«Վերնատունը»՝ առանց իշխանափոխության օրակարգի

«Վերնատունը»՝ առանց իշխանափոխության օրակարգի


Երեկ Մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի առաջին համագումարը։ Ակումբի հիմնադիր-նախագահը Հանրային խորհրդի նախագահի պաշտոնից օրերս հրաժարական տված Վազգեն Մանուկյանն է։ Թե այսօրվա «Վերնատունն» ինչով է կրկնելու նախորդ դարի թումանյանական «Վերնատունը», նույն Թումանյանն ու նրա «Վերնատան» մյուս երեւելիները որքանով ուրախ կլինեին տեսնելու, թե ովքեր են այսօր հավաքված նոր Հայաստանի վերնատանը, դժվար է ասել։ Ամեն դեպքում, այն գաղափարական առումով որոշակի ընդհանրություն ունի երբեմնի թիֆլիսյան «Վերնատան» հետ։ Սա էլ, նախորդի նման, հարթակ է՝ միավորելու տարբեր անձանց՝ երկրում ծառացած խնդիրների շուրջ մտորելու, քննարկումներ անցկացնելու։ Այլ հարց է, թե ինչ արժեքային համակարգ էին կրում թումանյանական «Վերնատան» անդամները, եւ ինչ արժեքների կրող են, ինչ անցած ուղի եւ բարոյական նկարագիր ունեն այսօրվա «Վերնատան» ներկայացուցիչները։ Որքանով հասկացանք, հիմնադիր կազմում Վազգեն Մանուկյանն է, Դավիթ Շահնազարյանը, նախկին դաշնակցականներ Աղվան Վարդանյանը, Ռուբիկ Հակոբյանը, ուրիշներ։ Երեկ մեծ թվով հրավիրյալներ կային ամենատարբեր քաղաքական ուժերից՝ հիմնականում այսօրվա իշխանություններից դժգոհ մարդիկ, որոնք պարբերաբար հանդես են գալիս Նիկոլ Փաշինյանին ու նրա իշխանությանն ուղղված քննադատություններով։ Ներկա էին ՀՀԿ-ականներ, ՀՅԴ-ականներ, Ռոբերտ Քոչարյանի աջակիցներ, Զարուհի Փոստանջյանը, Էլինար Վարդանյանը, Վահե Հովհաննիսյանը, քաղաքագետներ, վերլուծաբաններ։

Համագումարի բացումը տրվեց ՀՀ պետական օրհներգով, ապա բացման խոսքով հանդես եկավ Վազգեն Մանուկյանը, որն իր խոսքն սկսեց պատմական ակնարկով, թե ինչ ճանապարհ է անցել հայ ժողովուրդը, ինչ պայքարի բովով եւ հիմա ուր է հասել, ինչ էինք սպասում եւ ինչ ունեցանք։ Հասնելով մեր օրեր՝ Մանուկյանի խոսքը քննադատական շեշտադրումներ ստացավ, գնահատականներ հնչեցին ներկայիս իշխանության հասցեին՝ թվարկելով այն բոլոր խնդիրներն ու արատավոր երեւույթները, որոնց ականատես ենք լինում։ Հաջորդ բանախոսներն էին Դավիթ Շահնազարյանը, Կարեն Բեքարյանը, Հրանտ Մարգարյանը եւ ուրիշներ։ Բոլորը հերթով, ամեն մեկը մի թեմայով, քննադատեցին օրվա իշխանություններին, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, վարած քաղաքականությունը։

Կային նաեւ մարդիկ, որոնք գուցե խոսք ունեին ասելու, բայց չխոսեցին․ քանի որ հավաքի մասնակիցների մեջ շատ էին նախկին իշխանության ներկայացուցիչները, եւ արդեն համացանցը պիտակներ էր փակցնում, ուստի նախընտրեցին ավելի շատ լսողի դերում լինել, ելույթ չունենալ, որ «սեւերի» հետ չասոցացվեն։ Ի դեպ, համաժողովը նոր էր սկսվել, որ ԱԺ փոխխոսնակ, իմքայլական Ալեն Սիմոնյանը հավաքի վերաբերյալ ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարեց, թե մարդիկ, ովքեր ամենախիստ քննադատությամբ են հանդես գալիս իշխանության հասցեին, մեղադրում են իշխանությանը խոսքի ազատության սահմանափակման, ռեպրեսիաների եւ բոլոր մահացու մեղքերի մեջ, նրանցից ոմանք նույնիսկ անցնում են կոռեկտության սահմանն իրենց հարցազրույցներում, այսօր համաժողով են անում մայրաքաղաքի ամենամեծ դահլիճում, եւ այն լուսաբանվում է Հանրայինի եթերով: Ալեն Սիմոնյանը երեւի թե մոռացել էր, որ ո՛չ Համալիրն է իրենց իշխանության սեփականությունը, ո՛չ էլ Հանրային հեռուստաընկերությունն է որեւէ իշխանության սեփականությունը, որ նման միջոցառումների լուսաբանումը դիտվի որպես իշխանության կողմից մեծահոգության դրսեւորում այլ ուժերի նկատմամբ։ Իսկ եթե անցյալում այդ նույն Հանրայինը ծառայել է բացառապես իշխանությանը, դա չի նշանակում, որ այդպես էլ պետք է շարունակվի։
Շուրջ երկու ժամ տեւած քննարկումն ընդհատվեց սուրճի ընդմիջմամբ։ Մինչ «Վերնատան» մասնակիցները կսրճեին, փորձեցինք մի քանի հարց ուղղել ակումբի նախագահ Վազգեն Մանուկյանին՝ տեղեկանալու «Վերնատան» նպատակների, առաքելության, նաեւ ֆինանսավորման աղբյուրների մասին։ Հարցին՝ կարո՞ղ ենք ասել, որ քաղաքականություն է մտնում եւ ապագայում կարող է նաեւ կուսակցություն ձեւավորել, Վազգեն Մանուկյանն ասաց․ «Առաջինը՝ ես ակումբի վերաբերյալ ներկայացրի, որ սա վերկուսակցական ակումբ է, բայց ես նաեւ ԱԺՄ կուսակցության նախագահն եմ, ես անպայման ԱԺՄ-ն նորից վերականգնելու եմ, նախատեսում եմ երեւի գարնան ամիսներին համագումար անել, եւ դա կնշանակի, որ մտել եմ քաղաքական դաշտ»։ Որտեղի՞ց է ֆինանսավորվում «Վերնատունը» հարցին Վազգեն Մանուկյանը հստակ պատասխան չտվեց․ «Եթե խոսքն ակումբի մասին է, ոչ մի գրասենյակ չի օգնում, միայն անհատական է օգնությունը»։ Իսկ կարո՞ղ է հրապարակել ֆինանսավորողների ցանկը․ Վազգեն Մանուկյանը դժվարացավ հարցին հստակ պատասխանել՝ նշելով, որ այս ակումբին վճարումները կատարվում են պաշտոնապես, թե ով է փոխանցել, առաջարկեց բանկերից իմանալ։
Անդրադառնալով իր հասցեին հնչող քննադատություններին, թե ինքը նախկինների հետ է պարբերաբար հանդիպում, Մանուկյանը չհերքեց՝ նշելով, որ ինքը Ռոբերտ Քոչարյանի հետ էլ է հանդիպել, երբ նա կարճ ժամանակով բանտից դուրս էր եկել, Նիկոլ Փաշինյանին էլ է պատրաստ հանդիպել, եթե ցանկանա հանդիպել, մյուսներին էլ։ «Ընդհանրապես, մեջներիցդ հանեք, որ կա ինչ-որ մի չար դաշտ, ու վախենաք էդ դաշտին մոտենալ։ Բոլոր մարդկանց մեջ կա սպիտակը եւ սեւը, բոլոր այդ մարդիկ արել են հերոսություններ եւ բազմաթիվ սխալներ։ Դուք երիտասարդներ եք, թույլ մի՛ տվեք, որ Ձեզ էդպես խաբեն»,- հորդորեց Վազգեն Մանուկյանը։
Ի դեպ, համագումարի հրավիրյալների ցանկում կար նաեւ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, նրա անունով ցուցանակ տեսանք սեղանին, բայց ներկա չէր։ Մանուկյանն ասաց, որ Օհանյանի հետ պայմանավորված էին, բայց նրան հրավիրատոմս չէր հասել, առավոտ շուտ պիտի գար վերցներ, թե ինչու ներկա չէ, չի կարող ասել։ Նշեց, որ իրենք հրավեր էին ուղարկել նաեւ Ազգային ժողովի «Իմ քայլը» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցություններին։

Սակայն մեզ պարզ չդարձավ, թե որն է լինելու «Վերնատան» հիմնական առաքելությունը։ «Ես ասացի արդեն՝ վերկուսակցական, որտեղ մարդիկ կարողանան հավաքվեն, իրար հետ խոսեն, ընդհանուր եզրեր գտնեն»։ Իսկ ի՞նչ է տալու դա հետո։ «Դա Հայաստանին տալու է դրական բաներ»,- թռուցիկ արձագանքեց Վազգեն Մանուկյանը եւ շտապեց դահլիճ։

Նույն հարցը փորձեցինք տալ նաեւ համագումարին ներկա ՀՅԴ ԳՄ անդամ Արմեն Ռուստամյանին, որն ասում էր, թե իշխանության հետ երկխոսություն չի ստացվում, դրա համար իրենք հավաքվել են, որ քննարկեն, խոսեն տարբեր խնդիրների շուրջ։ Ի՞նչ արդյունք կարող են տալ այս քննարկումները, եթե հակառակ ճամբարից մարդ չկա, եւ իրենք միայն համախոհներով են խոսում։ «Քննարկումների արդյունքը՝ հասարակությանը տեղ հասցնել էս գաղափարները, որ մարդիկ նստեն, կշռադատեն, հասկանան՝ որը որից հետո է, ծանրութեթեւ անեն եւ կողմնորոշվեն, դուրս գան էս էյֆորիկ, էքստազային վիճակից։ Այսինքն՝ ինչպես իրենք հասկացան, որ իրենց ձեռքում է իշխանություն պահելու եւ փոխելու բանալին, այդ բանալիից օգտվեն»,- ասաց Ռուստամյանը։

- Վերջնանպատակն իշխանություն փոխե՞լն է լինելու։

- Վերջնանպատակն իրական ժողովրդի իշխանություն հաստատելն է։ Էսօր հաստատվել է վարչախմբի իշխանություն, ովքեր քայլածներն են։

- Այսինքն՝ պետք է ստիպեն, որ Նիկոլ Փաշինյանը փոխի՞ իր մոտեցումները, թե՞ պիտի հենց Նիկոլ Փաշինյանին փոխել։

- Եթե Նիկոլ Փաշինյանն էս ամեն ինչը կտեսնի, կեզրակացնի, որ պետք է փոխի՝ բրավո, ամեն ինչ լավ է, կշարունակենք եւ էս էյֆորիկ վիճակից ժողովրդին կհանենք։

- Նկատի ունեմ՝ իշխանափոխության օրակարգ կարո՞ղ է առաջ քաշվել «Վերնատան» ձեւաչափով։

- Չէ, իշխանափոխության մասին չէ խոսքը, խոսքն էս իրավիճակը շտկելու մեթոդների եւ լուծումների մասին է, որը մենք ներկայացնելու ենք։ Ինչ-որ լուծում կգտնենք, էս ազգը սե՞նց դժվարություններից է դուրս եկել։