Ատլանտայում երկու ոստիկանի ազատել են աշխատանքից՝ սեւամորթ ուսանողների հանդեպ դաժան վերաբերմունքի պատճառով

Ատլանտայում երկու ոստիկանի ազատել են աշխատանքից՝ սեւամորթ ուսանողների հանդեպ դաժան վերաբերմունքի պատճառով

ԱՄՆ Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքի ոստիկանության վարչությունն աշխատանքից ազատել է երկու աշխատակցի, ովքեր դաժան վերաբերմունք են ցուցաբերել սեւամորթ ուսանողների հանդեպ՝ բերման ենթարկելու ժամանակ։ Այս մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը։ Ըստ հաղորդման, շաբաթ օրը տեղի հեռուստաընկերությունները հեռարձակել էին մի տեսանյութ այն մասին, թե ինչպես են իրավապահները կանգնեցնում մի մեքենա, որի մեջ երկու սեւամորթ ուսանողներ են եղել եւ մի աղջիկ։ Ոստիկանները մեքենայից դուրս են քաշել նրանց եւ կիրառել էլեկտրաշոկ։ Թե ինչու են նրանց բերման ենթարկում, չի մանրամասնվել։ Դեպքը տեղի է ունեցել պարետային ժամի հաստատումից 45 րոպե անց։ Ուսանողներին մեղադրանք չի առաջադրվել։ Քաղաքապետն ու քաղաքի ոստիկանապետը դիտել են տեսանյութը եւ եկել այն եզրակացության, որ երիտասարդների հանդեպ չափազանց դաժան վերաբերմունք է ցուցաբերվել, ինչն էլ հիմք է հանդիսացել, որ երկու ոստիկաններին հեռացնեն աշխատանքից։