Անսպասելի շրջադարձ՝ երկրորդ ընթերցումից առաջ

Անսպասելի շրջադարձ՝ երկրորդ ընթերցումից առաջ

«Լուսավոր Հայաստան» կուսակցության հեղինակած աղմկահարույց օրենքի նախագծի քննարկումը երեկ խորհրդարանում անսպասելի շրջադարձ ունեցավ։ Խոսքն «Ազգային անվտանգության մարմիններում», «Ոստիկանությունում ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքներում փոփոխությունների փաթեթի մասին է, որով առաջարկվում է ԱԱԾ տնօրեն ու ոստիկանապետ նշանակել այն անձանց, որոնք համապատասխանում են պատգամավորի համար սահմանված չափանիշներին: Այսինքն՝ այլեւս պարտադիր չի լինելու, որ այս պատասխանատու պաշտոններում նշանակվեն համակարգից համապատասխան փորձառությամբ՝ ստաժով ու կոչումով պաշտոնյաներ, այլ կարող են նշանակվել 25 տարին լրացած այն անձինք, ովքեր 4 տարի Հայաստանում մշտական բնակության տեղեկանք կարող են ներկայացնել։
Տեւական ժամանակ է՝ նախագծի շուրջ բուռն քննարկումներ են ծավալվել։

Քննադատում էին հատկապես ընդդիմադիր ԼՀԿ-ին, նույնիսկ մեղադրում, որ իշխանությունների պատվերով է բերել այս նախագիծը, քանզի ուժայինների ցենզի վերացումը հենց նրան է ձեռնտու՝ ում ուզեն, փողոցից նշանակեն այդ պաշտոններին: Իմքայլականներն էլ երկու ձեռքով ողջունում էին այդ առաջարկությունը։ Արդեն նոր ոստիկանապետի ու ԱԱԾ տնօրենի «փնտրտուք» էր ընթանում կուսակցությունում։ Նախօրեին, օրինակ, մեկը Ֆեյսբուքում առաջարկել էր ՀՀ ոստիկանապետ նշանակել Սիփան Փաշինյանին, քանի որ այս պաշտոնում վարչապետին անչափ նվիրված ու հավատարիմ մարդ է հարկավոր։

Երեկ պետք է կայանար այս օրենքի երկրորդ ընթերցմամբ քվեարկությունը։ Սակայն ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն անսպասելիորեն հայտարարեց. «Առաջարկում ենք խորհրդարանին դեմ քվեարկել այս նախագծին»: Նա ասաց, որ, ճիշտ է, հանձնաժողովում քննարկման ժամանակ կողմ են եղել, հիմա էլ վերահաստատում են իրենց մոտեցումները, որ այս մարմիների ղեկավար կազմում նշանակման ազատականացումն այն լուծումն է, որը հնարավորություն կտա ԱԱԾ-ում եւ ոստիկանության համակարգում ունենալ պրոֆեսիոնալ եւ վստահելի ղեկավար կազմ, սակայն որոշ հանգամանքների պատճառով առաջարկում են դեմ քվեարկել:

Թե ինչու պետք է դեմ քվեարկեն երկու ընթերցում անցած նախագծին, Վլադիմիր Վարդանյանը բացատրեց այսպես․ նիստից հետո օրենքի փոփոխությունների հեղինակի հետ խոսել են, խորհրդակցել, կարծում են, որ այլ կարգավորումներ է նախապատրաստվում, եւ պետք է ամեն ինչ փոխկապակցված լինի: Ապա ասաց, որ պետք է նախագիծը լրամշակեն ու նորից բերեն: Քվեարկությունը կկայանա այսօր։ Ի դեպ, երկրորդ ընթերցման ներկայացված նախագիծը մերժելու դեպքում, սահմանված ընթացակարգի համաձայն, այն «վերադառնում» է առաջին ընթերցման դիրքերին, իսկ դա նշանակում է, որ պատգամավորները երկշաբաթյա ժամկետ են ունենալու՝ վերջնական որոշում կայացնելու համար՝ ընդունո՞ւմ են այն, թե՞ ոչ։

Չի բացառվում, որ երկու շաբաթ անց մերժեն, եւ նախագիծը դուրս գա շրջանառությունից։ Սա նշանակում է, որ կա՛մ իշխանությունները համակարգի ներսում գտել են ԱԱԾ տնօրենի եւ ոստիկանապետի իրենց բավարարող թեկնածուներ, եւ այլեւս անիմաստ է դառնում օրենքի փոփոխությունը, կա՛մ նոր սցենար է մտածվել, որի մասին կիմանանք առաջիկայում։ Ի դեպ, ոստիկանապետի պաշտոնում հնարավոր է նշանակվի ներկայիս պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը, իսկ ԱԱԾ տնօրենի պաշտոնում՝ ԱԱԾ տնտեսական անվտանգության եւ կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի պետ Միքայել Համբարձումյանը, ում հետ Փաշինյանը վերջին շրջանում ուղիղ աշխատում է, եւ ով հնազանդորեն կատարում է վերեւից իջեցված հրահանգները։