Դատարանները շրջափակելու վարչապետի կոչը հակաօրինական չէր

Դատարանները շրջափակելու վարչապետի կոչը հակաօրինական չէր

Այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները փակ հանդիպում են ունեցել Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու Վահե Գրիգորյանի հետ: Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Վահե Գրիգորյանը, խոսելով դատարանների շրջափակման մասին,մասնավորապես այն տեղեկության, թե դա իր գաղափարն է եղել, պատասխանեց․«Դա իմ ոճը չի, ես դրա մեջ վատ բան չեմ տեսնում, բայց դա իմ ոճը չէ: Եթե ինձ հետ պատահի նման բան, ես պիտի խնդրեմ մուտքը բացեն, առաջին հերթին խոսելու եմ մարդկանց հետ: Դա պրակտիկա չէ, ամեն օր չեն գնում խանգարեն դատավորներին: Սա վերջին երկուսուկես տասնամյակի ընթացքում դատական իշխանության նկատմամբ արտահայտված վերաբերմունք է, ես դրա մեջ հնարավորություն եմ տեսել, որպեսզի դատավորները խոսեն մարդկանց հետ, պիտի ողջունեմ դատավորներին, ովքեր դրանից չեն սարքել մեծ գլխացավանք, դրել հալածյալի կերպարանքի մեջ: Կան նաև դատավորներ, որոնք սուր են ընդունել, դա էլ չեմ քննադատում»: 

Նա «ծիծաղելի» որակեց, թե այդպիսով դատարանների վրա ճնշում է գործադրվել․ «Եթե գործադիր իշխանության ղեկավարի կոչով ճնշում կարելի է գործադրել դատական իշխանության վրա, ավելի լուրջ մտահոգվելու առիթ է այդ դատական իշխանությունը: Պիտի դրա վրա կենտրոնանալ»:

Նա, ի պատասխան մեր հարցին, ասաց, որ Փաշինյանի՝ դատարանները շրջափակելու կոչի մեջ հակաօրինական բան չի տեսել: Հարցին՝ տեղեկություններ կան, որ դատարանները շրջափակելու միտքը նա է տվել՝ Վահե Գրիգորյանը պատասխանեց. «Ոչ, դա իմ ոճը չի: Ես դրա մեջ ոչ մի վատ բան չեմ տեսնում, բայց դա իմ ոճը չի հաստատ»: