւանի մոտիկությունը, ինչպես նաեւ այն, որ «բարոյական հաղթանակները» խիստ վարակիչ են, հարցը պետք է դնել ուղիղ` ինչպե՞ս կարգավորել (չասենք` կասեցնել) «բարոյական հաղթանակների» այս շքերթը եւ ինչպե՞ս փրկել բուն թավշյա հեղափոխությունը, որը մեկ տարի առաջ ժողովրդին ոտքի էր հանել ոչ թե բարոյական, այլ իրական, շոշափելի, ինչու ոչ` նաեւ նյութական հաղթանակներ տանելու համար: Ես չեմ ասում` ինչպե՞ս փրկենք Փաշինյանին: Փաշինյանի ապագան հայտնի է (ինքը լրագրող է դառնալու), ես հեղափոխության դարդն եմ: Եթե հեղափոխությունն այսքան արագ «վարի տանք», ապա, հասկանալի է, չէ՞, որ ողջ ազգով ենք խայտառակ լինելու` Լոս Անջելեսից մինչեւ Փարիզ, Փարիզից մինչեւ Բեյրութ, Բեյրութից մինչեւ Մոսկվա ու Երեւան. բա ասում էիք` հեղափոխությո՛ւն, հայկական հեղափոխությո՛ւն…

Եվ, ուրեմն, պետք է փրկել հեղափոխությունը: Ինչպե՞ս: Կրկնում եմ` Նիկոլ Փաշինյանն այս հարցում էական դերակատարություն չունի այլեւս: Նա ինչ անելու էր, արել է, եւ, ինչպես ձյունաճերմակ մավրը, կարող է հեռանալ: Հիմա մեր խնդիրը «դուխով» սկսածը «խելքով» վերջացնելն է: Չի կարելի թույլ տալ, որ բարոյական հաղթանակների պատճառով հեղափոխությունը խռխռալով մեռնի: Մեզ պետք են հեղափոխական կտրուկ քայլեր` 1. ԱԺ ոչ էյֆորիկ արտահերթ ընտրություններ, 2. նոր կառավարության ձեւավորում, 3. Հայաստան-Արցախ հարաբերությունների կայծակնային կարգավորում, 4. սուպերվարչապետական համակարգի փլուզում, 5. դատական համակարգի շտապ ռեանիմացիա, 6. անհետաձգելի ներդրումների համար դաշտի ապահովում, 7. սոցիալական խնդիրների հստակ ինվենտարիզացիա, 8. անվտանգության ամրապնդում ամեն գնով եւ այսպես` շարունակ:

Կընդունի՞ Փաշինյանն այս առաջարկը, թե ոչ` չգիտեմ: Իմաստնության հարց կա այստեղ: Հեռանալիս ի՞նչ ասաց Սերժ Սարգսյանը նրա ականջին, եւ կամ` Լեւոն Տեր-Պետրոսյանը նրան չի՞ սովորեցրել գնացքից ճիշտ ժամանակին թռչելու նուրբ արվեստը: Այլապես Փաշինյանին ում հետ ասես այս մեկ տարում չհամեմատեցին. Լենին, Հիլեր, Ստալին… Ինչ է, սպասում ենք, որ Արեւմուտքը նրան Քադաֆի՞ դարձնի… Չէ, եղբայր, ավելի լավ է լրագրող լինի, բայց ողջ-առողջ: