Կեպին եւ Հայաստանը

Կեպին եւ Հայաստանը

Չեմ հիշում, թե որ պահին Նիկոլ Փաշինյանի գլխին հայտնվեց այդ չարաբաստիկ կեպին: Երեւի արդեն մեկ-երկու տարի է: 2018-ի «դուխով» կեպիին, որը հեղափոխության սիմվոլն էր եւ նոր փոփոխությունների մասին էր ավետում, 2020-ից հետո եկավ փոխարինելու միջինասիացու, ադրբեջանցու, գուցե` կինտոյի այդ կեպին, որը տեսնելիս ակամայից այն կրողին ասոցացնում ես մանդարին, սեխ ծախողի, հեռավոր ռեյսերի բեռնատարի վարորդի, բայց ոչ երկրի վարչապետի հետ: Ես չգիտեմ` որեւէ այլ երկրի ղեկավար նման կեպի կրո՞ւմ է արդյոք: Գուցե երբեմն կրում են, բայց ոչ տարվա բոլոր եղանակներին, փակ եւ բաց տարածքներում, պետական այցելություններ կատարելիս: Այդ կեպին իրականում հենց Հայաստանի խորհրդանիշն է` մեր այսօրվա վիճակն ու տրամադրությունները ստույգ բնութագրող:

Տգեղ, ճմրթված, անճաշակ, հագուստին անհամապատասխան, կրողի ֆիզիոնոմիային չսազող, կրողի խեղճությունը, ընկճվածությունը, ձախողվածությունը մատնող: Չգիտեմ՝ քանի հազար մարդ է այս ընթացքում խոսել այդ կեպիի մասին` քննադատել ու ծաղրել այն, խնդրել-աղաչել, որ այլեւս չկրի, առաջարկել ուրիշ գլխարկների տարբերակներ, մեղադրել արարողակարգի աշխատողներին, մերձավորներին, որ չեն համոզում հրաժարվել դրանից: Եվ այն համառությունը, որով Փաշինյանը շարունակում է կրել այդ տգեղ եւ իրեն տգեղացնող, պետության ղեկավարին ոչ սազական գլխարկը, նույնպես շատ խոսուն է ու վկայում է իր սխալների, վրիպումների մեջ անհեթեթ համառության, հանրային կարծիքը հաշվի չառնելու, ակնհայտ բաները չտեսնելու մասին: Այդ կեպին մեր այսօրվա անօգնականության, շփոթվածության, աշխարհի տրենդներից հետ մնալու, մեր հազարամյա «էշը քշելու» մասին է նաեւ վկայում: Այն մասին, թե մեզ ինչքան բան է պակասում` աշխարհի հետ համաքայլ գնալու համար: